Ինչպես և որտեղ տեղադրել տոնածառը. ԱԻՆ խորհուրդները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 27, 2011 15:48

Ամանորյա տոների ընթացքում բնակչության անվտանգության ապահովման նպատակով ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը իրականացնում է նպատակային հրդեհատեխնիկական հետազոտություններ համապատասխան օբյեկտներում (մարզամշակութային, ուսումնական և մարդկանց զանգվածային ներկայությամբ այլ օբյեկտներ):

Մարդկանց կյանքն ու առողջությունը պահպանելու, հրդեհներից ու դրանց ծանրագույն հետևանքներից խուսափելու նպատակով Արտակարգ իրավիճակների նախարարությունը դիմում է բնակչությանը.

Ամանորյա ուրախությունը ոչնչով չխաթարելու համար խնդրում ենք խստագույնս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

Մասնավորապես, տոնածառը թույլատրվում է տեղադրել 1-ին (ծայրահեղ դեպքում` 2-րդ) հարկում, ամուր պատվանդանի վրա, ընդարձակ սենյակում, որն ունենա մեկից ավելի տարհանման ելք: Հարկավոր է հետևել, որ տոնածառի շրջապատն ազատ լինի զանազան դյուրավառ իրերից, իսկ ճյուղերը չդիպչեն պատերին ու առաստաղին: Չի թույլատրվում տոնածառը տեղադրել անցումների վրա, միջանցքներում, դռան առջև, իսկ հեռավորությունը դյուրավառ իրերից ու առարկաներից պետք է լինի 1 մետրից ոչ պակաս:

Տոնածառի էլեկտրալուսավորությունը պետք է անցկացնի մասնագետը փակ հաղորդալարերով` էլեկտրատեխնիկական նորմերի և կանոնների պահպանմամբ: Լուսավորության համար պետք է օգտագործել 12 վտ-ից ոչ ավելի հզորության էլեկտրալամպեր, իսկ դրանց ու լարերի միացման տեղերն անպայման զոդել և հուսալիորեն մեկուսացնել: Շատերը տոնածառը զարդարելիս օգտագործում են բամբակ, թուղթ, պլաստմասսայե խաղալիքներ, երեխաների համար մառլյայից ու բամբակից կարում են կոստյումներ: Այդ բոլորը հեշտ բռնկվող նյութեր են, և բավական է մի փոքրիկ կայծ, որ տեղի ունենա բռնկում ու հրդեհ:

Արգելվում է տոնածառը լուսավորել մոմերով, բենգալյան կրակով հրավառություն անել և այդ սենյակում օգտագործել բաց կրակ:  Հատուկ ուզում ենք նշել, որ խստորեն արգելվում է տարբեր տեսակի հրավառությունների, ճայթռուկների (հատկապես` չինական արտադրության) օգտագործումը, որոնք  խիստ հրդեհապայթունավտանգ են:

Ամանորյա հանդիսությունների համար նախատեսված տեղերում անհրաժեշտ է մշտապես ունենալ հրդեհաշիջման սկզբնական միջոցներ` կրակմարիչ, ջուր, ավազ և այլն: Տոնածառների հսկողությունը պետք է իրականացնեն նախօրոք հրահանգավորում անցած անձինք: Չի կարելի փոքրահասակ երեխաներին թողնել տոնածառների մոտ առանց հսկողության: Դա կարող է դժբախտ պատահարների պատճառ դառնալ:

«Հարգելի քաղաքացիներ, միշտ հիշեք, որ անվտանգության կանոնների պահպանումը ձեզանից մեծ ջանքեր չի պահանջի, փոխարենը կապահովի ձեր անվտանգությունն ու բարձր տրամադրությունն ամանորյա հանդիսությունների ժամանակ»,- ասվում է ԱԻՆ տարածած հաղորդագրության մեջ:

Դիտվել է 841 անգամ:
Print Friendly

Leave a Reply