Մահացել է Նորայր Մուշեղյանը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 23, 2011 13:37

Ծանր հիվանդությունից հետո, 76 տարեկան հասակում մահացել է հայկական սպորտի երախտավոր,  նախկինում աշխարհահռչակ ըմբիշ Նորայր Մուշեղյանը:

Նա  ծնվել է Երևանում, պատանեկան հասակից զբաղվել է սպորտով, դարձել ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթակիր և չեմպիոն, ԽՍՀՄ չեմպիոն, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի հաղթող: Մուշեղյանն ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, կրել է  ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի, մարզչի,   ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի  վաստակավոր գործչի կոչումները: Նա եղել է Խորհրդային Միության և Աֆղանստանի հավաքականների ավագ մարզիչը, արժանացել է ԽՍՀՄ  Աշխատանքային կարմիր դրոշի, ժողովուրդների բարեկամության շքանշանների  և բազմաթիվ այլ  պարգևների:

Մուշեղյանը Հայաստանից ըմբշամարտի աշխարհի առաջին չեմպիոնն է: Ակտիվ սպորտին հրաժեշտ տալուց հետո, նա զբաղվել է մարզչական աշխատանքով, իսկ 1961-ին հիմնադրել է և մինչև 2010-ը գլխավորել է Երևանի օլիմպիական հերթափոխի ըմբշամարտի դպրոցը, որը ժողովուրդը, ի նշան հարգանքի, նրա անունով է կոչում: Մուշեղյանը «Զորավար Անդրանիկ» միության հիմնադիրն ու նախագահն էր:

«Անկախ»-ի աշխատակազմը խորապես ցավակցում է  Նորայր Մուշեղյանի  ընտանիքին, հարազատներին, նրանց հետ միասին կիսում անդառնալի կորուստը:

 

 

Դիտվել է 884 անգամ:
Print Friendly

Leave a Reply