Եվրոպական առաջատար երկրները ցանկություն չունեն մասնակցելու Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ»-ին
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | December 28, 2011 10:21
Եվրոպայի` դեմոկրատական ավանդույթների տեր պետությունները երկմտության մեջ են Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլ-2012»-ին մասնակցության հարցում: Լեհաստանն ու Իսլանդիան, առանց լուրջ պատճառաբանության, արդեն հայտարարել են, որ չեն մասնակցելու մայիսին Ադրբեջանում անցկացվելիք երգի միջազգային մրցույթին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը` ադրբեջանական «Պոլիգոն» լրատվական կայքը հայտնում է, որ Բաքվի «Եվրատեսիլ»-ի մասնակցությունից հրաժարվող երկրների թիվը մոտ ժամանակում արագորեն աճելու է: Դրա պատճառն այն է, որ Ադրբեջանն ազատ երկիր չէ: Քանի որ «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի հիմնական կարգախոսը «Ազատ երկիր, ազատ երաժշտություն» կարգախոսն է, եվրոպական երկրներում լուրջ կասկածներ են ի հայտ եկել մրցույթը Ադրբեջանի նման ավտորիտար համակարգ ունեցող երկրում անցկացնելու կապակցությամբ: «Եվրատեսիլ-2012»-ի անցկացումը Բաքվում առաջին հերթին վտանգված է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների առկայությամբ եւ ազատ հավաքներ անցկացնելու ազատությունը սահմանափակվելու պատճառով:
Հավաստի աղբյուրներից կայքին հայտնի է դարձել, որ Բելգիան, Հոլանդիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆրանսիան, Դանիան եւ Լյուքսեմբուրգը ճանապարհներ են որոնում առանց դիվանագիտական ճգնաժամ ստեղծելու Բաքվում անցկացվելիք մրցույթին չմասնակցելու համար: Այդ երկրների մասնակցությունը մրցույթին քիչ հավանական է: Ենթադրվում է, որ Գերմանիան նույնպես կհրաժարվի մասնակցել «Եվրատեսիլ-2012»-ին:






Facebook
Tweet This
Email This Post
