Սեւանա լճի մակարդակն այս տարի բարձրացել է 24 սմ-ով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 27, 2011 15:35

Սեւանա լճի մակարդակն այս տարի բարձրացել է 24 սմ-ով: Ինչպես տեղեկացնում է «Արեմնպրես»-ը, դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ նախագահին առընթեր «Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի» նախագահ Վլադիմիր Մովսիսյանն ասաց, որ լճի անկումը կասեցվել է, ու սկսվել է դրա աստիճանական բարձրացումը: «Դրան նպաստել է ոռոգման նպատակով Սեւանից ջրի բացթողումների կրճատումը»,-ասաց նա:

Մովսիսյանի խոսքով` կա երեք միասնական նպատակ, որոնք փոխկապակցված են: Առաջինը` լճի մակարդակի բարձրացումն է, հաջորդը` ջրի մաքրության ապահովումը, երրորդը` կենսաբազմազանության կայունացումը: «Եթե դրանցից որեւէ մեկը թերի է լուծվում, ապա չենք կարող ասել, որ կան դրական տեղաշարժեր: Եթե մինչեւ 2002 թվականը  ջրի մակարդակն իջել  էր 19,3 մետրով, ապա վերջին 10 տարիների ընթացքում այն բարձրացել է  3,82 մետրով եւ տարեկան` 38 սմ: Դա բավականին դրական ցուցանիշ է, իսկ մակարդակի բարձրացումը  շարունակական է եղել »,-նշեց նա:

Հանձնաժողովի նախագահի խոսքով` ջրի մաքրության առումով ձեռքբերումներն ավելի համեստ են, քան լճի մակարդակի բարձրացումը: Ավազանի հինգ քաղաքներում 33 կմ երկարությամբ կոյուղագծեր են կառուցվել ու վերակառուցվել: Ծրագրի շրջանակում Գավառ-Վարթենիս-Մարտունի մաքրման կայանների շինարարությունը սկսված է: Հաջորդ տարի հունիսին այդ մաքրման կայանները շահագործաման կհանձնվեն: «Եթե մինչ 2008 թվականը լճի ջրերի լուսաթափանցելիությունը կազմում էր 4-5 մետր, այս տարի այն կազմում է 8-11 մետր: Ինչպես նաեւ օրակարգից հանվել են Արարատի ոսկու գործարանը Սեւան լիճ տեղափոխելու հարցը»,-վստահեցրեց նա:

Անտառների մաքրման հարցում չնայած առկա խնդիրների` այժմ 295 հա տարածք մաքրվել է եւ լուրջ վերահսկողության կա որակի բարելավման առումով:  «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում տեղափոխվել է 3 պոմպակայան։

Ինչ վերաբերում է կենսաբազմազանության ապահովման խնդիրներին` Մովսիսյանը տեղեկացրեց, որ  367 հազար մանրաձուկ է լցվել  լիճը:  Առաջին անգամ արձանագրվել է, որ իշխանի` ամառային բախտակ ու Գեղարքունի երկու տեսակի ձկների քանակն էական աճել է:

 

Դիտվել է 1146 անգամ:
Print Friendly

Leave a Reply