Ինչպես են դիմավորում Ամանորը քաղաքական-պետական գործիչները

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | December 30, 2011 7:00

Վարչապետն Ամանորը կդիմավորի գյուղում

Վարչապետ Տիգրան Սարգսյանը 2012 թվականը դիմավորելու է ընտանիքի հետ, հայրենի գյուղում: Նա խուսափեց նշել գյուղի անունը` մտավախություն հայտնելով, թե այդ դեպքում միգուցե իրեն հնարավորություն չտան մեկուսանալու և լիարժեք վայելելու տոնը:

Վարչապետն ասաց, որ միշտ է Ամանորը դիմավորում ընտանիքի հետ և պատմեց, թե ինչպես են ամեն տարի դիմավորում Նոր տարվան նախորդող 12 վայրկյանները. «Մինչ Ամանորն ազդարարող 12 զանգերը ղողանջելը ընտանիքի ամեն անդամ պատրաստում է խաղողի 12 հատիկ և ամեն զանգի հետ մի երազանք պահելով` մի հատիկ ուտում, իսկ առաջին կենացը խմում ենք յուրաքանչյուրիս այդ 12 երազանքի իրականացման համար»:

Տիգրան Սարգսյանը չմանրամասնեց, թե որոնք են այս տարվա իր 12 երազանքները` ասելով, թե երազանքը խիստ անձնական բան է, սակայն կատակեց. «Դե իմ երազանքներն են համախառն ներքին արդյունքը, ինֆլյացիան, դեֆիցիտը…»:

Վարչապետի սիրած ամանորյա ուտեստը թփով տոլման է, իսկ ընդհանրապես տոնական սեղանի պարունակությանը նրա ընտանիքում շատ ուշադրության չեն արժանացնում, այլ կերպ ասած` ուտելիքը կուլտ չեն դարձնում: «Մանավանդ որ մեր եկեղեցու ավանդույթի համաձայն` պահքի շրջան է, և չի կարելի շատ տրվել ուտելիքին,-կարծում է վարչապետը,- ուստի փորձում ենք համեստ ու չափավոր լինել: Ամանորի իմաստը հավաքվելն է, ուրախանալը»:

Որպես վարչապետ` Տիգրան Սարգսյանը  ցանկանում է, որ Ազգային ժողով ներկայացրած բոլոր ծրագրերը գալիք տարում ի կատար ածվեն, արձանագրվի տնտեսական աճ, քաղաքացիների կենսամակարդակն էլ բարձրանա: «Թող մեր քաղաքացիներն իրենց առջև համարձակ նպատակներ դնեն և հասնեն դրանց»,-ասաց նա` հավելելով, որ եթե մարդ ուզում է հասնել հաջողության, պետք է հավատա այդ հաջողությանը և ջանքեր գործադրի` հասնելու դրան:- Բոլոր մակարդակներում է այդպես` անհատական, ընտանեկան, կորպորացիոն թե պետական»:

Անահիտ Բախշյանը սիրում է ավանդական հայկական Նոր տարին, բայց ստիպված է նշել եվրոպական ձևով

«Յուրայից հետո ես փախչում եմ տնից, որպեսզի Ամանորը չդիմավորեմ տանն առանց նրա,- ասաց պատգամավոր Անահիտ Բախշյանը` հայտնելով, որ վերջին տարիներին Ամանորն անցկացնում է աղջկա ընտանիքի հետ` Ամստերդամում:- Այս տարի էլ եմ գնալու նրանց հետ նշելու: Մեծ, հայկական ընտանիք է` ավանդական գերդաստան: Այդ օրը լավ նշում են, իսկ հաջորդ օրը լրիվ մոռանում տոնի մասին: Հաջորդ օրը ամենասովորական գորշ օր է դառնում»:

Անահիտ Բախշյանը չի սիրում «եվրոպական Ամանորը»: Նա շատ կուզենար մնալ Հայաստանում, տոնել իսկական հայկական Ամանոր` իր բոլոր ավանդական եռուզեռով: «Ես սիրում եմ հայկականը, որ օրեր շարունակ նշում էինք, հյուր գնում, հյուր ընդունում, պարտականություններ ունեինք` մեծը փոքրի, զավակը` ծնողի, գերադաստանի տարիքովի հանդեպ,- ասաց նա,- եթե ամուսինս լիներ, ես տանը շատ ավանդական ձևով հյուր կընդունեի, հյուր կգնայի, կպատարաստեի ավանդական կերակուրներ»:

Տիկին Բախշյանը հին և բարի օրերի ավանդույթներից թերևս մեկն է պահպանել` միջուկով քյուֆթա (իշլի քյուֆթա) պատրաստելը: Անգամ Ամստերդամում է պատրաստում: «Աղջկաս ամուսնու ամբողջ գերդաստանը սպասում է, որ ես այդ օրը պետք է քյուֆթա պատրաստեմ. շատ են սիրում»,- ասաց Բախշյանը:

Գերդաստանը, բացի իշլի քյուֆթայից, սպասում է նաև Հայաստանից տարված նրա սուջուխին ու չրերին:

Պատգամավորը ամանորյա նվերներ տալ կամ ստանալ չի սիրում: «Իմ երեխաներին էլ Ձմեռ պապը հիմնականում գրքեր է բերել»,-ասաց նա` զարմանալով, որ այսօր Ձմեռ պապն անգամ նվերի նախնական պատվերներ է ընդունում:

Նվերներ չի սիրում ընդունել, բայց փոխարենը շատ է սիրում բարեմաղթանքներ ու շնորհավորանքներ ընդունել: Ինքն էլ աշխարհին մաղթում է խաղաղություն, հույս, հավատ և սեր` համոզված լինելով, որ եթե  դրանք լինեն, մարդկությանն ուրիշ ոչինչ պետք չէ:

Գալուստ Սահակյանին խորհրդային Ամանորը վայրենի տոնակատարություն է հիշեցնում

Գալուստ Սահակյանն այս տարի ընտանիքով  Ամանորը կդիմավորի Դիլիջանում: Անցյալ տարի դիմավորել է Ջերմուկում: «Տարիներ շարունակ տանն ենք դիմավորել, բայց իմ բնակարանի հարմարություններն էնպիսին են, որ ամբողջ գերդաստանով չենք կարող տեղավորվել, իսկ շնորհավորել ցանկացողների թիվը մեծ է»,- խոստովանեց նա:

Պատգամավորն ամենևին էլ կարոտախտով չի հիշում խորհրդային տարիների ամանորյա տոները, ավելին, իր համար դա վայրենի տոնակատարություն էր, քանի որ օրերով հերթ էին կանգնում, որ խանութից կարողանան գնումներ կատարել: Նրա համար խորհրդային տարիների Ամանորը հիշարժան է նրանով, որ միակ տոնն էր, երբ ամբողջ ժողովուրդը միասնական էր:  «Այն ժամանակ մարդու մտքում մեծ, անսահման գաղափարներ չկային, հիմնականը սա էր` կեր, խմի, գիրք կարդա: Իսկ մեր ժամանակներում հետաքրքիր է այն տեսանկյունից, որ դու որևէ մեկին հաշվետու չես քո տոնակատարության համար, սա է հիմնական տարբերությունը»,- կարծում է Գալուստ Սահակյանը:

Պատգամավորի Ամանորյա մաղթանքը մի փոքր քաղաքական էր: Նա ցանկացավ, որ ժողովուրդն ի վերջո հասկանա` ոչ թե քաղաքական ուժերի պայքարի միջոցով պետք է հաղթահարել դժվարությունները, այլ սեփական ուժերով: «Ժողովուրդը պիտի կարողանա հաղաթահարել ամեն ինչ, իսկ քաղաքական ուժերին պետք է դիտարկի որպես ածանցյալ գործոն,- ասաց նա,- ամեն մարդ պետք է իր ներդրումն ունենա ընդհանուր զարգացումների գործում: Պետք է մարդկանց ինքնագնահատականը բարձրանա»:

Իհարկե, նա խոստովանեց, որ միտք ասելը հեշտ է, իրականացնելը` դժվար, այնուամենայնիվ հիշեցրեց, որ միակ  ճանապարհը դա է:

Լիլիթ Գալստյանն այս տարի «ծովահայաց հանգիստ» չի ապահովի

Խորհրդարանի երիտասարդ պատգամավոր Լիլիթ Գալստյանը նախընտրում է ամանորյա առիթն օգտագործել և «ծովահայաց հանգիստ» ապահովել: «Քանի որ շատ հևքոտ կյանքով եմ ապրում և ծով սիրող եմ, այդ օրերին մեկնում եմ մի տաք երկիր,-ասաց նա,- վերջին 4 տարիներն այդպես եմ անցկացրել: Բայց, ավաղ, այս տարի պիտի մնամ Երևանում, քանի որ տանս վերանորոգման աշխատանքներն եմ իրականացնում և պետք է ժամանակն օպտիմալ օգտագործեմ»:

Լիլիթ Գալստյանը 2012-ը կդիմավորի եղբոր ընտանիքի և ծնողների հետ` հայրական տանը: «Ամեն դեպքում, Նոր տարին ընտանեկան տոն է,  որի մեջ կա եղևնու բույր, կարմիր աստղը գագաթին տոնածառ, անկախ տարիքից` հրաշքի և հեքիաթի սպասում, բարության, լուսավորության և լավատեսության էներգիա»,- ընդգծեց նա:

Պատգամավորը մաղթեց, որ 2012-ը լինի հանրային համերաշխության տարի, և «առանց այն էլ բեկված և փսոր մեր իրականության մեջ նոր ակցենտներ չգումարվեն»` ակնարկելով այն, որ առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, և լարված տարի է սպասվում:

Մկրտիչ Մինասյանի համար ամանորյա լավագույն մթնոլորտը տանն է

Պատգամավոր Մկրտիչ Մինասյանը շատ է սիրում Ամանորը, հատկապես որ իր կողքին են հավաքվում բոլոր թոռները: «Ինձ համար դա իսկական հրաշք է,- խոստովանեց նա,-  այդ օրերին ժամանակս տրամադրում եմ նրանց, խոսում նրանց հետ մեծ-մեծ բաներից, նրանց կարծիքը լսում, կարծես լիցքաթափվում եմ»:

Պատգամավորը չի սիրում Նոր տարին դիմավորել ռեստորանում: «Կարծում եմ, որ էդպես չի ապահովվում էն ընտանեկան ջերմությունը, էն մթնոլորտը, որը տանն է լինում»,- համոզված է նա:

Այս տարի ևս Մինասյանը հավատարիմ կմնա այդ սկզբունքին` Ամանորը դիմավորելով տանը` ընտանիքի հետ:

Մկրտիչ Մինասյանի Ամանորյա ամենասիրած ճաշատեսակը թփով տոլման է` մածունով, մի քիչ սխտորով: Ամանորյա մաղթանքն էլ հետևյալն է. «Թող տա Աստված, որ հայոց երկիրը խաղաղ լինի, ստեղծագործական հաջողություններ լինեն մեր երիտասարդությանը, մտավորականությանը: Բարին ընդ ձեզ, սիրելի՛ հայրենակիցներ, բարին ընդ աշխարհին»:

Կարինե Աճեմյանը ամանորյա պատրաստությունը տեսնում է վերջին օրը

Պատգամավոր Կարինե Աճեմյանը, որ ի դեպ, հայտնի դերասան Արա Դեղտրիկյանի կինն է, սիրում է Ամանորը դիմավորել ամուսնու և դստեր հետ, տանը: «Ես հիմնականում այդ օրերին տանն եմ սիրում լինել և հյուրեր ընդունել,- ասաց նա,- իսկ հյուր գնում եմ հազվադեպ, ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»:

Նա ևս չի սիրում Ամանորը դրսում դիմավորել: Նրա կարծիքով` այդ տոնն ամենահաճելին սեփական տանը նշելն է: Ինչ վերաբերում է ամանորյա ուտեստները պատրաստելուն, ապա բազմազբաղ պատգամավորը այդ գործին է լծվում միայն Ամանորի նախօրեին:  «Վերջին օրը նվիրում եմ այդ գործին,- ասաց նա,- պատկերացրեք` հասցնում եմ, քանի որ աղջիկս ու ամուսինս օգնում են ինձ»:

Կարինե Աճեմյանն այդ օրը պարտադիր հնդկահավ է պատրաստում, որը, նրա կարծիքով, շատ համեղ է ստացվում:

Շարմազանովը կոչ է անում չմոռանալ ավանդույթներն ու չտարվել «ֆուրշետային» կյանքով

Էդուարդ Շարմազանովը, որ շատ շփվող ու կենսախինդ բնավորություն ունի, ամենևին չի հոգնում ամանորյա եռուզեռից ու կերուխումից: Ընդհակառակը, նա կողմնակից է Նոր տարին հենց այդ ձևով նշելուն: «Այդ օրը կա՛մ մեր տանն ենք հավաքվում, կա՛մ հայրական ընտանիքում,- ասաց նա,- իսկ ընդհանրապես Ամանորը հենց նրանով է գեղեցիկ, որ մարդիկ մեկը մյուսի տուն են մտնում, մեկը մյուսի բարին ցանկանում, շնորհավորում: Տարվա մեջ նման տոները մեզ պակասում են, և ես կուզենայի, որ դրանք շատ լինեին»:

Շարմազանովն իրեն ավանդական մարդ է համարում և համոզված է, որ ոչ մի ավանդույթ հենց էնպես չի ստեղծված: «Չպետք է ամեն ինչից էդքան շուտ հրաժարվել և ապրել ֆուրշետային կյանքով,- կարծում է նա,- ես այդ օրը և՛ հարազատներիս ու բարեկամներիս հետ եմ շփվում, և՛ ընկերներիս, և՛ հարևաններիս: Դրանում ոչ մի խնդիր չկա: Բա հո ամեն օր էդպես չի՞: Եթե էդ օրն էլ իրար չշնորհավորենք, էլ ե՞րբ պիտի շնորհավորենք»:

Ինչ վերաբերում է ամանորյա կերակուրներին, Շարմազանովը սիրում է մոր պատրաստած տոլման, կնոջ պատրաստած խոզի բուդը, եղբոր պատրաստած խորովածը, ինչպես նաև աղջկա պատրաստած աղցանները:

Մի խոսքով, նրա համար Ամանորն իսկական տոն է:

 

Դիտվել է 2472 անգամ:
Print Friendly

Leave a Reply