Հագուստ գնելը, ծնունդ անելը, միս ուտելը շքեղություն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | January 8, 2012 7:00

Պարզվում է շատ մարդիկ կան, որ այսպես են ապրում մեր երկրում, ու ստիպված են «պարտքով» Նոր տարի անել

Քաղաքակիրթ երկրներին գնահատական տալիս սովորաբար հաշվի են առնում այն հանգամանքը, թե այդ երկրում ինչպես են ապրում ծերերն ու երեխաները: Օրինաչափ հաշվարկը ենթադրում է, որ երկրում ծերերը պետք է ապահով լինեն, իսկ երեխաները` ուրախ

2011-ն անցավ կայծակնային արագությամբ: Հասարակությունն անգամ չհասցրեց աչքը թարթել, ու արդեն մոտենում է Ամանորը:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամն այս խորապատկերում մեր բնակչության ծերացման ու ապրուստի մասին մի լուրջ հետազոտություն էր արել և եկել էր այն եզրակացության, որ 5-6 տարի հետո Հայաստանը դառնալու է 20-տոկոսանոց ծերացող երկիր: Այդ հետազոտությունն արվել էր 2009-ին, ընդ որում` Հայաստանում առաջին անգամ,  և պարզ պատկերացում կարելի էր կազմել, թե ինչ սոցիալական պայմաններում է ապրել այդ ժամանակ մեր բնակչությունը, քանիսը չեն կարողացել կոմունալ վճարումները կատարել, մայրաքաղաքում քանի մարդ չի ունեցել գունավոր հեռուստացույց, սառնարան, ֆիքսված հեռախոսակապ կամ բջջային հեռախոս:

Նշենք, որ այդ ամենն ուսումնասիրելիս ուշադրություն էր դարձվել այն ընտանիքներին, որտեղ ապրում են 50-ից բարձր տարիքի մարդիկ, այսինքն` բնակչության այն խավը, որը հիմնականում կենսաթոշակ է ստանում ու լուրջ խնամքի, հոգածության կարիք ունի:

Այս ընթացքում մեր երկիրը աղքատության, գործազրկության կրճատում չի ունեցել, միայն մի քանի հազար դրամով ավելացել են թոշակները, բայց դրան զուգահեռ արձանագրվել է գնաճ, ավելացել է նաև ճգնաժամի ազդեցությունը, ուստի հստակ կարելի է ասել, որ այդ պայմաններում հազիվ թե այդ ընտանիքները, սննդի և կենցաղային խնդիրները լուծելուց բացի,  կարողանային նոր հեռուստացույց կամ լվացքի մեքենա գնել, ֆինանսապես կայունություն ձեռք բերել, աշխատանք գտնել:

Իսկ պատկերը, ըստ հետազոտության, շատ տխուր է: Շատ ընտանիքներ նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքներ չունեն իրենց տանը, չեն օգտվում հեռախոսից,  իսկ միկրոալիքային վառարանը, համակարգիչը, տաք ջրի համակարգը ճոխություն  են և շատերի համար բարեկեցության խորհրդանիշ:

Այսպես, քաղաքային բնակավայրերում` հատկապես Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում ու Սյունիքում, լարային հեռախոս ունի բնակչության 79%-ը, իսկ Լոռու, Շիրակի, Արագածոտնի գյուղական վայրերում ֆիքսված հեռախոսակապով ապահովված է 39%-ը: Գունավոր հեռուստացույց ունի ընդհանուր բնակչության 94%-ը, սառնարան` 92%-ը, բջջային հեռախոս` 62%-ը: Բնակչության մոտ 30%-ը ստիպված է ձեռքով լվացք անել, որովհետև լվացքի մեքենա չունի: Ըստ այդմ, ավելի վատ են, այսպես ասած, «ճոխ» ապրանքների մասին տվյալները. տաք ջրի համակարգ՝ 17%, խոհանոցային կոմբայն՝ 10%, աման լվացող մեքենա` 1,71%:

Երևանի բնակչության 88%-ը տնտեսությունը վարում է մեծ դժվարությամբ, և միայն 1,1%-ին է հաջողվում համեմատաբար հեշտ ապրել:

«Անկախի» անցկացրած փոքրիկ հետազոտությունը տխուր պատկեր արձանագրեց: Հարցմանը մասնակցեց միջին և բարձր տարիքի ավելի քան100 քաղաքացի: 100-ից 65 հարցվածներն ասացին, որ միս քիչ են ուտում, հագուստ համարյա չեն գնում, հյուր էլ չեն գնում, փող չունեն: 31-ն ասացին, որ ընդամենը յոլա են գնում, ոչ ավելի: Համենայն դեպս, սրճարաններում ու ռեստորաններում ժամանակ չեն անցկացնում, նրանցից միայն 4-ն ասացին, որ կարող են իրենց թույլ տալ Ամանորն անցկացնել, օրինակ, Հայաստանից դուրս:

– Ես ապրում եմ Երևանում, ամուսնուս հետ, երեխաներս դրսում են: Շատ չեմ բողոքում, բայց, դե, Ամանորին այնպես չեմ սպասում, ինչպես ջահել ժամանակ: Սովորական կարտոֆիլի կամ էլ փլավի կողքին ավելանում է մի քանի աղցան, ոչ ավելի: Ցույց տալու բան չունեմ, միջոցներն էլ սուղ են: Իսկ այս օրերին ինձնից լավ գիտեք, թե ինչ գներ են շուկաներում ու մեծ խանութներում,- ասում է տիկին Ջեմման:- Մի տարի եղավ, որ մենակ փլավ եմ դրել սեղանին, բան չկար, բայց ոչ մի բան չպատահեց, չամաչեցի, քանի որ հնարավորություններս այդքան էին:

Այն, որ մարդիկ թե՛ մայրաքաղաքում, թե՛, առավել ևս, մարզերում վճարունակ չեն, ցույց են տալիս հետազոտության բոլոր ցուցանիշները: Մեր բնակչության 70 տոկոսից ավելին չի կարողանում օրումեջ միս, հավ կամ ձկնեղեն ուտել: Ավելին, եթե հարցում կատարվեր ամսվա կտրվածքով, դարձյալ կպարզվեր, որ բնակչության մի ստվար զանգված իր ընտանիքում մսեղեն է տեսնում Ամանորին կամ հատուկ տոն օրերին:

Խնձորեսկցի տիկին Ռիման ասում է, որ չի սիրում Ամանորը, որովհետև ստիպված է լինում «պարտքով» Նոր տարի անել:

– Ես մինչև էսօր չհասկացա, թե ինչի պետք ա իմ սեղանը զարդարած լինի բդով ու դրան հաջորդած ամեն ինչով: Մի քիչ ավելի «նեղ» հնարավոր չի՞,- զայրանում է նա ու շարունակում,-դե, ուսանող էրեխեք ունենք տանը, հարսս նոր ա եկել, ուզում ա Նոր տարին շախով-շուխով անել, ես էլ բան չեմ ասում, ջահել են: Ստիպված պարտք եմ անում, որ լավ սեղան գցենք:

Տիկին Ռիմայի օրինակով շատ-շատերն են այսօր պարտք վերցնում, որ Նոր տարվա սեղանն ամեն ինչով առատ լինի:

Օրերս Վարդան Այվազյանը aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Նոր տարին պատրաստվում է դիմավորել «սովորական»: Թե այդ սովորականի տակ պատգամավորն ինչ է հասկանում, չի մանրամասնել: Հարցին` ինչքա՞ն ծախս է Ձեզ համար Ամանորի տոնը, պատգամավորը պատասխանել է. «Էդ կնգաս գործն է, ես ի՞նչ իմանամ: Ես քարտս տվել եմ միանգամից իրեն, աշխատավարձիս քարտը միանգամից կնոջս եմ տվել, պրծել եմ, 310 հազար է թե 205 հազար դրամ»:

Լրագրողի այն դիտարկմանն էլ, թե մարդիկ իրենց ստացած սուղ աշխատավարձով այս տարի կարո՞ղ են Նոր տարի անել, նա պատասխանել է. «Ո՞ր մարդուն նկատի ունես, միջին աշխատավարձով ապրողը 110 հազար է ստանում, իսկ 110 հազար ստացողը ինքը միջին չափի Նոր տարի կարող է անել»: Երբ լրագրողը շեշտել է` խոզի բդո՞վ, պարոն Այվազյանը մի քիչ հեգնանքով ասել է. «Հիմա կարող ա ուզես սև իկրայո՞վ անեն»:

 

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

 

Դիտվել է 2175 անգամ:
Print Friendly

Leave a Reply