Ավանդույթներով հարուստ արցախցու ամանորը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | December 31, 2011 7:04

Թեև նոր տարվա գալստին հաշված օրեր են մնացել, ինձ չհաջողվեց հանդիպել Ձմեռ պապին, որպեսզի պարզեմ, թե նրան հասցեագրված նամակում ի՞նչ է ուզել հերոս արցախցին, փոխարենը պարզեցի ավանդույթներով հարուստ այդ ժողովրդի ամանորյա նախկին տրամադրություններն ու սովորույթները:

Ըստ ավանդույթի` նոր տարուց դեռևս շաբաթներ առաջ արցախցին գետերում, աղբրաջրերում լվանում էր իր կարպետներն ու գորգերը, վարագույրները, մաքրում դուռ ու բակ, արևի տակ փռում տեղաշորը: Մաքրում տան կահ-կարասին, հին մթերքները դուս թափում: Կիսատ ամաններ չպետք է լինեին, կա՛մ թափում էին, կա՛մ լրացնում: Զարդարում էին անասուններին. վզներին ճուճուփ էին կապում, ճակատներին` ժապավեն: Անգամ լվանում հին կողպեքներն ու բանալիները զոհած չորքոտանու կամ թռչնի արյունով: Դեռևս Նոր տարուց մեկ շաբաթ առաջ տան դրսի և ներսի սանդուղքների աստիճաններին սխտոր ու քացախ  էին քսում: Ծեծած սխտորն ու քացախը սեղաններին մնում էին այնքան ժամանակ, մինչև անցնեին հին և նոր տարվա հետ կապված ելումուտները: Դրանով խուսափում էին հնարավոր համաճարակներից ու պատահական հիվանդություններից:

Էլ ի՞նչ նոր տարի առանց ճոխ ուտելիքների, որով էլ միշտ հարուստ է եղել արցախցու սեղանը: Մսի տեսականին` տավար, գառ, հավ, հնդկահավ, որսի միս, տոնական սեղանի պարտադիր բաղադրիչ էր, ինչպես պարտադիր էին կերակուրները` կուրկուտը, խորովածը, խաշլաման, խորոված և եփած ձուկը, փլավը, խաշիլը, հորթի միսը: Սեղանը հեղեղվում էր հին գինով, պտղաջրերով (հյութեր), պտուղներով, խնոցու յուղով ու մեղրով, բահմազով ու խոզի փորայուղերով: Սեղանից անպակաս էին ընկույզի միջուկն ու չոր չամիչը, չիրը, նուռը, սերկևիլը, չորացրած մրգերը: Ինչպես ընդունված էր ասել. «Սկսած քաշին պներան մինչև սոյնին եղը»: Ուտելիքների առատությամբ նոր տարին տարբերվում էր ուրախառիթ բոլոր տոնախմբություններից:

Արցախցու նոր տարվա սեղանը առանձնացել է նաև թխվածքների ճոխությամբ ու բազմազանությամբ. բիշի, գաթա, կաթնահունց, երեխաների համար կըզտըբլիթներ, թերթերուկ, բաղարջ, ինչպես նաև ժինգյալավ հաց:

Թխվածքները պարտադիր հունցում էին նռան հյութով, կաթով, մեղրաջրով, յուղով, կտավատի ձեթով:

Եթե հին տարին վատն է եղել, ապա տարեմուտի վերջին օրը նորից են սրբել «հանդավարը» (բակուդուռ), փսորը դեն գցել, որի հետ նաև` հին տարվա «փեշերը», ասելով. «Քյինիս վեչ կյաս»: Ու մի հյուսածո քող են կապել բակով մեկ, ասելով. «Վեննդ ծկըթե` ետ չկյաս»: Որից հետո միայն ուտում-խմում էին, որպես հաղթանակի նշան` բաժակ զարկում: Իսկ եթե անցնող տարին բարի է եղել, ապա նրա վերջին օրը գցված սեղանը մնացել է նաև ամանորի առաջին օրը: «Բիշուն կթնըհունցեն կեսը հին տարումն ըն օտում, կեսը` նոր տարումը»:

«Շենքդ, շնորհքդ նոր տարուն տաս», «Նոր տարե լյավը փոխ կալ», «Վեչ մի հրսանեք տեղան շիլ չըղնե», «Քյինի հին տարե, եկ անկյին տարե»:  Նման բարեմաղթանքներն ու առաջին կենացներն առաջարկելուց հետո վերադառնում էին տուն: Իսկ արդեն հաջորդ առավոտյան ծեգին իրար էին խառնվում «բարի լույսն» ու «շնորհավորը»:

«Քեթուկ մնաս», «Ուջաղու քար ինիս», «Թոռներեդ շուքեդ տակեն մեծանան», «Մզարա շուքավեր ինիս». ահա այսպիսի մաղթանքներով է արցախցին մեծարում ազգի մեծին: Յուրահատուկ պատվի են արժանանում հատկապես ընտանիքի մեծերը (պապ, տատ, մեծ տղա, մեծ հարս),  որոնք, նստելով սեղանի կենտրոնական մասում, բոլորի ուշադրության կենտրոնում են լինում: Բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ ուշադրությունից դուրս են մնում երեխաները: Նրանք, ինչպես նաև տան հարսները նվերների են արժանանում. հագուստ, թաշկինակ, գուլպա, ձեռնոցներ, խաղալիքներ, ուտելիքով լի քսակներ, գլխաշորեր:

Նոր տարվան նվիրված հազար ու մի բարեմաղթանք է ունեցել արցախցին` մեկը մյուսից դիպուկ ու իմաստնալից: Ընդամենը երկու նմուշ.

Չարը պրանա (բարիանա)

Չպերը բրանա,

Կյող վեննը ծկըթե,

Կյող աչկը քուռանա:

Կամ`

Աղջկերք, պարավ մնաք,

Ծլիք, ծաղկիք, բարավ մնաք,

Ճխպորավ, մորավ, հարավ մնաք,

Միշտ կարկաչեք, ինչպես աղբյուր,

Լացի, սուգի ծարավ մնաք:

«Մեր նախնիները շատ մաքուր ու խելոք կենցաղով էին ապրում, քան այսօր կարող ենք պատկերացնել: Մենք մոռացել ենք մեր ապրելակերպի հետ կապված դարավոր սովորույթները: Այդ է պատճառը, որ առաջ շարժվելու, զարգանալու հնարավորությունները հեռու են մնում մեզանից, իսկ մենք մեղավորներ ենք փնտրում ամենուրեք»,- համոզված է ԼՂՀ մշակույթի նախարարության ռեֆերենտ  Արուսյակը, ում օգնությամբ էլ պատրաստեցինք այս նյութը:

Ի դեպ, ոչ միայն արցախցին է հեռացել իր ավանդույթներից, այլև երևանցին, գյումրեցին, սևանցին: Մի խոսքով` բոլորս: Շատերն անգամ Նոր տարին դիմավորում են ոչ իրենց օջախում, ինչը նախկինում պարտադիր էր. տաք երկրներ են չվում: Ավելին` օրնիբուն տրտնջում ենք թանկությունից, թանկ տուրիզմի երկիր լինելուց, բայց արի ու տես, որ մեր հանգստյան տների տեղերն արդեն վաղուց սպառվել են:  Եթե արցախցու դարավոր սովորույթներից այսօր շատ բան է մոռացվել, ապա մի բան հաստատ նույնն է մնացել: Դա, ինչպես Ամանորի, այնպես էլ բոլոր ուրախառիթ տոնախմբությունների ժամանակ գինի խմելու ավանդույթն է: Գինի խմում էին բոլորը, անգամ երեխաները , իսկ կանայք` ջրախառն գինի (կես-կես):

Արդեն երկու տասնամյակ է, ինչ արցախցին առանց իրենց շեներն ազատագրած ու պահած տղաների սեղան չի նստում: Առաջին կենացը նրանցն է… Ի՞նչ ասես, դա էլ նրանց հոգու պարտքն է:

 

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

 

Դիտվել է 2448 անգամ:
Print Friendly

Leave a Reply