Հայաստանն այս տարի արտահանել է 1561 տ թառափ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 27, 2011 15:20

Հայաստանի Հանրապետությունից կենդանիների արտահանման ծավալներն անցնող տարում աճել են: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, դեկտեմբերի 27–ին հրավիրված տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշեց, որ 2011 թ-ին տրամադրված 676 թույլտվության հիման վրա արտահանվել է ընդհանուր քաշով 1561 տոննա թառափ եւ 1066,5 տոննա խեցգետին` 2010 թ-ին տրված արտահանման 128 թույլտվությունների եւ 448,5 տոննայի դիմաց:

Շարունակում է կատարելագործվել մթնոլորտի պահպանության, մասնավորապես արտանետումների նորմավորման էլեկտրոնային համակարգը: Այն համացանցի միջոցով հնարավորություն է տալիս պարզեցնել նախագծերի ներկայացման եւ արտանետումների թույլտվություններ ստանալու ընթացակարգը: Նախարարի փոխանցմամբ` Արարատյան դաշտավայրում ստորերկրյա ջրերի արդյունավետ օգտագործումն ապահովելու նպատակով տեղադրվել եւ կապարակնքվել են 283 ջրաչափ:

Նախարարությունն իր ուշադրության ներքո է պահում վտանգավոր նյութերի եւ թափոնների կառավարման համակարգը, որը շարունակում է արդիականացվել եւ կատարելագործվել: Թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարումն ապահովելու նպատակով իրականացվել է ՀՀ տարածքում գործող 678 կազմակերպություններում առաջացած արտադրության եւ սպառման թափոնների պետական հաշվառում եւ դրանց դասակարգում` ըստ վտանգավորության աստիճանի:

 

Դիտվել է 1486 անգամ:
Print Friendly

Leave a Reply