ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | December 24, 2011 10:03
Իրանի Հանրապետության պարո՛ն Նախագահ,
Հարգարժա՛ն գործընկերներ,
Ցանկանում եմ մեկ անգամ ևս սիրով ողջունել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում: Համոզված եմ, որ այս այցելությունն է՛լ ավելի կխթանի մեր բարեկամական հարաբերությունները: Հայ-իրանական երկկողմ բարեկամության նոր շրջանն սկիզբ է առնում Հայաստանի Հանրապետության անկախության առաջին իսկ օրերից: Հետևաբար, այս տարի լրանում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակը, այլ նորագույն ժամանակաշրջանի մեր բարեկամության 20-ամյակը: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ այս տարիների ընթացքում մենք հաջողությամբ իրականացրել ենք մի շարք կարևոր նախագծեր և նախանշել ենք նոր ծրագրեր:
Շատ ուրախ եմ, որ պարոն Նախագահի հետ մեր առանձնազրույցի ընթացքում մենք եկանք շատ կարևոր եզրակացությունների: Դա շատ կօգնի մեր հարաբերություններն է՛լ ավելի խորացնել: Ես համոզված եմ, որ մեր հարաբերությունների հիմքը հայ-իրանական անկեղծ բարեկամությունն է, և հենց այս այցն էլ այդ բարեկամության վրա հիմնված մեր հարաբերությունների զարգացման նպատակ է հետապնդում: Ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել այն փաստը, որ մեր քաղաքական երկխոսությունը լավ ընթացք ունի բոլոր մակարդակներում, ունի շատ լավ տնտեսական հենք, և չնայած ողջ աշխարհի տնտեսության հետ կապված միջազգային խնդիրներին, մեր տնտեսական հարաբերությունները զարգանում են:
Մենք պարոն Նախագահի հետ խոսում էինք այն մասին, թե որքան լավ է, որ մեր առևտրաշրջանառությունն աճում է և մեր հարաբերությունների պատմության մեջ այն այսօր գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա, բայց ընդհանուր ֆիզիկական ծավալները բավարար չեն: Պարոն Նախագահն իրավացիորեն է նկատում, որ 300 մլն. ԱՄՆ դոլարը երկու բարեկամ, հարևան, կողք-կողքի ապրող ժողովուրդների և պետությունների համար շատ փոքր ծավալ է: Կարևոր է, որ մենք տեսնում ենք ներուժ, տեսնում ենք հնարավորություններ: Ինչպես պարոն Ահմադինեժադն ասաց, մենք կարող ենք շատ կարճ ժամանակահատվածում կրկնապատկել, եռապատկել այդ թվերը: Հատկապես, ինչպես ասացի, մենք շատ ջերմ, կառուցողական մթոնոլորտում մի քանի հարցերի շուրջ համաձայնության եկանք և եթե արագացնենք էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցումը, որոշակի ակտիվություն կարողանանք հաղորդել նավթամթերքի մեր շուկային, ապա, իրոք, կարող ենք ծավալները մեծացնել և, ընդհանրապես, կարող ենք աշխուժություն բերել: Ես վստահ եմ, որ ինչ-որ ժամանակաշրջան հետո, մենք կարողանալու ենք խոսել, որ այս ոլորտում արդեն ունենք ձեռքբերումներ, կարող ենք նշել, որ առևտրի ոլորտում այսօր առկա բավականին խոչընդոտներ վերացված են: Մենք պարոն Նախագահի հետ քննարկեցինք նաև այլ խնդիրներ: Կարևորն այն է, որ, իրոք, մթնոլորտը կառուցողական է, և իրար լավ ենք հասկանում:
Պարո՛ն Նախագահ, մեկ անգամ ևս բարով եք եկել Հայաստան՝ Ձեր գլխավորած պատվիրակության հետ միասին: Մենք մշտապես ուրախ ենք մեր բարեկամների հետ հանդիպելու՝ լինի Երևանում, թե Թեհրանում:






Facebook
Tweet This
Email This Post
