«Լավանդայի» Արայիկը անդամագրվել է ՕԵԿ-ին, որ բարձրացնի կուսակցության վարկանիշը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 25, 2011 12:50

Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների վարկանիշը բարձր է եղել, եւ «Լավանդայի» Արայիկը անդամագրվել է «Օրինաց երկիր» կուսակցությանը, ՕԵԿ-ի վարկանիշը բարձրացնի: NEWS.am-ի թղթակցի հետ զրուցում նման հայտարարություն է արել գործարար Արայիկ Հայրապետյանը:

Պարոն Հայրապետյան արդյո՞ք հստակեցրել եք` առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը խորհրդարանական ընտրություններում, թե ոչ:

Դեռ ոչ: Նոր տարուց հետո Ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ:

Ինչո՞ւ հենց նՆոր տարուց հետո:

Ինձ մոտ արձակուրդային տրամադրություն է, գնամ արձակուրդ գամ` նոր:

Ասվում էր, որ Դուք ՕԵԿ-ին անդամագրվել եք հենց ԱԺ պատգամավորի մանդատ ստանալու պայմանով:

Մարդ ցանկացած կուսակցության անդամագրվելուց, ավելիին է ձգտում, բացի նրանից ինչ անում է եւ արել է իր ամբողջ կյանքում: Բայց դեռ կուսակցության գործեր եմ անում եւ դեռ չեմ որոշել, թե ինչ պետք է անեմ:

Կոնկրետ Ձեզ ի՞նչ խոստում են տվել ՕԵԿ-ին անդամագրվելու դիմաց:

Ոչ մի, ուղղակի ես ունեի չօգտագործած ուժ, էներգիա, որը  պետք է մի տեղ ծախսեի: Իսկ այդ առումով ՕԵԿ-ը ինձ ավելի հոգեհարազատ էր:

Դուք մեծ շրջապատի ունեք, այլ կուսակցություններից առաջարկներ չե՞ք ստացել` ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից: Չէ, որ ՕԵԿ-ը վերջին շրջանում կորցրել է իր վարկանիշը:

Մյուսներում վարկանիշը բարձր էր, էլ բան չկար անելու: Հետեւաբար` պետք է այնտեղ գնաս, որ բարձրացնես: ՕԵԿ-ում աշխատելու մեծ դաշտ կա: Ինձ միշտ էլ այլ կուսակցություններից առաջարկել են անդամագրվել իրենց շարքերը, սկսած ՀՀՇ-ից բոլորն էլ առաջարկել են:

Լսել ենք, որ  Ձեր եւ ՕԵԿ-ի միջեւ անհամաձայնություններ կան:

Բացարձակ: Այ երեկ, քանի որ ես ՕԵԿ «Կենտրոն» կառույցի ղեկավարն եմ, կուսակցության 400 անդամների, ղեկավարների, բնակիչների հավաքել եմ եւ բոլորին շնորհավորել եմ:

Իսկ ինչո՞ւ ՕԵԿ-ի շտաբի պետի պարտականությունը վստահվեց Հեղինե Բիշարյանի: Իսկապես նա է ՕԵԿ-ի առյուծը:

Տիկին Բիշարյանը մեր ընկերն է եւ բավականին լավ փորձ ունի: Իր ցուցանիշներն էլ, որ ես էլ եմ նայում տեսնում եմ, որ նա բոլոր ժամանակներում, բոլոր տեղերում ավելի լավ է կազմակերպել:

Բացի կուսակցական աշխատանքներից ներկայումս էլ ինչո՞վ եք զբաղվում:

Իմ սեփական աշխատանքով` «Լավանդան» ընդմիշտ, ինչ-որ ես արել եմ: Ավելին` այդ մի բանն եմ արել ես ամբողջ կյանքում: Ես ուրիշ տեղ ոչ աշխատել եմ, ոչ էլ փորձել: Այդ մի գործն եմ արել ամբողջ կյանքում:

Դուք ցանկանում եք պատգամավոր դառնալ, մինչդեռ իշխանությունները մտադիր են Ազգային Ժողովից մաքրել բայց գործարարներին եւ մականունավորներին:

Իմ երեխաները բավականին մեծ են արդեն, եւ ես իմ բիզնեսը վերջին տարիներին փոխանցել եմ իրենց: Կակռազ այս տարի պետք է հանձնեմ իրենց:

Իսկ մականունի հարցը:

Իմը մականուն չէ: Առաջին տողում կարող եք գրել «Լավանդա» Հայրապետյան Արայիկ: Դա նորմալ է:

Այսինքն պատվով եք կրում ձեր մականունը:

Միանշանակ, Դուք էլ կարող եք ինձ այդպես ասել:

Իսկ ինչով է պայմանավորված, որ այդպիսի հպարտությամբ էք կրում ձեր մականունը:

Իմ ֆիրմայի անունն է զուտ: 30 տարի առաջ ստեղծել եմ, անփոփոխ այստեղ եմ աշխատել, այլ տեղում չեմ աշխատել: Իմ աշխատանքային գրքույկում մի տեղ կա աշխատանքի` դա «Լավանդա հոլդինգն» է: Ավելին` Հայրապետյանը շատ տարածված ազգանուն է: Հիմա, որ Ձեզ զանգեի ոնց պետք է ներկայանայի, որ ասեի Արայիկն է Հայրապետյան, միանգամից չէիք կռահի, թե որ Արայիկը: Բայց սենց, որ ասում եմ «Լավանդա», սաղ տեղն են բերում:

Պատրաստվում էք արդյո՞ք ՕԵԿ-ի օգտին ընտրակաշառք բաժանել:

Չէ ինչի համար, բացարձակապես: Դա անում է թույլ մարդը, որը ձայն չունի: Ես դրա կարիքը չունեմ ի՞նչի պետք է բաժանեմ: Ես ամբողջ կյանքում բաժանել եմ, հիմա պետք է քաղեմ:

Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը

NEWS.am

Դիտվել է 936 անգամ:
Print Friendly

Leave a Reply