Չափավոր կերեք, որ անուշ լինի. խորհուրդ է տալիս մասնագետը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | January 1, 2012 7:46

Թեև ամեն քայլափոխի կարող ես հանդիպել շուկայական գներից բողոքող մարդկանց, ամանորյա գնումները մեծ թափ են ստանում: Գնումներին զուգահեռ  տանտիկիններն արդեն  սկսել են նաև ամանորյա նախապատրաստությունները: Նրանցից շատերը նույնիսկ տարատեսակ ուտեստների պատրաստման առաջին փուլում են: «Բա, հիմա անենք, որ հունվարի 1-2-ին շատ ժամանակ չի լինի, որ սարքենք. խոզի բուդը, օրինակ, արդեն դրել եմ` եփի, խմորեղենն էլ  պատրաստում եմ: Տոլման ամսի 30-ին կպատրաստեմ, մինչև հունվարի 3-4-ը կհերիքի, հետո էլի կսարքեմ»,- բացատրում է մեր համաքաղաքացիներից  տիկին Աշխենը: Նրա խոսքով` իրենց տուն ամեն տարի այնքան մարդ է գալիս-գնում, որ ժամանակ չի լինում  ուտեստները հընթացս պատրաստելու համար:

Գուցե այդ պատճառով է, որ տոն օրերին թունավորման դեպքերը կտրուկ շատանում են: Տիկին Աշխենը միայն ժպտում է:

«Էականն այն է, թե ինչ վաղեմության սնունդ ենք ընդունում: Սովորական օրերին մենք սնունդն այդքան շատ չենք պահում.  ձուն, օրինակ,  եփած վիճակում երկար ժամանակ չենք պահում, ինչո՞ւ ենք նման բացառություն անում տոն օրերին»,- ասում է թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգ,  բժշկական համալսարանի  թերապիայի թիվ 2 ամբիոնի ասիստենտ,  Սրբուհի Թարխանյանը:  Նրա խոսքով`  նույն կերպ ենք վարվում նաև  աղցանների ու խմորեղենի դեպքում, ընդ որում, եթե արտաքին տվյալներից (հոտից, տեսքից) կարող ենք հասկանալ աղցանը պիտանի չէ ուտելու համար, ապա տորթերի ու խմորեղենի դեպքում դա որոշելն ավելի դժվար է, քանի որ արտաքինից կարող է չերևալ, որ այն արդեն հին է: «Ի դեպ, բազմաթիվ միկրոօրգանիզմների համար կրեմը շատ լավ միջավայր է»,-հիշեցնում է մասնագետը:

Հնում  Ամանորին  պատրաստում էին, օրինակ, պասուց տոլմա, գաթա և այլ կերակրատեսակներ, որոնք  կարելի է պահել երկար ժամանակ և խուսափել թունավորումներից: Հիմա, սակայն, հակառակը, հայ տանտիկինները գերադասում են իրենց սեղաններին անպայման տեսնել, օրինակ, խոզի բուդ,  որը կարծես դառնում է  նույնիսկ ավանդական ուտեստ: «Խոզի բուդն, այո, հիմա շատ «մոդայիկ» է, սակայն այն  նույնպես չի կարելի պահել երկար,  մանավանդ որ խոր շերտերը հիմնականում լավ չեն եփվում: Մատուցելիս  գոնե պետք է տապակել:

Բնականաբար, Ամանորին հայերս անպայման տոլմա ենք պատրաստում: Ավանդական տոլման պատրաստում ենք աղացած մսով, իսկ այն ևս, ինչպես բացատրում է գաստրոէնտերոլոգը, միկրոբների համար ամենահարմար միջավայրն է, և ողջ աշխարհում ամենաշատ  սննդային թունավորումները պատահում են հենց աղացած մսից: Նույնը վերաբերում է նաև  նրբաբլիթներին. «Ընդհանրապես աղացած մսից պատրաստված բոլոր ուտեստները պետք է ուտել հենց նույն օրը կամ, ամենաշատը` հաջորդ օրը: Պատրաստված ուտեստներն էլ պետք է պահել ոչ թե ուղղակի սառը միջավայրում, այլ հատուկ սառեցնել»:

Ամանորին շատերս չարաշահում ենք նաև ուտելիքի քանակը. «Մարդիկ կան, որ տնետուն գնում, ամեն տանն ուտում են, խմում, իսկ մարսողական համակարգը չի հասցնում մեծ քանակությամբ սնունդ մարսել: Սնունդը պետք է լինի չափավոր, ստամոքսի ծավալից ոչ մեծ: Բացի այդ, պետք է նաև լավ ծամել, հետևել քանակին:

Ամանորին աշխատեք քիչ խմել նաև  հյութեր, հատկապես անհայտ ծագման: Երբ մարդ ուտում է, ապա խմում գազավորված տարատեսակ հյութեր` «նստացնելու» նպատակով, ուտելիքը չի հասցնում տեղափոխվել տասներկումատնյա աղիք, ստամոքսի պատերը ձգվում են,  և բնականաբար, մարդ պետք է փսխի, որ ստամոքսը դատարկվի»:

Ս. Թարխանյանը խորհուրդ է տալիս ուտելու ընթացքում հեղուկներ չօգտագործել, եթե նույնիսկ պահանջը զգացվում է, ինչն էլ  գալիս է նրանից, որ մենք ուտելիս լավ չենք ծամում. լավ ծամելու դեպքում հեղուկի կարիք չի լինի:

Ամանորին զգալիորեն շատանում են նաև  ալկոհոլային թունավորումների դեպքերը: Իհարկե, հնարավոր չէ վերահսկել այն ամենի որակը, ինչ մենք խմում ենք, սակայն գոնե մեր օրգանիզմը հարգելու ու չափի մասին չպետք է մոռանանք, որպեսզի տոն օրերին տոնական տրամադրություն ունենանք. «Չափավոր կերեք, որ անուշ լինի. հարգեք ձեր օրգանիզմը»,- խորհուրդ է տալիս բժշկուհին:

Մարիամ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ

 

 

Դիտվել է 2118 անգամ:
Print Friendly

Leave a Reply