Որ 2012-ին Լոնդոնում բարձրացվի եռագույնը

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | January 7, 2012 7:00

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի  նախագահ, օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի բազմակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի կարծիքով` 2011-ը հիշարժան է մեր մարմնամարզիկների համար: Նրանք միջազգային տարբեր ստուգատեսներում արժանացել են մեծ թվով մեդալների: Նա նշեց, որ  ունեցել ենք Եվրոպայի երիտասարդական առաջնության, միջազգային տարբեր ստուգատեսների հաղթողներ ու մրցանակակիրներ: Հարություն Մերդինյանն էլ  նժույգաթափերում դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Ի դեպ, տևական ժամանակ մեր մարմնամարզիկները հին աշխարհամասի մեծահասակների առաջնություններում մեդալի չէին արժանացել: Եվ Մերդինյանն ընդգրկվել է  2011-ի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում:

Իսկ ամենագլխավորն այն է, որ Տոկիոյում կայացած աշխարհի առաջնության ավարտից հետո Հայաստանի մեկ ներկայացուցիչ իրավունք է ստացել մասնակցելու 2012-ի հունվարի 7-ին Լոնդոնում մեկնարկող միջազգային մրցաշարում, որը վարկանիշային է օլիմպիական խաղերի համար: Եվ այդ ստուգատեսում կարողությունները փորձելու պատիվը վստահվել է  մայրաքաղաքի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցի սան Արթուր Դավթյանին:

Ըստ Ազարյանի` հավանականությունը մեծ է, որ նա տիրանա բազմամարտում խաղարկվող օլիմպիական 25 ուղեգրերից մեկին: Վերջին անգամ օլիմպիական խաղերի մարմնամարզության մրցաշարում Հայաստանից մասնակից է եղել 1996-ին, Ատլանտայում կազմակերպված ստուգատեսում: «Արթուրը 19 տարեկան է և մեծ ձեռքբերում կլինի, եթե իր կարողությունները փորձի օլիմպիական խաղերում ու հաջողության հասնի: Նա շատ խելացի, աշխատասեր մարզիկ է և խորհուրդներից հետո արագորեն շտկում է  թերությունները: Ես հավատում եմ նրա ուժերին: Ընդհանրապես  համոզված եմ, որ գալիք տարին նպաստավոր է լինելու մեր մարզիկների, հատկապես «Լոնդոն 2012»-ի օլիմպիականների համար»,- հայտնեց անվանի մարմնամարզիկը:

Ի դեպ,  Ազարյանն այդ ստուգատեսի  բացման հանդիսավոր շքերթային արարողության ժամանակ մեր երկրի դրոշակակիրն է լինելու: Ուշագրավն այն է, որ նա 82 տարեկան է: Փառաբանված մարզիկին  հարցրինք, թե  դա իր համար դժվար չի՞ լինի: «2008-ին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կայացած օլիմպիական խաղերում էլ մեր երկրի դրոշակակիրն եմ եղել: Խնդիր չկա: Երբ մեր երիտասարդ մարմնամարզիկներին դահլիճում խորհուրդներ եմ տալիս, ինքս էլ օրական առնվազն մեկ ժամ հատկացնում եմ ընդհանուր ֆիզիկական պատրաստականությունը բարելավող  վարժությունների կատարմանը: Այնպես որ աշխատում եմ մարզավիճակում լինել: Ինչ վերաբերում է հայկական եռագույնին, ապա վստահ եմ, որ միայն ես չեմ լինի օլիմպիական խաղերում այն պարզողը, և ի պատիվ մեր երկրի ներկայացուցչի հաղթանակի` Լոնդոնում կբարձրացվի եռագույնը, կհնչի Հայաստանի օրհներգը: Իսկ նոր տարվա և Սուրբ Ծննդի առիթով մաղթում եմ, որ  2012-ը մեր ժողովրդի համար լինի հաջողության և երազանքների իրականացման տարի»,- ասաց Ազարյանը:

 

 

 

Դիտվել է 1253 անգամ:
Print Friendly

Leave a Reply