Պաշտոնական այցով Հայաստանում է Իրանի նախագահը. ընդունվել է համատեղ հայտարարություն
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | December 23, 2011 16:41
Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Նախագահի նստավայրում Իրանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Մահմուդ Ահմադինեժադի առանձնազրույցը, որին հաջորդել են երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:
Այնուհետև տեղի է ունեցել մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է Իրանի նախագահի գլխավորած պատվիրակության այցը և համոզմունք հայտնել, որ այցելությունն է՛լ ավելի կխթանի երկու երկրների բարեկամական հարաբերությունները: «Հայ-իրանական երկկողմ բարեկամության նոր շրջանն սկիզբ է առնում Հայաստանի Հանրապետության անկախության առաջին իսկ օրերից: Հետևաբար, այս տարի լրանում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակը, այլ նորագույն ժամանակաշրջանի մեր բարեկամության 20-ամյակը: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ այս տարիների ընթացքում մենք հաջողությամբ իրականացրել ենք մի շարք կարևոր նախագծեր և նախանշել ենք նոր ծրագրեր»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Նա շեշտել է այն փաստը, որ երկու երկրների քաղաքական երկխոսությունը լավ ընթացք ունի բոլոր մակարդակներում, ունի շատ լավ
տնտեսական հենք, և չնայած ողջ աշխարհի տնտեսության հետ կապված միջազգային խնդիրներին, Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունները զարգանում են: «Պարոն Նախագահն իրավացիորեն է նկատում, որ 300 մլն. ԱՄՆ դոլարը երկու բարեկամ, հարևան, կողք-կողքի ապրող ժողովուրդների և պետությունների համար շատ փոքր ծավալ է: Կարևոր է, որ մենք տեսնում ենք ներուժ, տեսնում ենք հնարավորություններ: Ինչպես պարոն Ահմադինեժադն ասաց, մենք կարող ենք շատ կարճ ժամանակահատվածում կրկնապատկել, եռապատկել այդ թվերը: Հատկապես, ինչպես ասացի, մենք շատ ջերմ, կառուցողական մթոնոլորտում մի քանի հարցերի շուրջ համաձայնության եկանք և եթե արագացնենք էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցումը, որոշակի ակտիվություն կարողանանք հաղորդել նավթամթերքի մեր շուկային, ապա, իրոք, կարող ենք ծավալները մեծացնել և, ընդհանրապես, կարող ենք աշխուժություն բերել»,-ասել է նախագահ Սարգսյանը:
Երկու երկրների նախագահներն այցի արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն:
Ստորև ներկայացնում ենք այն ամբողջությամբ.
«Հայաստանի Հանրապետության նախագահ Նորին Գերազանցություն Սերժ Սարգսյանի հրավերով 2011թ. դեկտեմբերի 23-ին մեկօրյա այցով Հայաստանում էր գտնվում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Նորին Գերազանցություն Մահմուդ Ահմադինեժադը` բարձրաստիճան պատվիրակության ուղեկցությամբ:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հանդիպեց և բանակցություններ ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այցի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հանդիպումներ ունեցավ նաև Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
Երկու պետությունների նախագահների միջև բանակցություններն ընթացան բարեկամական և փոխըմբռնման մթնոլորտում: Նախագահները քննարկեցին Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունների տարբեր ոլորտներին, ներկա վիճակին և համագործակցության հեռանկարներին առնչվող հարցերի լայն շրջանակ, ներկայացրեցին երկու պետությունների տեսակետները տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Մահմուդ Ահմադինեժադը, գոհունակություն հայտնելով Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ, որոնք հիմնված են Հայաստանի և Իրանի ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա, վերահաստատեցին իրենց վճռականությունը առավել զարգացնելու երկկողմ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները:
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահները կարևորեցին երկու երկրների միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը և շեշտեցին ս.թ. մայիսի 29-30-ը Թեհրանում կայացած միջկառավարական համատեղ հանձնաժողովի տասներորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև երկու պետությունների միջև ստորագրված այլ փաստաթղթերին հետամուտ լինելու անհրաժեշտությունը:
Նախագահներն ընդգծեցին այդ պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը երկու պետությունների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման և ենթակառուցվածքների զարգացման, տնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, արդյունաբերության և ներդրումային ոլորտներում փոխհամագործակցության մակարդակի բարձրացման առումով:
Այցի ընթացքում ստորագրվեցին.
– «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը զարգացման օժանդակություն տրամադրելու մասին» Փոխըմբռնման հուշագիր:
– «2007 թվականի մարտի 19-ին Մեղրի քաղաքում Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև ստորագրված «Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրում լրացումներ կատարելու վերաբերյալ» Արձանագրություն,
– «ՀՀ կառավարության և ԻԻՀ կառավարության միջև աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառում համագործակցության մասին» Փոխըմբռնման հուշագիր,
– «ՀՀ բնապահպանության նախարարության և ԻԻՀ բնապահպանության կազմակերպության միջև բնապահպանական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման 2012-2013թթ.» Գործողությունների ծրագիր,
– «ՀՀ ստանդարտների ազգային ինստիտուտի և ԻԻՀ ստանդարտների և արտադրական հետազոտությունների ինստիտուտի միջև»
Փոխըմբռնման հուշագիր,
– «Կառուցում-Տնօրինում-Շահագործում-Փոխանցում (ԿՏՇՓ) հիմունքներով Մեղրի հիդրոէլեկտրակայանի կառուցման համար թույլտվության պայմանագրի» վերաբերյալ Փոխըմբռնման հուշագիր
Երկու պետությունների նախագահները գոհունակություն հայտնեցին էներգետիկայի բնագավառում ընդլայնվող համագործակցության կապակցությամբ: Ողջունելով էլեկտրահաղորդման 3-րդ գծի ծրագրի իրագործման սկիզբը՝ նրանք ընդգծեցին այն հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը:
Նախագահները կարևորեցին Արաքս գետի վրա ՀԷԿ-երի, ինչպես նաև երկու պետությունների երկաթուղային ցանցերը միացնող երկաթգծի և Իրան-Հայաստան նավթատարի կառուցման ռազմավարական ծրագրերի իրագործումը: Համապատասխան նախարարություններին հանձնարարություն տրվեց առաջիկա 6 ամիսների ընթացքում գործադրել բոլոր ջանքերը նշված ծրագրերը գործնական փուլ տեղափոխելու համար:
Նախագահներն ընդգծեցին Հայաստանի Հանրապետությունում և Իրանի Իսլամական Հանրապետությունում գործարար շրջանակների տնտեսական և ներդումային գործունեության համար նպաստավոր պայմանների ստեղծման կարևորությունը:
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահներն անհրաժեշտ համարեցին տարածաշրջանում հարատև խաղաղության, կայունության և անվտանգության հաստատումն ու ամրապնդումը` կարևորելով տարածաշրջանային բազմակողմ համագործակցության խորացումն ու առկա հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերի գործադրումը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանը` երկու պետությունների նախագահներն ընդգծեցին խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների վրա հիմնվելով այն հանգուցալուծելու անհրաժեշտությունը:
Երկու պետությունների նախագահները, շեշտելով տարածաշրջանային և միջազգային կարևոր խնդիրների շուրջ համատեղ խորհրդակցությունները շարունակելու անհրաժեշտությունը, կարևորեցին համաշխարհային խաղաղության և անվտանգության ամրապնդումը:
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահներն անդրադառնալով մերձավորարևելյան և հյուսիսաֆրիկյան վերջին իրադարձություններին` ընդգծեցին տարածաշրջանում կայունության, անվտանգության և խաղաղության, ինչպես նաև ազգային համերաշխության ներքո ժողովուրդների օրինական իրավունքների հաստատման անհրաժեշտությունը:
Նախագահները կարևորեցին զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրը` իրենց հավատարմությունն արտահայտելով Միջուկային զենքի չտարածման պայմանագրին: Նրանք նշեցին միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման բոլոր երկրների, այդ թվում Հայաստանի և Իրանի իրավունքը: Երկու պետությունների նախագահներն ընդգծեցին բանակցությունների միջոցով և դիվանագիտական ուղիներով Իրանի միջուկային խնդրի կարգավորման կարևորությունը:
Նախագահները, անդրադառնալով միջազգային ահաբեկչության և կազմակերպված հանցավորության խնդիրներին, պատրաստակամություն հայտնեցին երկկողմ և բազմակողմ շրջանակներում համագործակցել նման սպառնալիքների դեմ պայքարում:
Սույն հայտարարությունը հրապարակվեց 2011թ. դեկտեմբերի 23-ին, Երևան քաղաքում, պարսկերեն և հայերեն լեզուներով»:






Facebook
Tweet This
Email This Post
