Քննարկվել են պղնձամոլիբդենային հանքերի շահագործման աղետալի հետեւանքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 23, 2011 18:03

Այսօր «Քաղաքացիական ազգային նախաձեռնության» (ՔԱՆ) դահլիճում տեղի ունեցավ հանրային քննարկում` Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքերի շահագործման աղետալի հետեւանքների,  Քաջարանի եւ հարակից գյուղերի ճակատագրի վերաբերյալ:

Բացելով քննարկումը` ՔԱՆ ներկայացուցիչ Ոսկեհատ Իսախանյանը նշեց. «Երբ հանքային մոլուցքը դառնում է անկառավարելի կամ ավելի վատ` բացառիկ գերակա շահ, այն կարող է կործանարար հետեւանքներ ունենալ ցանկացած, առավելապես Հայաստանի պես փոքր երկրի համար»:

Ներկայացնելով խնդրի իրավական կողմը, առաջին բանախոսը` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունն առանց հստակ եւ իրավական որոշակիության չափանիշներին համապատասխանող կարգի կիրառման, 2011թ. ապրիլի 28-ի N 627-Ն որոշմամբ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի /181,7 հա/, Արծվանիկի /162,95 հա/, Սեւաքարի /81,13 հա/, Աճանանի /9,5 հա/, Չափնիի /16,1 հա/, Սյունիքի /51,8 հա/ համայնքների հողերը` ա/ ճանաչել է բացառիկ` գերակա հանրային շահ պետական կարիքների գոտի, բ/ կայացրել է որոշում հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին եւ բ/ կայացրել է որոշում այդ հողերը հօգուտ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի օտարելու մասին, ինչով խախտվել են ՀՀ Սահմանադրության, մի շարք օրենքների ու միջազգային պայմանագրերի նորմերը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայաստանյան «Իկոմոս» կազմակերպության անդամ Գագիկ Սուխուդյանն անդրադարձավ պոչամբարների տեղադրման արդյունքում առաջացած բնապահպանական աղետի խնդրին: Նա նշեց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքերի խնդրից բացի, առկա են բազմաթիվ այլ հանքերի, օրինակ` Թեղուտի խնդիրը, որոնք կարիք ունեն քաղաքացիական հասարակության ավելի մեծ ուշադրության: Նա նաեւ անընդունելի որակեց հանրային գերակա շահի կիրառումն ընդդեմ հանրության:

«Էկոլուր» ՀԿ  նախագահ Ինգա Զարաֆյանը ներկայացրեց «Հանրային գերակա շահ» ֆիլմը, որում տեսագրված էին Սյունիքի մարզի Քաջարան եւ այլ գյուղերի բնակիչների մտահոգությունները խնդրո առարկայի կապակցությամբ, նրանց բացասական դիրքորոշումն իրենց համայնքներին պատկանող հողերի օտարման վերաբերյալ, նաեւ փաստագրված էր աշխարհի ամենահարուստ մոլիբդենային հանքի շուրջ ապրող բնակչության ծայրահեղ վատ սոցիալական վիճակը:

Հաջորդ բանախոսը` «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանը, իր ելույթում ներկայացրեց երեւույթի քաղաքական կողմը. «Չկա ժողովրդի կողմից ընտրված իշխանություն, հետեւաբար չկա իշխանության կախվածությունը ժողովրդից, չի կատարվում ժողովրդին հաշվետու լինելու պարտավորությունը: Երկիրն անխնա շահագործվում է` ընդերքից սկսած մինչեւ  մարդ»,- ասաց նա:

Այնուհետեւ տեղի ունեցած քննարկման ընթացքում խնդրի շուրջ իրենց կարծիքը հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից Աննա Սաֆարյանը, «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, Քաջարանի պաշտպանության խմբի անդամներ Արթուր Գրիգորյանը, «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Ապրես Զոհրաբյանը, Եղիա Ներսիսյանը: Նույն խմբի անդամ Լեւոն Գալստյանն առաջարկեց պահանջել, որպեսզի 2012թ. հունվարի 1-ից դադարեցվի բաց եղանակով մետաղային հանքերի շահագործումը: Ելույթ ունեցան նաեւ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, «Էկոլուրի» ներկայացուցիչ Թեհմինե Ենոքյանը, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Բարխուդարյանը, Հանրային խորհրդի անդամ Սուսաննա Մուրադյանը, ով մեկ անգամ եւս անդրադարձավ «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի վերանայման անհրաժեշտությանը: Մասնագիտությամբ բժիշկ Թերեզա Օսկանյանն արծարծեց շահագործվող հանքերի մերձակայքում ապրողների առողջական վիճակի խնդիրը, ճշգրիտ վիճակագրություն ունենալու եւ դրա հիման վրա համապատասխան եզրակացություններ անելու անհրաժեշտության հարցը:

Քննարկման ավարտին ընթերցվեց հետեւյալ բովանդակությամբ մի պահանջագիր.

«Անհապաղ անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2011թ.  ապրիլի 28 N 627-Ն որոշումը` սահմանամերձ Քաջարան եւ Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի շրջակա գյուղերի` Արծվանիկի, Սեւաքարի, Աճանանի, Չափնիի, Սյունիքի  հողերի օտարման վերաբերյալ: Անհապաղ դադարեցնել նշված գյուղերի բնակիչների նկատմամբ ճնշում գործադրելու փորձերը»: Պահանջագրի տակ ստորագրեցին հանրային քննարկման 60 մասնակիցներ: Ստորագրահավաքը շարունակվելու է: Քննարկման մասնակիցները նաեւ որոշեցին հետագա քայլերն ու անելիքները` մասնավորապես համապետական ստորագրահավաքի նախաձեռնում` վերջին տարիներին բաց եղանակով շահագործման հանձնված հանքերի օգտագործման դեմ, բողոքի ակցիաներ կառավարության շենքի առջեւ, ստորագրահավաք Սյունիքի մարզի 6 գյուղերում, իրավական գործողություններ, այդ թվում դատական ճանապարհով կառավարության որոշումների բողոքարկում, նստացույց-ճամբար Թեղուտում եւ այլն:

 

Քաղաքացիական ազգային նախաձեռնության լրատվական ծառայություն

 

Դիտվել է 1419 անգամ:
Print Friendly

Leave a Reply