Նոր-Նորքում բացվել է նոր մինի ֆուտբոլի խաղադաշտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 25, 2011 12:25

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Նոր-Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածում մինի ֆուտբոլի խաղադաշտի բացմանը: Բնակիչների խոսքով` դեռ խորհրդային տարիներից անխնամ մնացած տարածքի տեղում միջազգային չափորոշիչներին համապատասխան կառուցված դաշտը պատված է արհեստական խոտածածկով, ինչը թույլ կտա երեխաներին ֆուտբոլ խաղալ տարվա բոլոր եղանակներին:

Շինբարեկարգման համալիր ծրագրի շրջանակում առողջ ապրելակերպի եւ պատանի երեւանցիների մարզական հաջողություններին նպաստելու նպատակով 2011 թվականի քաղաքապետարանի ծրագրով մայրաքաղաքում կառուցվել են նման եւս 10 խաղադաշտ:

<<Մենք շարունակելու ենք բակերի բարեկարգման ծրագրերը, դրանում կարող եք վստահ լինել: Մեր նպատակն է, որ մեր սիրելի քաղաքը բարեկարգ տեսք ունենա, ինչին, վստահ եմ, կհասնենք համատեղ ուժերով: Ձեզնից էլ ակնկալում եմ, որ սրտացավորեն վերաբերեք կատարած աշխատանքին:>>,- բնակիչների հետ զրույցում նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով` բնակիչները քաղաքապետին վստահեցրել են, որ մշտապես կհետեւեն տարածքի մաքրությանն ու բարեկարգ կպահեն այն: Ֆուտբոլասեր պատանիներն էլ իրենց հերթին խոստացել են շատ մարզվել եւ ապագայում նպաստել հայկական գոլառատ ֆուտբոլի զարգացմանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 931 անգամ:
Print Friendly

Leave a Reply