Ֆինանսների նախարարությունը սոցիալական ոլորտում չարաշահումներն աննախադեպ է համարում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 27, 2011 15:26

Հանրապետությունից բացակայած 5 հազար 847 կենսաթոշակառուների անվամբ 2009-2010 թվականներին տեղի է ունեցել 1,3 մլրդ դրամի կենսաթոշակների անհիմն վճարումներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով Կենսաթոշակային հիմնադրամում այս տարի կատարած ստուգումների արդյունքները, այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը: Նրա խոսքով` բացահայտվել են 1288 մահացած  անձինք, որոնք ընդգրկված են եղել Կենսաթոշակային հիմնադրամի այս տարվա սկզբի վճարման ցուցակներում, որոնց անվամբ նախորդ երկու տարիներին վճարվել էին կենսաթոշակի եւ թաղման նպաստի 105 մլն դրամ:

«4 հազար 602 կենսաթոշակառուներ հարակից բազաներում չհայտնաբերվեցին: Նրանց գծով վճարը կազմում էր 2,3 մլրդ դրամ, եւս 97 մլն դրամի սխալ հաշվարկված կենսաթոշակների փաստեր արձանագրվեցին տարածքային բաժիններում: Ակնհայտ էր, որ կենսաթոշակառուի բարեկամը համաձայնության գալով կեսնաթոշակ նշանակողի ու վճարողների հետ ստացել էր գումարի մի մասը` մնացած մասը թողնելով պետական չինովնիկին: Մյուս դեպքում կենսաթոշակառուին թոշակ չի վճարվել. կամ մահացած է եղել, կամ էլ տարիներ շարունակ հանրապետությունից բացակայել էր»,- ասաց Ղարիբյանը:

Նրա հավաստմամբ` ՀՀ կառավարության կողմից կատարված մի շարք քայլերի շնորհիվ էապես կրճատվել են կոռուպցիոն ռիսկերը:

Վերին տվյալներով` Կենսաթոշակային հիմնադրամը տնտեսել է շուրջ 10 մլրդ դրամ, որից 5 մլրդ-ը ուղղվել է այս ոլորտում օգնությունների, նպաստների ու պատվո վճարների բարձրացված գումարների ֆինանսավորմանը, իսկ 5 մլրդ դրամը տնտեսվել է ու մնացել պետբյուջեում:

Ավարտելով սոցիալական ապահովության ոլորտում աշխատանքները` արտառոց  բացահայտումների  ստուգումների արդյունքներն առաջին կիսամյակի վերջում ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

Ստուգման ակտերի հիման վրա հարուցվել են քրեական գործեր:  2011 թվականի դեկտեմբերի 19-ի դրությամբ` այս գործերի շրջանակում հարցաքննվել է 5 հազար 355 անձ, 24-ին մեղադրանք է առաջադրվել, կալանավորվել է Կենսաթոշակային հիմնադրամի Նոր Նորքի սոցիալական ծառայության տարածքային բաժնի պետի տեղակալը: Նախաքննությունը շարունակվում է:

 

Դիտվել է 939 անգամ:
Print Friendly

Leave a Reply