Կալայջյանը պահանջում է դռնբաց դատական նիստ, այլապես հացադուլ կսկսի

Օրվա լուր | | September 21, 2009 15:09

Ավետիս Կալայջյան6 ամիս կալանքի տակ գտնվող սփյուռքահայ պատմաքաղաքագետ Ավետիս Կալայջյանը կնոջ` Ֆլորայի միջոցով «Անկախ»-ին բանտախցից փոխանցեց, որ եթե հաջորդ՝ հոկտեմբերի 2-ին կայանալիք  դատական նիստը դռնբաց չլինի, հացադուլ է սկսելու:

Ավետիս Կալայջյանը մեղադրվում է 2009թ. ապրիլի 12-ին` Զատիկի օրը  Սուրբ Էջմիածնի Մայր տաճար այցելող նախագահի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ:

«Թուրք-թուրանական ծավալապաշտությունը և 70 նահատակ ազգեր» գրքի (որից 150 օրինակ տվել է  պաշտպանության նախարարությանը. 50-ը` որպես նվիրատվություն, մնացածը` վաճառքի համար: Սակայն նախարարությունը մինչև հիմա չի վճարել գրքերի դիմաց տրվելիք 600.000 դրամը) հեղինակը Երևանում ընկերոջ տանը՝ սուրճի սեղանի շուրջ, դժգոհել է երկրի ղեկավարությունից  և ընկերոջ տղայի՝ վարչապետին վերացնելու «առաջարկին» ի պատասխան հումորով ասել, թե «կարելի է վարչապետի փոխարեն նախագահին վերացնել»:

Կալայջյանի գործը քննվում է Ավան և Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում: Մեղադրյալի խնդրանքով՝ հուլիսի 20-ին միջնորդություն ներկայացվեց`պետական գաղտնիքի հրապարակման պատճառով դատական նիստը դռնփակ անցկացելու բովանդակությամբ: Դատարանը բավարարեց միջնորդությունը, և մինչ հիմա բոլոր դատական նիստերն անցկացվել են դռնփակ:

«Ավետիսն ասում է, որ դռնփակ նիստից հետո հաջորդ նիստն արդեն խնդրել է, որ դռնբաց լինի, բայց իրեն մերժում են,- ասում է Ֆլորա Սարգսյանը,- Նա էլ որոշել է հացադուլ անել, քանի որ ոտնահարում են ազատ արտահայտվելու իր իրավունքը»: Ֆլորայի խոսքով` Ավետիսն ուզում է, որ լրագրողները հետևեն գործընթացին, ներկա լինեն նիստերին, որ դատարանը չկարողանա անարդար որոշում կայացնել:

Տես ավելին՝ http://ankakh.com/?p=9600

Դիտվել է 1707 անգամ:
Print Friendly

Leave a Reply