ՀՀ մշակույթի նախարարի համար ամենատպավորիչը մանկության տարիներին ստացած նվերներն են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 26, 2011 11:41

Ամանորին սպասում են բոլորը` անկախ տարիքից, սեռից, զբաղեցրած դիրքից: Օրվա հետ են մարդիկ կապում իրենց  ցանկությունների ու երազանքների իրականացումը: «Արմենպրես»-ը փորձեց ճշտել, թե այդ տոնից ինչ սպասելիքներ ունեն Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության ներկայացուցիչները: Ամանորյա հրաշքից իր ակնկալիքն է ներկայացնում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Տիկին Պողոսյան, Ամանորն ունի յուրահատուկ խորհուրդ: Այդ օրը մարդիկ սկսում են երազանքներ պահել, հավատալ հրաշքներին: Իսկ Դուք հավատում եք, արդյոք, ամանորյահրաշքին:

Ամանորի գիշերը մեզանից յուրաքանչյուրն ամփոփում է անցնող տարին ու ծրագրեր կազմում հաջորդ տարվա համար: Դրանց մեջ լինում են եւ իրականանալի ցանկություններ, եւ երբեմն անիրականանալի երազանքներ: Ես իմ տեսակով իրատես մարդ եմ ու վաղուց  անիրականանալի երազանքներ ու պատրանքներ չեմ ստեղծում ինձ համար: Բայց, միեւնույն ժամանակ, հավատում եմ հրաշքներին, այլապես կյանքը շատ գորշ ու տխուր կդառնա:

Կա, արդյոք, մի երազանք, ցանկություն, որը պահում եք յուրաքանչյուր Ամանորին, սակայն այնդեռեւս չի իրականացել:

Ես ունեմ մշտական ցանկություններ, որոնք ամեն տարի պահում եմ, դրանք կապված են իմ հարազատների առողջության, անվտանգության, երջանկության հետ, ինչպես նաեւ` ամեն տարի աշխարհին խաղաղություն ու ապահովություն եմ ցանկանում: Առայժմ չիրականցած երազանքներ չունեմ:

Նվերներ ստանալ սիրում են բոլորը: Լինում են նաեւ նվերներ, որոնք հիշվում են ամբողջկյանքի ընթացքում: Ո՞րը Դուք կմտաբերեք:

Ամենատպավորիչը մանկության տարիներին ստացած նվերներն են, որոնք խաղալիքներ են եղել եւ մինչ հիմա հիշում եմ դրանց պարգեւած ուրախությունը, մնացածն առանձնապես հետք չեն թողել: Իսկ վերջին շրջանի ամենամեծ նվերը ստացել եմ անցած Նոր Տարուն, երբ տոնը նշեցինք առաջին թոռնիկիս հետ:

Թեեւ տոնակատարությունները միշտ բերում են խինդ եւ ուրախություն, այնուամենայնիվ,հաճախ այդ օրերն ուղեկցվում են մի շարք հաճելի «հոգսերով», որոնց շարքին է դասվում նաեւամանորյա գնումները: Դա Ձեզ համար հո՞գս է, թե հաճույք:

Ամանորի պատճառած հոգսերը, կարծում եմ, ամենահաճելին են: Սիրում եմ այս տոնը, քանի որ շատ ընտանեկան է: Միշտ նշում ենք տանը` ընտանեկան մթնոլորտում: Հաճույքով եմ նախապատրաստվում: Նախկինում ժամանակի առումով  ավելի ջանադրությամբ էի ամեն ինչ անում, հիմա` մի քիչ պակաս: Շատ սիրում եմ տոնածառն ու տունը զարդարել, ավանդական մեր կերակուրները պատրաստել, բայց գնումներ չեմ անում: Դա ամուսնուս գործն է: Գնումներից, թերեւս, միայն  նվերներով եմ ես զբաղվում:

Իսկ ի՞նչ կմաղթեք այս տարի հայ ժողովրդին:

Խաղաղություն, առողջություն, աշխատանք, բարեկեցիկ կյանք. այս չորսի գոյությունից է մարդը սկսում  ներդաշնակ ապրել ինքն իր հետ: Իսկ դրանից երանելի վիճակ, կարծում եմ, չկա:

 

Դիտվել է 787 անգամ:
Print Friendly

Leave a Reply