«Կոոպերացիաները մեր երկրի ապագան են». Սերգո Կարապետյան

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 23, 2011 17:27

Գյուղական տարածքների տնտեսական զարգացման առումով առաջիկայում կարևորվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության», ինչպես նաև Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Գյուղական կարողությունների ստեղծման» ծրագրերի արդյունավետ իրականացումը: Այս մասին այսօր, ամփոփելով տարին, հայտարարեց Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Առաջիկա խնդիրների շարքում կարևորվում է նաև տնտեսավարման ձևերի կատարելագործումը, մասնավորապես` գյուղատնտեսությունում կոոպերացիայի, տնտեսվարողների համատեղ գործունեությունը խթանելու մեխանիզմների ներդրման միջոցով արտադրության արդյունավետության բարձրացումը: Վերջինիս ուղղությամբ 2012 թվականին նախատեսվում է «ՀՀ գյուղատնտեսությունում կոոպերացիայի զարգացման հայեցակարգի»  մշակումը, որը կնպաստի իրավական հիմքերի հստակեցման` «Գյուղատնտեսությունում կոոպերացիայի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման համար:

«Մեր հողակտորները շատ մասնատված են, մարդիկ փոքր հողակտորներ ունեն, և դրա վրա չեն կարողանում իրենց աշխատանքին  համապատասխան եկամուտներ ստանալ: Այդ ուղղությամբ մենք ուսումնասիրություններ ենք կատարել:  Ամբողջ աշխարհում մարդիկ միավորվում են, կոոպերացիաների միջոցով  և միավորման շնորհիվ կարողանում են իրենց արտադրությունն ավելի զարգացնել և արտադրության ծավալները մեծացնել: Մենք մարդկանց առաջարկում ենք կոոպերացիաներ ստեղծել ոչ թե միավորելով իրենց սեփականությունը, այլ միավորվելով համատեղ աշխատանք կատարելու և իրենց առջև ծառացած խնդիրները լուծելու համար»,- ասաց գյուղնախարարը:

Նա հայտնեց, որ որոշակի աշխատանքներ են տարվել տնտեսավարման ձևերի զարգացման, գյուղատնտեսությունում կոոպերատիվների ձևավորմանն աջակցության և դրանց կարողությունների ուժեղացման ուղղությամբ: Մասնավորապես`«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության»  վարկային ծրագրի շրջանակներում հանրապետության անասնապահությամբ մասնագիտացված 5 մարզերի 33 համայնքներում ստեղծվել են «Համայնքի արոտօգտագործողների միավորում»  սպառողական կոոպերատիվներ, որոնց գործունեությունը նպատակաուղղվելու է բնական կերահանդակների արդյունավետ օգտագործմանը, անասնապահության ճյուղի զարգացմանը և արդյունավետության բարձրացմանը: Ինչպես նաև մշակվել և ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «ՀՀ  գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգը , որի դրույթերով գյուղացիական տնտեսությունների խոշորացման կարևոր ուղղություններից է համարվել կոոպերացիայի խթանումը և այդ ուղղությամբ նպատակային պետական քաղաքականության իրականացումը:

«Այդ միավորումներն ու կոոպերատիվները մեր երկրի ապագան են, և հենց եկող տարի մենք կոոպերացիաների մասին օրենք և հայեցակարգ պետք է մշակենք, որ եկող տարվանից այն օրենքի ուժ ստանա»,- կարևորեց գյուղնախարարը:

 

Դիտվել է 1306 անգամ:
Print Friendly

Leave a Reply