«Դորիանս»-ի թռիչքը. նոր ձայնասկավառակն արդեն վաճառքում է

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 22, 2011 19:37

Այսօր «Վիտամին» ակումբում տեղի ունեցավ «Դորիանս» ռոք խմբի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը:

Աշխատանքները սկսվել են մեկուկես տարի առաջ և ավարտվել այս տարվա գարնանը: Ձայնասկավառակը, որը բաղկացած է 10 երգից,  կոչվում է «Fly» (թռիչք)` երգացանկում ընդգրկված երգերից մեկի անվամբ: Ինչպես նշեց խմբի վոկալիստ Գոռ Սուջյանը, դա այն երգն էր, որը դարձավ իրենց առաջին հիթը, որի հիման վրա նկարահանվեց խմբի առաջին տեսահոլովակը և որով խումբը ճանաչվեց ու սիրվեց երաժշտասերների կողմից:

Ի դեպ, ձայնասկավառակի 10 երգերից միայն մեկն է հայերեն` «Ես կուլամ»-ը, որը ևս մեծ ժողովրդականություն է վայելում:

Երգերն անգլերեն լեզվով գրելն, ըստ խմբի պրոդյուսեր Վահագն Գևորգյանի, պայմանավորված է դրսի շուկայում հաջողությունների հասնելու միտումով: «Խմբի ստեղծման օրվանից այդ միտումը եղել է,-ասաց նա,` նշելով, որ արդեն որոշակի հաջողություններ կարող են արձանագրել,-CD-ն սպասված էր նաև դրսում, խմբի աշխատանքով բավականին ինֆորմացված են դրսի պրոֆեսիոնալները` հատկապես ռոք ասպարեզի, իսկ Սերժ Թանգյանի համերգի բացման ելույթը` «Դորիանսի» կատարմամբ, ևս գնահատական էր մեր կատարած աշխատանքին»:

Վահագն Գևորգյանը կարծում է, որ խումբը երեք տարիների ընթացքում բավականին ճանաչելի է դարձել հայաստանյան շուկայում, ուստի ավելի շատ անելիքներ ունի ոչ թե ներսում, այլ դրսում: Այնուամենայնիվ նա հիշում է, որ գործունեության սկզբնական շրջանում շատերը կասկածանքով էին վերաբերում հայաստանյան շուկայում իրենց հաջողություններին: «Երբ մենք նոր էինք սկսում, մարդիկ շատ դժվարությամբ կարող էին ենթադրել, որ որևէ ռոք խումբ Հայաստանում կարող է նման մասսայականություն վայելել,-ասաց նա-անգամ հիշում եմ, որ երբ 2008-ին տեղի ունեցավ մեր խմբի ստեղծման շնորհանդեսը, շոու-բիզնեսի գրեթե բոլոր ներկայացուցիչներն ասացին, որ այո, դուք շատ տաղանդավոր եք, բայց ֆորմաատի մեջ չեք: Երկու տարի անց այդ ֆորմատից դուրս մարդկանց տվեցին լավագույն ռոք խումբ, լավագույն տեսահոլովակ և լավագույն վոկալ»:

Խմբի պրոդյուսերը համոզված է, որ չկա «ֆորմատից դուրս» հասկացություն, այլ կան ճաշակով մարդիկ, ովքեր սպասում են որակով երաժշտության:

Ձայնասկավառակն այսօրվանից վաճառքում է:

 

 

Դիտվել է 1152 անգամ:
Print Friendly

Leave a Reply