Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է քաղաքապետարանի ծրագրով կառուցված մինի ֆուտբոլի հերթական խաղադաշտի բացմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 25, 2011 20:58

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է քաղաքապետարանի ծրագրով կառուցված մինի ֆուտբոլի հերթական խաղադաշտի բացմանը

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Դավթաշեն վարչական շրջանի 2 րդ թաղամասում մասնակցել է մինի ֆուտբոլի խաղադաշտի բացմանը: Քաղաքապետն անձամբ նաև մեդալներ է հանձնել Դավթաշենի առաջին թաղամասի <<Բարդիներ>> բակային թիմի ֆուտբոլիստներին, ովքեր անցյալ տարի դարձել են Երևան քաղաքի բակային թիմերի չեմպիոն, իսկ 2011 թ. ՀՀ անկախության 20 րդ տարեդարձին նվիրված <<Կաշվե գնդակ>> ֆուտբոլի համահայկական մրցաշարում զբաղեցրել 2-րդ պատվավոր տեղը: Ի դեպ, այս թիմը մրցաշարին մասնակցության հայտ ներկայացրած մայրաքաղաքի միակ բակային թիմն է եղել, որի պատանի ֆուտբոլիստները այսուհետ հնարավորություն կունենան մարզվելու նաև միջազգային չափորոշիչներին համապատասխանող մինի ֆուտբոլի նորաբաց դաշտում: Այն պատված է  արհեստական խոտածածկով, ինչը ֆուտբոլ մարզաձևը նախընտրող այս և հարակից բակի բոլոր երեխաներին հնարավորություն կտա ֆուտբոլ խաղալ տարվա բոլոր եղանակներին: Երևանի քաղաքապետարանի 2011 թվականի շին բարեկարգման ծրագրով մայրաքաղաքում կառուցվել է նման ևս 10 խաղադաշտ:

Շնորհավորելով ֆուտբոլիստներին ու բակի բնակիչներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ մայրաքաղաքի բակերի բարեկարգման ծրագիրը լինելու է շարունակական, այդ թվում նաև հնարավոր տարածքներում մարզահրապարակների ձևավորման ուղղությամբ:

<<Վստահ եմ, որ մեր այս մոտեցումով կնպաստենք թե առողջ ապրելակերպի քարոզմանը, և թե հայկական սպորտի ու հատկապես ֆուտբոլի զարգացմանը: Մնում է, որ խնամքով վերաբերեք այս ամենին ու շատ մարզվեք: Մաղթում եմ ձեզ նորանոր հաղթանակներ >>,- նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով` պատանի մարզիկներն ու բնակիչները քաղաքապետին վստահեցրել են, որ մշտապես կհետևեն տարածքի մաքրությանն ու բարեկարգ կպահեն այն: Իսկ քաղաքապետի կողմից պարգևատրված ֆուտբոլիստները խոստացել են հաջորդ տարի ավելի մեծ նվաճումներ արձանագրել:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 828 անգամ:
Print Friendly

Leave a Reply