Հաջորդ շաբաթ վաճառքում կլինեն շտեմարանների 2-րդ հատորները
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | December 23, 2011 19:58
Առաջիկա շաբաթվա ընթացքում վաճառքում կլինեն «Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա» առարկանների շտեմարանների 2-րդ հատորները. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը:
Նա նշեց, որ մաթեմատիկայի շտեմարանն այսպիսով ավարտուն կլինի` դիմորդներին ներկայացնելով 6 հազար առաջադրանք: Հայոց լեզվի և գրականության շտեմարանը, սակայն, հաջորդ տարի կհամալրվի` լույս կընծայվեն 3-րդ և 4-րդ հատորները: Այս առարկայի շտեմարանում ընդգրկված է 5 հազար հարց:
Խաչատրյանը նշեց, որ դեռ վերջնական որոշում կայացված չէ, թե որ առարկաներից շտեմարաններ կհրատարակվեն հաջորդ տարի: Սակայն արդեն իսկ ձևավորվել է աշխատանքային խումբ «Քիմիա» և «Ֆիզիկա» առարկաների շտեմարանների վրա աշխատելու համար, որպեսզի գրքերը պատրաստ լինեն առաջիկա ուսումնական տարվա սկզբին:
Հայոց լեզվի և գրականության շտեմարանի հեղինակներից Միրցա Հալաջյանն էլ նշեց, որ շտեմարանը կազմելիս դժվարություններ են ունեցել, քանի որ հոսքային բոլոր դասարանների համար ընդհանուր թեստ պետք է կազմվի: Հոսքային դասարանների գրականության դասագրքերը, նաև հեղինակային խմբերը տարբեր են, ուստի և տարբեր են դասագրքում առկա մոտեցումները, ընդգրկված գրողները և ստեղծագործությունները: Թեստերի համար համադրել են դասագրքերը և վերցրել ընդհանուրը, ինչը, սակայն, ըստ Հալաջյանի, բավարար չի եղել կոնկրետ հեղինակի և նրա ստեղծագործությունների մասին պատկերացում կազմելու համար: Այդ պատճառով էլ թեստերում ընդգրկել են 7-րդ դասարանից սկսած անցած նյութերը: Հալաջյանի խոսքով, բոլոր առարկաների թեստերում էլ ընդգրկվում է 1-12-րդ դասարաններում անցածը, ուստի արտառոց չէ, որ գրականության հարցերում էլ ավելի վաղ անցած նյութեր են ընդգրկել:
«Շեշտադրվել են բովանդակային հարցերը, կստուգվի աշակերտի` բովանդակության իմացությունը: Դա կստիպի դպրոցականներին կարդալ բնագրերը»,- ասում է Հալաջյանը:






Facebook
Tweet This
Email This Post
