Տարածքային ամբողջականության սկզբունքը Ադրբեջանի վրա չի տարածվում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 22, 2011 17:08

Ղարաբաղյան կարգավորման գործընթացում հօգուտ Արցախի բազմաթիվ ջախջախիչ փաստարկներ կան, որոնք մեր կողմից անուշադրության են մատնված: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

Նա համոզված է, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ  առաջիկա 5 տարում, Ադրբեջանը կփորձի քարոզչական կերպարը շրջել իր օգտին, և այստեղից էլ բխում է Հայաստանի անելիքը:

«Մեր անելիքն այն է, որ մինչև հիմա մեր թույլ տված վրիպումները, իսկ այդպիսիք կան, և նույնիսկ  սխալները, փորձենք շտկել: Կան բազմաթիվ փաստարկներ, որ մենք շրջանառությունից հանել ենք:

Հանված է շրջանառությունից «Լեռնային Ղարաբաղը երբևիցե մաս չի կազմել անկախ ադրբեջանական հանրապետության» բանաձևը, որը չգիտես ինչու` թե երրորդ կողմերի պնդմամբ, թե մեր սեփական հաշվարկներով, բայց մենք շրջանառությունից հանեցինք: Այն քիչ շրջանառվում է, բայց ոչ այն հետևողականությամբ, որ դառնա քաղաքական փաստարկ:

Մեզ սպասում է քարոզչական ճակատում գործերի շտկում, և ես ցավով պետք է ասեմ, որ ո’չ մեր երիտասարդությունը, ո’չ մեր քաղաքական այն անձիք, որոնք կարծես ամենօրյա հպումներ ունենք կողմերի հետ, ո’չ մեր ժողովրդական դիվանագիտության գծով մասնակցող ընկերները չեն տիրապետում նյութին. դա իմ խորին համոզմունքն է»,- ասաց բանախոսը:

Նրա համոզմամբ` պարզ ճշմարտություններ կան, որոնք չեն դարձել մեր հանրության սեփականությունը: Որպես այդպիսի ցնցող ճշմարտության օրինակ, քաղաքագետը բերեց հետևյալը` «փոխարենն անընդհատ խեսելու լեռնային Ղարաբաղի Հանրապոտության ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, եկեք նայենք, թե գործերն ինչ վիճակում են Ադրբեջանում: Հիմնավորված է, որ այդ հանրապետությունում մինչ օրս ինքնորոշման ակտ չի եղել:

1918 թվականի Նուրի փաշայի թուրքական զորքը, բանակը հռչակել է Ադրբեջանական Դեմոկրատական հանրապետոթյունը, որը չի կարելի ասել, թե ինքնորոշում էր, 1920 թվականի կարմիր բանակն է մտել Բաքու և հռչակել Խորհրդային սոցիալիստական Ադրբեջանը, 1991-ին ադրբեջանական հանրապետությունը չի ինքնորոշվել, որովհետև վերականգնել է չինքնորոշված Ադրբեջանական հանրապետության իրավահաջորդությունը և սահմաններ չի հռչակել այն դեպքում, երբ այն հանրապետությունն էլ չի ունեցել սահմաններ»:

Քաղաքագետը պնդեց, որ մեզ անընդհատ ասում են ինքնորոշվե’ք, անջատվե’ք մի ժողովրդից, որն ինքը չի ինքնորոշվել: Չկա այնպիսի մի ակտ, որը հաստատի, որ Ադրբեջանի Հանրապետությունը երբևիցե ինքնորոշվել է: Քաղաքագետը համոզված է նաև, որ տարածքային ամբողջականության սկզբունքը չի վերաբերում մերօրյա Ադրբեջանին, որովհետև նրանք վերականգնել են մի պետականություն, որը հաստատված կամ ճանաչված սահմաններ չի ունեցել , իսկ 1991-ին սահմաններ չեն հռչակել:

 

Դիտվել է 1017 անգամ:
Print Friendly

Leave a Reply