Սպորտի նախարարն ամփոփեց տարվա ընթացում կատարված աշխատանքը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | December 27, 2011 14:35
Այսօր Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը, հանդիպելով զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, անդրադարձավ տարվա ընթացքում գերատեսչության կատարած աշխատանքին, հանրագումարի բերեց ձեռքբերումերը և անհաջողությունները:
Նախարարը հայտնեց, որ հաջորդ տարի բյուջեում սպորտի ֆինանսավորման ավելացում չի նախատեսվում: Հատկացվելու է 4 միլիարդ դրամ: Ինչ վերաբերում է մարզական ֆեդերացիաների ֆինանսավորմանը, ապա աշխատանքներ են կատարվում ֆինասավորման հայեցակարգ ստեղծելու: Ուսումնասիրվում է արտասահմանյան երկրների փորձը:
Նախորդ տարվա 157 մեդալների համեմատ այս տարի հայ մարզիկները միջազգային մրցումներում նվաճել են 135 մեդալ: Մերոնք օլիմպիական վարկանիշային մրցաշարերում տիրացել է օլիմպիական խաղերի 10 ուղեգրի: Նախորդ խաղերում ունեցել ենք 22 մարզիկ:
Սպորտի նախարարն այս ցուցանիշի նվազումը պայմանավորում է ոչ թե վատ աշխատանքով, այլ` մյուս երկրների ներկայացուցիչների հաջողություններով:
Օրերս հայկական առաջին հեռուստաալիքով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայապետյանն ասել էր, որ Հայաստանի սպորտի նախարարը ֆուտբոլը չի սիրում և մեր երկրի ազգային հավաքականի հանդիպումների ժամանակ մարզադաշտ չի այցելում: Երբ լրագրողներից մեկը նշեց այդ մասին, Արթուր Պետրոսյանը հայտնեց, որ ինքը չի դիտել այդ հաղորդումը և տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը: Նա նաև հայտնեց, որ բոլոր մարզաձևերն էլ ինքը սիրում է, իսկ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղերը գերադասում է դիտել հեռուստացույցով, քանի որ տանը ավելի հարմար է նայել: «Կարող ես ետ տալ, դիտել կրկնապատկերը, իմ հեռուստացույցն այդ հնարավորությունն ունի»,- պարզաբանեց նախարարը:
Իսկ այն հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի 2011-ի մրցաշրջանի 10 լավագույն մարզիկներին և երեք լավագույն թիմերի որոշման նպատակով կազմակերպված հարցման արդյունքներին, արդյոք նախարարությունը չի կարող ուղղորդել, Պետրոսյանը հայտնեց, որ իրավունք չի վերապահվում առանձին կազմակերպության գործերին միջամտել:
Ինչ վերաբերում է լավագույնների տասնյակի հրապարակված կազմին, ապա ըստ նախարարի, առաջինը պետք է լիներ շախմատիստ Լևոն Արոնյանը: Իսկ երբ նրան հարցրին, թե չի գտնում, որ լավագույնների եռյակում պետք է ֆուտբոլիստների անուններ լինեին, նախարարը միայն մեկ օրինակ բերեց: Պետրոսյանն ասաց, որ իր կարծիքով լավագույններին որոշելիս պետք է առաջին հերթին հաշվի առնվեն մարզիկների ցույց տված միջազգային արդյունքները: Մինչդեռ, եթե փորձենք մեր առաջատար ֆուտբոլիստներին փնտրել աշխարհի լավագույն խաղացողների ցուցակում, ապա նրանց չենք գտնի անգամ ստորին հորիզոնականներում: Այլ բան է, որ մեր ֆուտբոլիստներից ոմանք իրենց խաղով լավ տպավորություն են թողել: Իսկ թե ինչու մարզական լրագրողները նրանց նպատակահարմար չեն համարել տեսել լավագույն եռյակում, նա պարզապես իր և սպորտի նախարարության լիազորություններից վեր հարց համարեց:






Facebook
Tweet This
Email This Post
