Սամվել Խաչատրյան. Լավն ու վատն անցնող տարում

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | January 5, 2012 7:00

Տարեվերջ է, ուստի Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանին խնդրեցինք անցնող տարվա մեր մարզիկների մրցելույթների ամփոփ գնահատականը տալ:

Նախ հետաքրքիր է, թե արդարացրե՞լ են իրենց մեր առաջատար մարզաձևի` ծանրամարտի ներկայացուցիչները:

– Ունենք 55 մեդալ` 17 ոսկե, 13 արծաթե, 25 բրոնզե: 2011-ին մեր պատանի և երիտասարդ ծանրորդները գերազանց արդյունքներ են ցույց տվել Եվրոպայի, աշխարհի առաջնություններում, Համաշխարհային ուսանողական խաղերում: Հայաստանի ներկայացուցիչներ Գոռ Մինասյանը և Աղասի Աղասյանը մեր երկրի  ծանրորդների համար աննախադեպ արդյունքի են հասել` դառնալով  աշխարհի պատանիների և Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոններ: Ինչ վերաբերում է մեր մեծահասակ ծանրորդների մրցելույթներին, ապա սպասելիքները չեն արդարացվել: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները և մեր մարզասերները մերոնց մրցելույթներից բավարարված չեն: Այդուհանդերձ, կարելի է գոհանալ, որ ունենք  2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի 6 ուղեգիր: Այդ ստուգատեսում մրցահարթակ դուրս կգան մեր երկրի 4 ծանրորդ և 2 ծանրորդուհի:

Հայաստանի ծանրորդներից երկուսը` Գևորիկ Պողոսյանը և Էլեն Գրիգորյանը որակազրկվել են արգելված դեղամիջոցներ օգտագործելու համար: Տևական ժամանակ մեր ծանրորդներն այդպիսի պատժի չէին արժանացել: Ի՞նչ կասեք կատարվածի կապակցությամբ:

– Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան պահանջել է, որ փորձանմուշների երկրորդ  ուսումնասիրություն կատարվի: Բայց առայժմ պատասխան չկա: Ի դեպ, հեռախոսով Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի քարտուղարությանը հարցրել ենք այդ մասին, հայտնել են, որ անհանգստանալու բան չկա: Տարօրինակն այն է, որ մեր երկու մարզիկների արդյունքները հանված չեն, և մարզաձևի միջազգային ֆեդերացիայի կայքում նրանք ներկայացված են որպես Եվրոպայի առաջնության 2-րդ և 3-րդ մրցանակակիրներ: Ի դեպ, համաշխարհային ուսանողական խաղերից հետո, երբ որակազրկվեց եգիպտացի ծանրորդը, նրա անունն անմիջապես հանվեց մրցանակակիրների ցուցակից, և Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Հակոբյանը մեխանիկորեն դարձավ բրոնզե մեդալակիր: Իսկ թե ինչու մերոնց անուններն առայժմ չեն ցանկանում հանել, դժվար է ասել:

Հայաստանի տարբեր մարզաձևերի և տարիքային խմբերի ներկայացուցիչների Եվրոպայի, աշխարհի առաջնություններում նվաճած մեդալներն այս տարի պակասել են: 2010-ի 157-ի փոխարեն ունենք միայն 135 պարգև: Ի՞նչն է տեղատվության պատճառը:

– Նախաօլիմպիական տարում լարվածությունը բազմապատկվում է: Տարիների փորձը ցույց է տվել, որ մեծահասակների Եվրոպայի, աշխարհի առաջնություններում մեր մարզիկների մեդալները նվազում են: Բանն այն է, որ բոլոր երկրների մարզիկները մեծ ակտիվություն են դրսևորում,  փորձում են աչքի ընկնել վարկանիշային մրցումներում և այլն: Այդ է պատճառը, որ արդյունքի հասնելը բարդանում է: Կա նաև մեկ այլ հանգամանք: Ընդհանրապես նախաօլիմպիական տարում մարզիկները բարձր ցուցանիշներ են ունենում: Մասնավորապես` կասկած չկա, որ եթե 2012-ին Փարիզում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում հաղթող դարձած մարզիկները կրկնեն իրենց արդյունքներն առաջիկա օլիմպիական խաղերում, ապա կդառնան նաև այդ ստուգատեսի չեմպիոններ:

–  2010-ի համեմատ` 2011 թ.Հայաստանի տարբեր մարզաձևերի ֆեդերացիաներին պետության կողմից հատկացված ֆինանսական աջակցությունը չէր ավելացել, մնացել էր նույնը: Հնարավո՞ր է` դա է մեդալների պակասելու պատճառը:

– Ճիշտ է, ֆինանսավորումը նույնն է մնացել, սակայն դա չէ պատճառը, քանի որ Հայաստանի` հատկապես հենակետային համարվող մարզաձևերի ներկայացուցիչները խոշորամասշտաբ մրցումների նախապատրաստվելու և մասնակցելու համար ոչ մի խնդիր չեն ունեցել: Ընդ որում, թեև ծախսերն ավելի շատացել են, կապված փողի արժեզրկման, ինքնաթիռների տոմսերի, սննդի թանկացման հետ, աջակցել են ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, այլ բարերարներ, և խնդիրներ չեն առաջացել:

Գուցե տարբեր մարզաձևերի ֆեդերացիաները պետք է փորձեն ֆինանսավորման նոր աղբյուրնե՞ր գտնել:

– Դա հնարավոր չէ:  Եթե խաղային թիմային որոշ մարզաձևերի ներկայացուցիչները կարող են կոմերցիոն մրցաշարերի, ընդհանրապես միջազգային խոշոր մրցումների կազմակերպման, տոմսերի վաճառքի հաշվին եկամուտներ ստանալ, ապա մենապայքարային մարզաձևերում դա անկարելի է: Օրինակ` ըմբշամարտի, բռնցքամարտի, ծանրամարտի ֆեդերացիաները որտեղի՞ց կարող են փողեր բերել, երբ անգամ խոշորամասշտաբ ստուգատեսների ժամանակ մարզասրահներում շատ հանդիսականներ չեն հավաքվում:

– 2012-ին տարբեր մարզաձևերի ֆեդերացիաներին հատկացվող աջակցության գումարներն ավելանալո՞ւ են: Հնարավո՞ր է, որ որոշ ոչ օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաներ հանվեն աջակցություն ստացող 31 ֆեդերացիաների ցուցակից:

– Ոչ: Կան մի քանի ֆեդերացիաներ, որոնք, կարելի է ասել, խորդանշական ֆինանսներ են ստանում, և դա անելն անիմաստ է: Իսկ եթե այդ նպատակով հատկացումն ավելանա, արդեն կարելի է մտածել նաև այդ ցուցակում այլ մարզաձևերի ֆեդերացիաներ ընդգրկելու մասին:

– 2012-ին ֆեդերացիաների Ֆինանսավորման չափը մնալու է նո՞ւյնը, ինչ 2011-ին էր:

– Այո:

Կա՞ն մարզական այնպիսի ֆեդերացիաներ, որոնց կատարած աշխատանքն արժանի է ոչ բավարար գնահատականի:

– Ամեն ինչ հարաբերական է:  Ի դեպ, եթե դժգոհելու առիթներ էլ լինում են, ապա այդօրինակ ֆեդերացիաներից հակադարձում են, թե` «ի՞նչ ենք ստացել, որ մեծ պահանջներ են ներկայացվում, ավելին պահանջում»: Միայն մի քանի ֆեդերացիա են, որ բոլոր կարիքների համար ֆինանսավորվում են և մեծ պարտավորություններ ունեն: Անդրադառնանք այդ ֆեդերացիաների ներկայացուցիչների խնդիրներին: Օրինակ` մեր բռնցքամարտիկներին Բաքվում կայացած աշխարհի առաջնությունում լավ արդյունք ցույց տալուն խանգարել է հոգեբանական ճնշումը, և նրանք վերադարձել են օլիմպիական մեկ ուղեգրով: Ըմբշամարտում էլ առայժմ օլիմպիական խաղերի երկու վարկանիշ է: 2011-ին այդ մարզաձևերի ներկայացուցիչները նույն վիճակում են հայտնվել, ինչ ծանրորդները: Սակայն, մեր բռնցքամարտիկների, ըմբիշների ներուժը մեծ է, և վստահ ենք, որ մի քանի բռնցքամարտիկներ, հունահռոմեական ոճի ըմբիշներ Ռոման Ամոյնը, Յուրի Պատրիկեևը և ուրիշներ 2012-ի վարկանիշային մրցաշարերում կլրացնեն բացը և օլիմպիական խաղերի ուղեգրերի կարժանանան:

Ի՞նչ կասեք Հայաստանի ձյուդոյի հավաքականի մասին, որն օտարերկրացի մարզիչ է գլխավորում` Ադրիան Կրոիտորուն:

– Ռումինացի մասնագետի աշխատանքից մարզիկները դժգոհ չեն: Կարելի է չկասկածել, որ այս մարզաձևում էլ օլիմպիական խաղերի ուղեգրեր կունենանք: Սպասելիքները մեծ են հատկապես Արմեն Նազարյանից և Հովհաննես Դավթյանից: Իսկ դրսից մարզիչ հրավիրելու պատճառն այն է, որ մեր մարզիչները չեն վերապատրատվում, բարձրացնում իրենց մակարդակը: Ընդ որում, նրանց վարձատրությունը բարձր չէ: Եթե Հայաստանի նախագահի և ՀԱՕԿ-ի նախագահի աջակցությունը չլիներ, Հայաստանի հավաքական թիմերի մարզիչներն էլ չէին աշխատի:

Բացի ծանրորդներից, ըմբիշներից, մեկ բռնցքամարտիկից, Հայաստանից ներկայումս օլիմպիական ուղեգիր ունի նաև մեկ հրաձիգ: Ընդհանուր հաշվով մերոնց ունեցած ուղեգրերը 10-ն են: Բավարա՞ր է դա: Արդյոք երաշխիք կա՞, որ այդպիսի հնարավորություններով կարելի է օլիմպիական խաղերում մեդալների հավակնել:

–  Կարծում եմ, որ առանց հրավերների` «սպիտակ քարտերի», Հայաստանի  ներկայացուցիչները օլիմպիական խաղերի երկու տասնյակ ուղեգիր կունենան: Նախորդ օլիմպիական խաղերում մեր երկրից 22 մարզիկ է եղել: Բարձրակարգ մարզիկներ ունենք  հատկապես հունահռոմեական ոճի ըմբշամարտում, ծանրամարտում: Պետք է ակնկալել, որ Լոնդոնում հաջողությունը նրանց ուղեկից կլինի:

Մեր ծանրորդների համար 2011-ն ասես անիծյալ լիներ: Հատկապես ովքե՞ր հույսեր կներշնչեն «Լոնդոն 2012»-ի օլիմպիական խաղերում:

– Սպասելիքներ են լինելու, որ 6 մարզիկներն էլ մեդալների կարժանանան:

Քանի որ վնասվածքները շատ են խանգարել, հետաքրքիր է, թե ներկայումս մեր առաջատար ծանրորդները և ծանրորդուհիներն ի՞նչ վիճակում են:

– Հռիփսիմե Խուրշուդյանը և Մելինե Դալուզյանը Մոսկվայի վնասվածքաբանական հիվանդանոցում վիրաբուժական փոքր միջամտությունների են ենթարկվել և իրենց լավ են զգում: Արա խաչատրյանն ավելի վաղ է վիրահատվել և արդեն մարզումների  է մասնակցում: Տիգրան Մարտիրոսյանը և Ռուբեն Ալեքսանյանը ֆիզիոթերապևտիկ բուժում են ստանում, նաև զուգահեռ պարապում են:

– 2012-ին ի՞նչ փորձություններ են սպասում մեր ծանրորդներին:

– Ապրիլի 6-15-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում կայանալու է Եվրոպայի առաջնությունը: Օլիմպիական տարում մեր առաջատարների հիմնական նպատակը խաղերին հաջող մասնակցելն է: Այնպես որ  Եվրոպայի առաջնությունում կարողությունները կփորձեն Հայաստանի հավաքականի ոչ առաջին համարները: Բանն այն է, որ  երկու ամսում նրանք չեն կարող  կրկին կենտրոնանալ և մասնակցել ստուգատեսի: Հնարավոր է, որ Առաքել Միրզոյանն ուժերը չափի Հին աշխարհամասի առաջնությունում: Մայիսի 9-18-ը Գվատեմալայում կկայանա աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին դարձյալ մի քանի մարզիկով կմասնակցենք: Իսկ գերխնդիրը կլինի օլիմպիական խաղերում չեմպիոն ունենալը:

Ի՞նչ կմաղթեք մարզաշխարհի ներկայացուցիչներին գալիք նոր տարում:

– Թող այն նոր նվաճումների և հաղթանակների տարի լինի, և բոլորս շնորհավորանքներով այն սկսենք ու այդպես էլ ավարտենք:

 

Դիտվել է 1305 անգամ:
Print Friendly

Leave a Reply