Ձեռքբերումներ էլ, չլուծված խնդիրներ էլ կան. ԿԳ նախարարն ամփոփում է տարին
ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | Հայկուհի Բարսեղյան | December 23, 2011 19:08
2011-ը ակտիվ աշխատանքի և ձեռքբերումների տարի էր, չնայած դեռ մի շարք խնդիրներ կան, որոնք իրենց լուծմանն են սպասում. ամփոփելով անցնող տարին` այօր նման հայտարարություն արեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Այս տարի հանրապետության 125 համայնքներում բացվել են նախակրթարաններ, ինչի շնորհիվ 1700 երեխաներ սեպտեմբերի 1-ից մանկապարտեզ են հաճախել:
Աշոտյանը տարվա ամենահաջողված բարեփոխումներից է համարում 3 փուլով իրականացված դպրոցի տնօրենների քննությունները: Բացի այդ, 8000 ուսուցիչներ էլ վերապատրաստվել են տարվա ընթացքում:
Իրականացվում է նաև դպրոցաշինություն, 9 ավագ դպրոցներ վերակառուցման փուլում են:
Այս տարի վերջնականապես անցում է կատարվել 12-ամյա կրթական համակարգի, Հայաստանում էլ բացվել է 1-ին միջազգային դպրոցը:
250 դպրոցների ՀՀ-ում և 10 դպրոցների ԼՂՀ-ում հատկացվել է ընդհանուր 2500 համակարգիչ, ինչը հնարավորություն է տվել աշակերտ-համակարգիչ հարաբերակցությունը մոտեցնել եվրոպական միջինին:
15-ով ավելացել են նաև ներառական կրթություն իրականացնող դպրոցները, այժմ այդպիսի 81 դպրոց կա:
Կառավարության որոշմամբ մինչև 2013-ը բոլոր քոլեջներն ու ուսումնարանները կանցնեն ԿԳՆ ենթակայության տակ, ինչը հնարավորություն կտա վարել միասնական քաղաքականություն և ավելի արդյունավետ տնօրինել պետական միջոցները:
2011-ին կրճատվել է նաև մասնավոր բուհերի թիվը, մասնավոր ուսումնական հաստատությունների մի զգալի մասն էլ սկսել է խոշորացման գործընթացը` առկա մրցակցությանը դիմանալու համար:
Ընդունվել է նաև հավատարմագրման նոր կարգը և երկու պետական բուհեր փորձնական հավատարմագրում են անցել:
Փոփոխվել է պետական ավարտական քննությունների կարգը. այսուհետ քննությունների ընթացքը կձայնագրվի, իսկ շրջանավարտներն էլ կկարողանան բողոքարկել պետական ավարտական քննական հանձնաժողովի գնահատականը:
Այս տարի միջպետական պայմանագրերով արտերկիր ուսումը շարունակելու է մեկնել 190 ուսանող, իսկ ընդհանուր, այլ ծրագրերն էլ հաշված` մոտ 500: Հայաստանն էլ ընդունել է օտարերկրացի 520 ուսանողների:
Արմեն Աշոտյանը նաև հայտարարեց, որ Երևանը 2015-ի Բոլոնիայի գործընթացի նախարարների գագաթնաժողովը հյուրընկալելու հայտ է ներկայացրել: Եթե հայտը բավարարվի, ապա 2012-2015թթ. Երևանը կդառնա Եվրոպական կրթության մայրաքաղաքը և կհյուընկալի Բոլոնյան գործընթացի քարտուղարությանը:
Նախարարը նշում է, որ այս ամենի հետ մեկտեղ, դեռ լուծված չէ կրթության որակի բարձրացման հարցը, կոռուպցիոն ռիսկերը վերացված չեն, մնում է չլուծված կրթության մատչելիության հարցը և այլն:






Facebook
Tweet This
Email This Post
