Դանիան կոչ է արել բոյկոտել Բաքվի «Եվրատեսիլ»-ը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 26, 2011 13:07

Դանիայի OGAE ակումբը հեռարձակող ընկերություններին կոչ է արել բոյկոտել մայիսին Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, վկայակոչելով «eurovisionary.com» կայքը, դանիական հանրահայտ ակումբի ներկայացուցիչները կոչը հիմնավորել են մրցույթի համար Բաքվում կառուցվող նոր համերգասրահի հետ կապված մարդու իրավունքների ոտնահարումներով: Ակումբի կոչին հետեւել է «Եվրատեսիլ»-ի Դանիայի բաժանմունքի նախագահ Յոհան Սորենսենի արած հայտարարությանն այն մասին, որ Ադրբեջանում մրցույթի նոր դահլիճի կառուցման համար պետք է քանդվի 65 տուն, որի պատճառով 300 ընտանիքներ պետք է հեռանան տարածքից:

«Եթե այդ մարդիկ կամավոր չհեռանան իրենց տներից, Բաքվի իշխանությունները նրանց կհարկադրեն անել դա: Այդ մարդկանց իշխանությունները փոխհատուցման այնքան քիչ գումար են առաջարկում, որ քաղաքի տներից հեռացող մարդիկ ստիպված կլինեն Բաքվի ծայրամասերում ավելի փոքր բնակարաններում ապրել: Եթե Ադրբեջանի կառավարությունը չի հարգում մարդու իրավունքները եւ չի կարողանում համարժեք փոխհատուցում տալ մարդկանց, ապա Եվրոպայի հեռարձակման միությունը մրցույթի անցկացման համար պետք է մի այլ երկիր ընտրի», -ասվում է OGAE-ի տարածած հայտարարության մեջ:

 

Դիտվել է 730 անգամ:
Print Friendly

Leave a Reply