Ինչպե՞ս տնօրինել փողը, որպեսզի հունվարին «անփող» չմնալ. խորհուրդներ տնտեսագետից
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | December 28, 2011 10:17
Տնտեսագետ Սամվել Ավագյանը հունվարյան «անփող» օրերից խուսափելու համար խորհուրդ է տալիս պլանավորել Ամանորյա ծախսերը, կազմել ծախսերի ժամանակացույց: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ ամանորյա զամբյուղի ծախսերը պետք է բաժանել մի քանի ամիսների վրա, մասնավորապես` ծախսերի մի մասը իրականացնել ավելի վաղ:
«Արագ չփչացող ապրանքները, օրինակ` խմիչքներ, չրեղեն, կոնֆետներ, մրգերի որոշ տեսակներ, ապխտած մսի որոշ տեսակներ գնել հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Այդ ձեւով մարդը հնարավորություն կունենա իր ամանորյա զամբյուղը ոչ միայն դեկտեմբեր ամսվա աշխատավարձի վրա գցել, այլեւ բաժանել մյուս ամիսների վրա»,- նշեց նա` հավելելով, որ դեկտեմբերի վերջին կարելի է գնել այն ապրանքները, որոնք շուտ են փչանում:
Ինչ վերաբերում է մի շարք թանկարժեք ապրանքներ գնելուն, որոնք, հնարավոր է, շատերը տարվա ընթացքում չեն ճաշակում, բայց Ամանորի սեղանին պարտադիր ցանկանում են ունենալ, տնտեսագետը նշեց, որ եթե մարդը շատ է ցանկանում դա ունենալ, թող գնի. «Եթե նրա տրամադրությունը սեւ ձկնկիթն է բարձրացնում, թող գնի, եթե գրպանը թույլ է տալիս: Բայց պետք է Ամանորը տոն դարձնել ոչ միայն քո, այլեւ բոլորի համար: Վերջիվերջո, տոն նշող մարդն աշխատանքային օրերին լավ եւ արդյունավետ է աշխատում: Իսկ տոն չնշող մարդն ամբողջ տարի դեպրեսիվ իրավիճակներում է հայտնվում»,- նշեց նա:
Սովորաբար դեկտեմբերին մարդիկ ստանում են երկու աշխատավարձ, իսկ հաջորդն ստանում են փետրվարին, ինչն ընտանիքներում մի շարք ֆինանսական խնդիրներ է առաջացնում: Մասնավորապես այն առումով, որ հունվարը երկար եւ «դաժան» ամիս է, գրեթե բոլորը տանն են, իսկ դա հավելյալ ծախսեր է ենթադրում, օրինակ` այդ ամիս կոմունալ վճարումները մեծ գումար են կազմում:
«Դեկտեմբերի վերջին մեծ թիվ են կազմում նաեւ պարգեւատրումներն ու 13-րդ հավելյալ աշխատավարձերը, զրոյացվում են բոլոր փոխադարձ պահանջները, պարտքերը, ինչի հետեւանքով մարդկանց մոտ հավելյալ գումարներ են լինում»,- նշեց տնտեսագետը: Նրա խոսքով`մինչեւ հունվարի կեսերը դեռ մարդիկ սպառում են Ամանորին գնած մթերքի պաշարները, բայց դրան զուգահեռ` պետք է նաեւ գումար խնայել հունվար ամսվա համար, տոնական մթերքների կողքին գնել նաեւ ամենօրյա մթերքներ:
«Տոնական օրերին լրացուցիչ եկամուտներ նաեւ բիզնեսն է ստանում, քանի որ առեւտուրը ծաղկում է, այսինքն` մարդկանց մեծամասնության համար այս նախատոնական շրջանառությունն ունի լուրջ տնտեսական հետեւանք: Բազմաթիվ բիզնեսի տեսակներ կան, որոնք Ամանորին են ծաղկում»,- ասաց Սամվել Ավագյանը: Մեկ հետաքրքիր դիտարկում եւս. տնտեսագետը նշեց, որ Ամանորի ճոխ սեղանը հայկական ժողովրդական ավանդույթ չէ, դա մի սովորույթ է, որը ձեւավորվել է 80-ականներին, երբ խորհրդային հանրապետություններում համեմատաբար բարձր կենսամակարդակի էին հասել: «Այդ ժամանակ մթերքները շատ էժան էին, միսը պետական դոտացիայով էր եւ ձեւավորվեց ամանորյա ճոխ սեղանների սովորույթը: Իսկ այժմ, երբ մենք թեւակոխել ենք շուկայական հարաբերություններ, երբ մթերքները իրենց շուկայական գներով են վաճառվում, այդ սովորույթը արդարացված չէ, բայց դեռ պահպանվում է»,- նշեց Սամվել Ավագյանը:
Պատրաստեց` Ինգա Մարտինյանը
News.am






Facebook
Tweet This
Email This Post
