Էրեբունի վարչական շրջանում բացվել են ևս մի քանի բարեկարգված բակեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 23, 2011 10:19

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է քաղաքապետարանի 2011 թվականի բակերի բարեկարգման ծրագրի շրջանակներում Էրեբունի վարչական շրջանում իրականացված երկու բակերի, ինչպես նաև Նոր Արեշի 7-րդ և 9-րդ փողոցների հատման մասում կառուցված պուրակի բացմանը: Վերջինը նախկինում  լքված ու ամայի տարածք է եղել ու, ինչպես նկատել են հարակից տարածքի բնակիչները, գարնանը, երբ կանաչապատվի  և սկսեն գործել նաև շատրվանները, պուրակն ուղղակի դրախտային տեսք կունենա:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անցկացված է նաև ոռոգման ցանց, և արտաքին դեկորատիվ լուսավորության համակարգ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղում Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է գարնանը ոռոգման ցանցը հասցնել նաև հարակից դպրոցի տարածք, ինչպես նաև ընթացք տալ բնակիչներից մեկի կողմից բարձրացված իրենց բակի բարեկարգման խնդրանքին:

Այնուհետ քաղաքապետը այցելել է Ռոստովյան 15 և Մուրացանի 109 շենքերի ու Արցախի 22 կոտորակ 1, 24 և 24 կոտորակ 1 շենքերով պարփակված բակային տարածքներ ու մասնակցել բարեկարգված բակերի հանդիսավոր բացմանը: Այս բակերում էլ տեղադրվել  են նստարաններ ու նոր զրուցարաններ, խաղահրապարակները սալապատվել ու բերվել են պատշաճ տեսքի:

Գոհունակություն հայտնելով կատարված աշխատանքից, քաղաքապետը շնորհավորել է բնակիչներին նորոգված բակերի վերաբացման կապակցությամբ: Բնակիչներն էլ, իրենց հերթին շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար, վստահեցրել են քաղաքապետին, որ աչքի լույսի պես են պահելու իրենց բակերն ու խնդրել են վարչական շրջանի դեռևս չբարեկարգված բակերը ևս կարգի բերել:

Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ բակերի բարեկարգման ծրագիրը լինելու է շարունակական:

 

Դիտվել է 783 անգամ:
Print Friendly

Leave a Reply