Նամակ Ձմեռ պապին կամ ինչ են ակնկալում հայաստանցիները 2012-ից

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | December 30, 2011 14:40

Հաշված օրեր անց պատմության գիրկը կանցնի 2011-ը`նապաստակի կամ կատվի տարին` իր տեղը զիջելով սև վիշապի տարվան: Մինչ ոմանք խոսում են մայաների գուշակությունների ու աշխարհի վերջի մասին, մանուկներն ինքնուրույն կամ ծնողների օգնությամբ իրենց ցանկություններն են հղում Ձմեռ պապին: Մեծահասակներն էլ  մտքում են ցանկություններ պահում` դրանց իրականացման հույսով:

«Անկախը» հարցախույզ է իրականացրել` պարզելու հայաստանցիների նախաամանորյա տրամադրվածությունը և ակնկալիքները գալիք տարվանից:

Սոնա Խաչատրյան – Հույս ունեմ, որ 2012-ը հաջող տարի կլինի իմ և ընտանիքիս համար: Ուզում եմ ավարտել այս տարի կիսատ թողած գործերս, նաև, որ ֆինանսական վիճակս բարելավվի, հանդիպեմ լավ մարդկանց: Ցանկանում եմ անձնական կյանքս բարելավել: Իսկ մեր հայրենակիցներին նախ և առաջ կմաղթեմ հույս ու հավատ. մերոնք շատ հուսալքված են, թող լավատես լինեն:

Տաթևիկ Գրիգորյան – Աշխարհին թող խախանդություն , հացին էժանություն , մահին թանկություն , Հայաստանի ժողովրդին ու աշխարհի բոլոր  հայերին արևշատություն լինի, ծլեն, ծաղկեն, զորանան: Իսկ ինձ համար տարին ինչ էլ բերի` տեր եմ: Հիմնականում առողջություն կցանկանայի:

Անուշ Անանյան – Դեռ մանուկ հասակից Ձմեռ պապից շնիկ եմ ուզում, բայց չի բերում: Այս տարին էլ բացառություն չէ, շուն եմ ուզել, տեսնենք` այս տարի ցանկությունս կկատարվի՞:  Իսկ առաջիկա տարուց լիքը փոփոխություններ եմ սպասում, միշտ էլ Նոր տարուն ինչ-որ հրաշք եմ ակնկալում: Էս անգամ մեծ պլաններ ունեմ, հուսով եմ` կստացվի: Նաև լիքը լավ ընկերներ եմ ուզում գտնել: Իսկ մարդկանց կմաղթեմ մաքուր երազանքներ ու դրանց իրականացում: Այս տարուց գոհ եմ, ամենամեծ նվերս այն եղավ, որ եղբայրս բանակից զորացրվեց:

Արփինե Մանվելյան – 2012-ին դեռ փոքրուց եմ սպասել. այս տարի կատարվելու է իմ երազանքը և ևս բուհ կընդունվեմ: Հուսով եմ, որ վիշապի տարին ինձ կբերի նոր գիտելիքներ, հաջողություններ ու երազանքներիս էլ իրականացում: Բոլորին մաղթում եմ առողջություն, հաջողություն և ամենակարևորը` բարություն:

Սյուզաննա Վարդանյան –  2011-ն ինձ համար լի էր նոր նյութական ձեռքբերումներով , ինչպես նաև կորստով: Նպատակներս մեծ մասամբ իրագործվել են: Առաջիկա տարում ակնկալում եմ առաջընթաց աշխատանքիս ոլորտում, իսկ ազգիս` խաղաղություն ու համախմբում: Մարդկանց կմաղթեմ լինել լավատես, անվերջ փնովելու փոխարեն թող փորձեն նախ և առաջ փոխել իրենց կյանքն ու նպաստեն պետության բարօրությանը:

Նարեկ Մամիկոնյան – Այս տարի հիմնականում բոլոր նպատակներիս հասել եմ, բայց գոհ չեմ. գլխավոր նպատակս դեռ իրագործված չէ, ուզում եմ արտերկիր մեկնել: Հաջորդ տարի ակնկալում եմ, որ աշխատավարձս բարձրանա, առողջությունս էլ բարելավվի:  Բոլորին մաղթում եմ առողջություն:

Վահագն Դաբաղյան – Որպես ՀՀ քաղաքացի` ակնկալում եմ` 2012-ին մեր երկրում լինեն այնպիսի ընտրություններ, որ խոստանում են իշխանությունները: Նաև ակնկալում եմ, որ մեր պետությունը կամ ավելի ճիշտ` իշխանությունները կապահովեն հավասար մրցակցային հնարավորություններ տնտեսական դաշտում, որպեսզի մեր երկրից կապիտալի արտահոսք չլինի, և հաջողակ գործարարները չլքեն երկիրը: Եթե մեր երկրի ներկան չի համապատասխանում մեր ակնկալիքներին, ապա չվնասենք կամ փայփայենք մեր երկրի ապագան` հանրակրթական դպրոցները` իրենց աշակերտներով: Հանրակրթական դպրոցներում դասավանդող վախվորած, ոչ որակյսլ կրթություն մատուցող և նորմալ չվարձատրվող ուսուցիչներ ունենալով` չենք կարող ունենալ իրենց իրավունքների համար պայքարող, առողջ հոգեբանությամբ և կրթված քաղաքացիներ: Ուստի նոր տարում ակնկալում եմ, որ հանրակրթական դպրոցների նկատմամբ կլինեն իրական ուշադրություն և արդյունավետ փոփոխություններ:

Իսկ 2011-ից  ընդհանուր առմամբ գոհ եմ: Չնայած առկա դժվարություններին` մեր ժողովուրդը կարողացավ դրանց դեմ պայքարել խաղաղ պայմաններում: Մի քիչ ավելի ժողովրդավար դարձանք: Ես հատկապես նկատի ունեմ, որ բնապահպանական որոշ խնդիրների կապակցությամբ քաղաքացիական հասարակության ձայնը հասանելի դարձավ: Թեև այս ոլորտում ունենք հին ու նոր մարտահրավերներ: Ժողովրդավարության այդ «մի քիչը»  հնարավոր դարձավ առաջին հերթին պայքարող քաղաքացիների շնորհիվ, և  հույս ունեմ, որ նոր տարում այս առումով, եթե ոչ առաջընթաց, գոնե նահանջ չենք արձանագրի:

Զառա Բաթոյան – Քանի որ ընտրական տարի է լինելու, ինձ համար պարզապես երազանք է խաղաղ մթնոլորտը երկրում,   երազանք է նաև, որ ԶԼՄ-ներում աղբն ու բամբասանքը գոնե մի քիչ նվազեն: Ուզում եմ, որ մարդիկ սիրեն իրար  ու չվախենան որևէ կարծիք արտահայտելուց միայն այն պատճառով, որ իրենց չհալածեն այլակարծության համար, ուզում եմ, որ ամեն մարդ իր տեղում բարեխիղճ աշխատի, ուզում եմ, որ ամեն մի փոքր հարցի համար անհրաժեշտ չլինի ակցիաներ կազմակերպել,  և պայքարելիս էլ մարդիկ պայքարեն հանուն, ոչ թե ընդդեմ:

Հակոբ Սամվելյան – Ուզում եմ, որ Աստված ամեն մարդուն իր սրտի չափով տա:

Արփի Հարությունյան–  Ուզում եմ, որ 2012-ին մեր սահմանները խաղաղ լինեն, բանակում և ոչ մի իրավիճակում զինվոր չզոհվի, գյուղացին լավ բերք ունենա, քաղաքացին` արժանապատիվ աշխատանք` նույնպիսի վարձատրությամբ: Տարեցներն ապահով ծերություն ունենան, երեխաները` անհոգ մանկություն: Ամենակարևորը` Ձմեռ պապից ուզում եմ, որ օրենքի առաջ բոլորին հավասար իրավունքներ տա:

Գայանե Նազարյան – Ձմեռ պապիկից խաղաղություն եմ ուզում,  խաղաղություն հոգիներին: Առաջին հերթին, բնականաբար, իմ ու շրջապատիս, հետո նոր` բոլորի: 2011-ին եմ հասկացել, թե դա որքա՜ն կարևոր է. երջանկության հիմքն է, ներդաշնակության նախորդ քայլը:

Ուզում եմ` փոքրիկ բալիկները տխրելու ու լացելու առիթ չունենան, ուզում եմ` մեր մանկատներից մի քանիսը փակվեն սաներ չունենալու պատճառով, ու ուզում եմ` իմ բալիկը միշտ, միշտ ժպտա:

 

Դիտվել է 2156 անգամ:
Print Friendly

Leave a Reply