Ամանորյա ձևավորում, նորաձև սանրվածք, հագուստ ու զարդեր. Վիշապին չմոռանաք

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Նորաձևություն, Շաբաթվա լուր | | December 28, 2011 14:01

Խորհրդային տարիներին Նոր տարվա ձևավորումը սահմանափակվում էր տոնածառով և գույնզգույն փայլերով: Այսօր ձևավորման համար հատուկ խանութներ գոյություն ունեն, որտեղից կարելի է գնել ամենաբազմազան տոնական զարդեր ու աքսեսուարներ: Եվ եթե կա այդ հնարավորությունը, ինչո՞ւ չօգտվել դրանից: Այնպես որ ջանք մի խնայեք ձեր շուրջը ստեղծել տոնական մթնոլորտ` օգտվելով զանազան ու զարմանազան տոնական զարդարանքի պարագաներից:

Հիշեք ամենակարևորը. 2012-ը Ջրային վիշապի տարի է, որը սիրում է ջուր և շողշողացող, փայլող ամեն բան: Տոնական սեղանին այս տարի ցանկալի է ջուր դնել. կարելի է լայն, թափանցիկ ափսեի մեջ ջուր լցնել և վրան մի քանի մոմ դնել, որոնք կվառվեն և ջրի վրա կլողան: Դա ոչ միայն շատ տպավորիչ կդարձնի ձեր սեղանը, այլև շատ դուր կգա Վիշապին: Իսկ տան տարբեր հատվածներ կարող եք զարդարել արծաթագույն անձրևներով, ոսկեգույն փայլերով, վիշապի արձանիկներով ու խաղալիքներով:

Տոնական սեղանը կարելի է զարդարել ծովային ոճով: Դրա համար անհրաժեշտ է ընտրել կապույտ սփռոց, սպիտակ և կապույտ երանգներով սպասք, սեղանին դնել խխունջներ, ինչպես նաև տարվա խորհրդանիշի` Վիշապի արձանիկներ: Ի դեպ, ցանկալի է, որ դրանք լինեն կա՛մ փայտից, կա՛մ հախճապակուց, կա՛մ կավից, բայց ոչ ոսկուց կամ այլ մետաղից:  Ծովային ոճի զարդարանքի դեպքում պետք է նույն ոճի տոնածառ ընտրել` արծաթափայլ արհեստական կամ բնական եղևնի` սպիտակ և կապույտ խաղալիքներով ու փայլերով:

Եթե հաշվի առնենք, որ Վիշապի հայրենիքը Արևելքն է, ապա տոնական ձևավորումը կարելի է նաև վառ գույներով ապահովել` կարմիր, ոսկեգույն, կանաչ: Ի դեպ, լավ գաղափար է տոնածառը և տունը չինական լապտերներով զարդարելը: 2012-ը դիմավորելիս չպետք է մոռանալ կրակը. դա կարող է լինել վառվող մոմի տեսքով, տնային հրավառությամբ, կրակով մատուցվող ուտեստով և այլն:

Պատուհանի ապակիները կարելի է զարդարել ոսկեգույն կամ արծաթափայլ նախշերով, փաթիլներով և թափվող անձրևներով, իսկ երեխաների համար մի մոռացեք Ձմեռ պապի նկարը:

Ի՞նչ հագնել Նոր տարվա գիշերը

Նորաձև հագուստ ընտրելիս կնկատեք, որ գերիշխող գույներն են դեղինը, ոսկեգույնը, կարմիրը, կապույտը, փիրուզագույնը և այդ ամենը` սևի համադրությամբ:

Հատկապես նորաձև է սևի և կապույտի համադրությունը: Կարող եք ընտրել երկար, կապույտ մետաքսյա զգեստ` հաստ, սև մետաքսյա գոտիով` կապված գեղեցիկ հանգույցով:

Նրանք, ովքեր Վիշապի տարում են ծնվել, շքեղության հակում ունեն: Նրանք առանց դրա պարզապես ապրել չեն կարող: Ուստի հատկապես նրանց խորհուրդ է տրվում այս տարին դիմավորել առանձնահատուկ շքեղության պայմաններում, իսկ հագուստն ընտրելիս հաշվի առնել բնական հումքն ու որակը: Շատ շքեղ կլինեն հատկապես թավշյա սև գեստը կամ փայլուն մետաքսե նուրբ զգեստը:

Այս տարի պոդիումներում հաճախ կարելի էր տեսնել կապույտ, փիրուզագույն կամ արծաթափայլ երանգներով փայլփլուն, թափվող զգեստներ, որոնք ծովի ալիքներ են հիշեցնում: Դա ամենևին էլ պատահական չէ. համաշխարհային դիզայներները նորաձևության միտումները նախանշելիս հաշվի էին առել տարվա խորհրդանիշը համարվող Ջրային վիշապին: Քիչ չէին նաև ջրահարսի պոչի ոճով զգեստները, որոնցով մոդելներն իսկական ջրահարսերի էին նմանվում:

Զարդեր

2012-ին զարդերի մեջ ևս կիշխի վիշապը: Վիշապի տեսքով ոսկյա, արծաթյա, պլատինե զարդերն այս տարվա արդուզարդի անբաժանելի մասն են: Եթե մատանի, ապա վիշապի գլուխ հիշեցնող գլխիկով, եթե ապարանջան, ապա օձաձև պարուրված բազուկին: Վիշապի կերպարով ականջողեր և վզնոցներ, ինչպես նաև նույն մոտիվներով կրծքազարդեր` պատված զանազան փայլփլուն քարերով:  Ի դեպ, նորաձև են ադամանդը, վիշապի աչքը, որը ոչ թանկարժեք քար է` շագանակակարմրավուն երանգով, ինչպես նաև վիշապի ավանդական քարերը` ծիածանաքարը, սաթը, քաղկեդոնը և շափյուղան: Այս քարերով զարդեր ընտրելիս դուք ոչ միայն նորաձև ու գեղեցիկ կլինեք, այլև հաջողությունը ձեր ուղեկիցը կլինի:

Կոշիկ

Եթե անգամ որոշել եք Նոր տարին դիմավորել հեռուստացույցի առջև, լավ կլինի դա անել ոչ թե հողաթափերով, այլ կոշիկներով: Սակայն կոշիկն էլ պետք է համահունչ լինի տարվա խորհրդանիշ համարվող Վիշապին: Եվ այսպես, գույնզգույն, թիթեռնիկներով կամ և ծաղկային զարդանախշերով կոշիկները թողեք գարնանային օրերին: Իսկ Վիշապի տարին դիմավորեք օձի կաշվից, լաքապատ, փայլփլուն կոշիկներով: Կոշիկների դեպքում ևս հիմնական գույներն են արծաթափայլը, ոսկեգույնը, դեղինը: Հիշեք, որ ոսկեգույնը Վիշապի տարերքն է: Քանի որ այս տարի Ջրային վիշապի տարի է, շատ նորաոճ են մետաղական արծաթագույն կոշիկները:

Ամանորյա նորաձև սանրվածքներ

Հայտնի է, որ դեկտեմբերի 31-ին անգամ անձնական վարսավիրի մոտ ազատ ժամանակ գտնելը գրեթե բացառված է, եթե նախապես չեք պայմանավորվել: Բացի դրանից, այդ օրերին աճում են սանրվածքների գները: Եվ եթե երկու դեպքում էլ ունեք խնդիր, մի մտահոգվեք. նորաձև սանրվածք կարելի է  ունենալ անգամ տնային պայմաններում:

Միջին երկարության մազեր ունեցողներին խորհուրդ է տրվում մազերի ծայրը թեթևակի գանգրացնել, իսկ մազարմատը բարձրացնել: Դա պարզ, միաժամանակ յուրօրինակ սանրվածք է: Երկար մազեր ունեցողները կարող են մազերն ալիքաձև հարդարել, ինչը շատ համահունչ է Ջրային վիշապի կերպարին: Կարելի է նաև մազերն ալիքաձև հարդարել և կապել: Նորաձև են նաև հյուսքերը` հատկապես տեղ-տեղ արված:

Այս տարի նորաձև է նաև Ժակլին Քենեդու սանրվածքի ոճը: Եթե ունեք համապատասխան փարթամ մազեր և համապատասխան երկարություն, ապա մի վարանեք, ընտրեք այդ գեղեցիկ, հմայիչ և բոլոր ժամանակներում նորաձև կնոջ սանրվածքը:

Երկար մազեր և ճակատի մազափունջ ունեցողներին խորհուրդ է տրվում մազերի ծայրերը ոլորել, գանգրացնել կամ ալիքաձև հարդարել, իսկ վերնամասը մազափնջի հետ միասին թողնել ուղիղ:

Ամանորյա գիշերվա լավագույն սանրվածքներից է նաև խոպոպներով հարդարանքը, ինչը կարելի է անել հատուկ սարքի միջոցով:

Տոնական տեսքն ավելի շքեղ դարձնելու համար մազերի մեջ խրեք փայլփլուն մազակալներ: Եթե դրանք փայլող վիշապներ լինեն, շատ ավելի լավ:

Մի խոսքով, Ջրային վիշապի տարին դիմավորեք հնարավորինս շքեղ միջավայրում և շքեղ արդուզարդով ու հիշեք` Վիշապի տարերքը կրակն է: Այդ օրը եղեք կրակոտ ու կրքոտ, որպեսզի չնեղացնեք Վիշապին և հաջողությունը ձեզնից չվանեք:

 

 

 

Դիտվել է 7550 անգամ:
Print Friendly

Leave a Reply