Ամանորյա գնումների հայկական երևակումները

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | December 29, 2011 14:08

«Եվ եթե այս տարի ճոխ չանցավ նոր Տարին,

միևնույն է, գարնանը կծաղկի իմ այգին»

Ռուբեն Հախվերդյան

Բոլորը պատրաստվում են Նոր տարվան, յուրաքանչյուրը` իր հնարավորությունների սահմաններում: Բոլորն էլ դժգոհ են գներից, թանկությունից, ճգնաժամից, փողի պակասից, բայց առևտուրը խանութներում, սուպերմարկետներում, շուկաներում և ամենուր թեժանում է: Թեպետ կարևորն ամանորյա սեղանին տարատեսակ խորտիկների ու աղցանների առատությունը չէ, այլ սրտանց ուրախությունը: Այսօրվա շուկայական գներից ելնելով` կարող ես ասել, որ ամանորյա գիշերը մի քանի միլիոն ծախսելու դեպքում էլ ինչ-որ բան պակաս կլինի: Բայց կարելի է նաև սահմանափակվել 50 հազար դրամի սահմաններում. «Մարդու մտքին տեղ լինի»…

Իսկ Ամանորի խորհուրդը կարևորվում է ամանորյա խորհրդանիշներով:

Տոնածառ ջան, տոնածառ

Նոր տարվա խորհրդանիշը տոնածառն է: Յուրաքանչյուրի համար, կարծում ենք, ավելի հաճելի է, երբ տոնածառը լինում է բնական: Նախ` բնական ծառերից անուշ բույր է տարածվում ամբողջ տանը: Որպես տոնածառ օգտագործվում են եղևնին, սոճին և այլ փշատերև ու մշտադալար ծառեր կամ դրանց արհեստական տարբերակները: Տոնածառ զարդարելն էլ յուրաքանչյուրին` երեխա թե մանուկ, զվարճություն ու հաճույք է բերում: Բայց այսօր տոնածառ գնելը, մանավանդ բնական, շքեղության պես մի բան է դարձել:

Հայ գնորդին այսօր առաջարկվում են արհեստական տոնածառեր` ամենատարբեր չափերի, որակի ու գների: Օրինակ` «Ռոսիա» առևտրի կենտրոնի մերձակայքում 50-120 սանտիմետրանոց տոնածառերի արժեքը սկսվում է 3000 դրամից ու հասնում մինչև 17 000 դրամի: Միջին մեծության` 150-250 սանտիմետրանոց տոնածառերը տատանվում են 7-50 հազար դրամի սահմաններում, իսկ մեծ` 250-280 սանտիմետրանոց տոնածառերի գինը սկսվում է 35 հազարից և հասնում մինչև 198 հազար դրամի:

Խանութներում,  մանավանդ մասնագիտացված, այդ գներն ավելի բարձր են և երբեմն հասնում են մինչև 300-350 հազար դրամի:

Այլ պատկեր է բնական տոնածառերի շուկայում: Փողոցներում արդեն վաճառվում են գերմանական ու հոլանդական բնական տոնածառեր: Կասյան փողոցում` գյուղատնտեսական մթերքների տոնավաճառի մոտ, այս պահին 200-260 սանտիմետրանոց տոնածառերը վաճառվում են 50-60 հազար դրամով: Բաղրամյան փողոցում այդ նույն տոնածառերը վաճառվում են 40 հազար դրամով: Իսկ 280-300 սանտիմետրանոց տոնածառերն արժեն 70 հազար դրամ:

Տեղին է նշել, որ անկախ  տոնածառի մեծությունից ու գնից, դրա էությունն ու խորհուրդը չի փոխվում:

Տոնածառերն այժմ հին ավանդական եղանակով չեն զարդարվում: Այդպիսի զարդարանքն այժմ կարող է նաև ծիծաղի տեղիք տալ: «Նորմալ» տոնածառ զարդարելու համար այժմ անհրաժեշտ են խաղալիքներ, շղթաներ. լույսեր ու այդպիսի շատ բաներ:

Նույն «Ռոսիա» տոնավաճառի մերձակայքում տոնածառի խաղալիքները ևս դասակարգվում են ըստ չափսերի, գույների, ձևերի ու պատրաստման նյութերի: Այսպիսով` ամենամանր խաղալիքներն այստեղ արժեն 50 դրամ: Հավի ձվի չափ խաղալիքներն արժեն 100-150 դրամ: Դրանից մի քիչ ավելի մեծերն արժեն 200-350 դրամ: Իսկ երբ խաղալիքների մեծությունը համեմատվում է սագի ձվի հետ, արժեքը հասնում է 500 դրամի ու սկսում աճել` մինչև 1500 դրամը: Այդ նույն խաղալիքները «Նվերների աշխարհ» խանութներում մոտավորապես կրկնակի թանկ են: Իսկ այլ խանութներում` կրկնակի, եռակի ու քառակի ավելի թանկ, քան «Նվերների աշխարհում»: Այսպես ասած`  բրենդային  խանութներում 10 սանտիմետր տրամագծով խաղալիքների գինը հասնում է մինչև 7 հազար դրամի: Իսկ երբ տոնածառի խաղալիքները ձեռագործ ու հեղինակային են, դրանց գինն արդեն սկսվում է 5 հազար դրամից, ու վերին սահմանը որոշված չէ:

«Էլ ի՞նչ տոնածառ` առանց պապ…»

կամ Ինչ՞ արժեն Ձմեռ պապի և Ձյունանուշի ծառայությունները

Հատկապես այն ընտանիքների համար, որտեղ կան փոքրիկներ, մեծ պահանջարկ են վայելում Ձմեռ պապի և Ձյունանուշի ծառայությունները: Այս պահին բազմաթիվ ընկերություններ առաջարկում են տարբեր ու տարաբնույթ ծառայություններ, բնականաբար` տարբեր գներով:

«Ակունք» կենտրոնը, օրինակ, մինչև դեկտեմբերի 31-ի ժամը 22.00-ը Ձմեռ պապի և Ձյունանուշի ծառայություններ է առաջարկում  20-25 հազար դրամի դիմաց, ժամը 22.00-ից մինչև գիշերվա ժամը 2-ը` 70 հազար դրամի: Հունվարի 1-ին` գիշերվա ժամը 3-ից հետո մինչև ժամը 8.00-ը` 40 հազար դրամ, իսկ հունվարի 1-ից հետո դարձյալ 20-25 հազար դրամ` կախված այն հանգամանքից, թե որ դերասանները կլինեն Ձմեռ պապն ու Ձյունանուշը, քանի որ նրանք պրոֆեսիոնալ դերասաններ են դրամատիկական, տիկնիկային և այլ թատրոններից:

«Բումբումիկն» առաջարկում է Ձմեռ պապի այցելություն 20 րոպեով` 15 հազար դրամի դիմաց, Ձյունանուշի հետ միասին` 20 հազար դրամի: Դեկտեմբերի 31-ի համար արդեն պատվերներ չեն ընդունում, քանի որ օրը սպառված է: Իսկ մնացած օրերին գնային տարբերություններ չկան:

«Kitti»-ն առաջարկում է Ձմեռ պապի և Ձյունանուշի 20 րոպեանոց այցելություն 20 հազար դրամով, իսկ միայն Ձմեռ պապը «1-100 տարեկան փոքրիկներին» կուրախացնի ընդամենը 15 հազար դրամով:

Գնային ճկուն առաջարկներով է հանդես գալիս «Happy Day»-ը` դեկտեմբերի 31-ին հունվարի 1-ին և 2-ին առաջարկելով Ձմեռ պապի և Ձյունանուշի ծառայություններ 50 հազար դրամով, միայն Ձմեռ պապը այցի կգա 30 հազար դրամով, իսկ մինչ դեկտեմբերի 31-ը և հունվարի 2-ից հետո` միայն Ձմեռ պապի այցելությունը կարժենա 15 հազար դրամ, Ձյունանուշն էլ Ձմեռ պապի հետ կուրախացնի պատվիրատուներին 20 հազար դրամով:

«Elegance agnecy» ընկերությունը մշակել է մի ամբողջ պլան` Ամանորը Ձմեռ պապի և Ձյունանուշի հաճելի ընկերակցությամբ դիմավորելու և անցկացնելու համար. նախ` ընկերությունն առաջարկում է Ձմեռ պապ հրավիրելու «ուղեցույց»` «Ինչպես հրավիրել Ձմեռ պապին բնակարան», որում մանրամասն նշվում են. «Ձմեռ պապի այցելության պատվերներն ընդունվում են պատվիրատուին հարմար օրը և ժամին: Յուրաքանչյուր այցելություն կուղեկցվի շնորհավորանքներով, երգ ու պարով, ուրախ խաղերով ու հանելուկներով, իսկ վերջում կտրվեն նվերներ: Եթե պատվիրատուն նախապես նվերներ է պատրաստել, Ձմեռ պապը անպայման դրանք կնվիրի երեխաներին ու հարազատներին: «Elegance agency»-ն պատվիրատուներին ունի միայն մի խնդրանք` տոնակատարության ժամանակ դերասաններին ալկոհոլային խմիչքներ չառաջարկել: Ձմեռ պապի «գնացուցակը»   տարբեր օրերի ու ժամերի համար տարբեր է ու տատանվում է  20 հազարից 40 հազարի սահմաններում:

Ձմեռ պապի պատվերի գները (30 ր-1ժամ) մանկապարտեզների, դպրոցների և այլ մանկական տոնակատարությունների համար տատանվում է 20 հազարից 35 հազարի մեջ:

Կորպորատիվ և այլ հավաքույթների համար Ձմեռ պապի պատվերներն ընդունվում են այն ժամի համար, երբ նախատեսված է սկսել տոնակատարությունը: Ձմեռ պապը կգա ներկայացումից 20 րոպե առաջ` զգեստափոխվելու և նախապատրաստվելու: Ձեր պատրաստած անակնկալ նվերները հանձնեք Ձմեռ պապին ներկայացումից առաջ: Տոնական ծրագիրը ներառում է շնորհավորանքներ, պար, տարբեր մրցույթներ, վիկտորինաներ և այլ անակնկալներ»:

Նշված բոլոր ընկերություններն ու կազմակերպությունները հավաստում են, որ իրենց Ձմեռ պապերն ու Ձյունանուշները պրոֆեսիոնալներ են, և երեխաներին չեն հիասթափեցնի, իսկ փողոցից պատահական ընտրված մարդիկ տվյալ «պաշտոններում» չեն աշխատում:

Ի դեպ` նշվածներից ոչ մի ընկերություն հասկանալի պատճառներով չի առաջարկում միայն Ձյունանուշի ծառայություններ:

Իսկ Ձմեռ պապին սիրում են առավելապես նվերների համար

Նվերները կարող են լինել բազմապիսի ու բազմատեսակ: Ոչ ոք չի կարող ասել, թե այս տարի կոնկրետ այս կամ այն բանը պետք է նվիրել հարազատ-ծանոթ-բարեկամներին: Նվերը կախված է մարդու երևակայությունից, ցանկությունից և, իհարկե, գրպանի պարունակությունից:

Այսպիսով` նախատոնական բումը մեզ տարավ նվերների խանութներ: Դիտարկման շեշտը դրեցինք Նոր տարվա թեմայով նվերների ու պարագաների վրա: Փոքրիկ  հախճապակե արձանիկների գները սկսում են 1000 դրամից: Տարատեսակ մոմերը, տիկնիկները, փափուկ խաղալիքները նույնպես կարելի է ձեռք բերել 1000 դրամով, բայց գետնանցումներում: Իսկ «նորմալ», «քաղաքակիրթ» խանութներում դրանց գներն առնվազն երեք անգամ ավելի  թանկ են: Հուշանվերային իրերը, հագուստի և հարդարանքի պարագաները ևս կարելի է տեղավորել 3-300 հազար դրամի սահմաններում` կախված հնարավորությունից:

Այնպես որ, կարևորը նվերի արժեքը չէ, այլ նվիրելու ցանկությունն ու այդ ցանկության անկեղծությունը: Բոլոր նվերներն էլ հաճելի են` անկախ գնից, չափից, արտադրման վայրից ու նյութերից:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

 

 

 

Դիտվել է 1547 անգամ:
Print Friendly

Leave a Reply