Մադոննայից մինչև Մամա Ռոզա. թրաֆիքինգն Ադրբեջանում

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | December 26, 2011 15:50

Հարցազրույց Ադրբեջանի կանանց ճգնաժամային կենտրոնի ղեկավար Մատանատ Ազիզովայի հետ:

Մատանատ, նախ կուզենայի ասեիք` ինչ է մարդավաճառությունը:

– Կարելի է շատ երկար բացատրել` ինչ է մարդավաճառությունը, սակայն հնարավորինս կարճ ասած` թրաֆիքինգը  շահագործման նպատակով մարդկանց (նաև մարդկանց օրգանների) հավաքագրումն  է, տեղափոխումը, փոխանցումը, թաքցնումը կամ ձեռքբերումը, որն իրականացվում է ուժի սպառնալիքով և հարկադրանքի այլ միջոցների` առևանգման, խարդախության, խաբեության, իշխանության կամ վիճակի խոցելիության չարաշահման, վճարումների կամ կաշառման ճանապարհով: Մարդավաճառության տեսակներ են այլ  անձանց մարմնավաճառության շահագործումը կամ սեքսուալ շահագործման այլ ձևեր,  հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, ստրկությունը կամ ստրկությանը համազոր սովորույթները, անազատ վիճակը կամ մարմնի մասերի կորզումը: Մարդավաճառության հիմնական զոհ են դառնում կանայք և երեխաները, սակայն մեծ թիվ են կազմում նաև տղամարդիկ:

Հայտնի է, որ Ադրբեջանն ավելի շատ տարանցիկ երկիր է, այսինքն` թրաֆիքինգի զոհերին բերում են Ադրբեջան, հետո տեղափոխում այլ երկիր: Սակայն հետաքրքիր է` պայքարո՞ւմ է արդյոք Ադրբեջանը թրաֆիքինգի դեմ:

– Ըստ միջազգային հաշվետվությունների և հատկապես ԱՄՆ Պետդեպարտամենտի տվյալների` թրաֆիքինգի դեմ պայքարող երկրները բաժանվում են երեք խմբի. առաջին` երկրներ, որոնք պայքարում են տրաֆիքինգի դեմ արդյունավետ կերպով, և այնտեղ այդ խնդիրն այնքան էլ սուր չէ, երկրներ, որտեղ կա այդ խնդիրը, որի դեմ պայքարում են, և երրորդ տեսակի երկրներ, որտեղ կա թրաֆիքինգի խնդիրը, սակայն դրա դեմ պայքարն այնքան էլ արդյունավետ չէ: Արդեն մի  քանի տարի  է` Ադրբեջանը տատանվում է երկրորդ և երրորդ տեսակի երկրների միջև:

Վրաստանը, օրինակ, առաջին խմբում է: Շատերն ասում են, որ դա քաղաքական  ենթատեքստ ունի ԱՄՆ-ի հետ ունեցած հարաբերությունների համատեքստում, սակայն փաստն  այն է, որ Վրաստանում իրոք դրա դեմ աշխատանք տարվում է: Ադրբեջանը, ընդհակառակը, ավելի շուտ իմիտացիա է ստեղծում, թե պայքարում է թրաֆիքինգի դեմ:

2006 թ. մենք ընդունել ենք օրենք, որով սահմանվում է` ինչ է թրաֆիքինգը, ըստ որի` մարդավաճառության զոհ է համարվում միայն այն անձը, որը ենթարկվել է թրաֆիքինգի երկրի սահմաններից դուրս, ինչն ինքնին արդեն իսկ սխալ է, քանի որ հնարավոր է` մարդ ենթարկվի թրաֆիքինգի հենց երկրի ներսում:

Երկրի ներսում թրաֆիքինգի համար ձերբակալվածներին էլ դատում են այլ հոդվածներով, պատիժն ավելի մեղմ է, քանի հենց  թրաֆիքինգով զբաղվողների համար է,  ու այդ մարդիկ  չեն ստանում համապատասխան խստության պատիժ: Բացի այդ, կան նաև պետական հովանու ներքո գործող վերականգնողական կենտրոններ, որտեղ աշխատում են մարդավաճառության զոհ դարձածների հետ: Այս կենտրոններում էլ աշխատում են մարդիկ, ովքեր բավականաչափ փորձ ու հմտություն չունեն, որպեսզի օգնեն զոհերին, որ նրանք վերադառնան կյանքի բնականոն հուն: Մինչդեռ սա ևս պայքարի ձևերից մեկն է:

Հայտնի է նաև, որ կան թիրախ խմբեր, որոնք պոտենցիալ թրաֆիքինգի զոհեր են, սակայն նրանց հետ ևս աշխատանք չի տարվում: Բացի այդ, թրաֆիքինգով զբաղվող անձինք չեն կարող զբաղվել դրանով, եթե չունենան թիկունք, սակայն, չգիտես ինչու, այդ «թիկունքներից» և ոչ ոք, ոչ մի բարձրաստիճան չինովնիկ մինչ այժմ չի ձերբակալվել: Չէ՞ որ հնարավոր չէ, որ բարձրաստիճան չինովնիկներից և ոչ ոք ներգրավված չլինի այդ գործում:

Այս ամենն էլ  վկայում է այն մասին, որ Ադրբեջանն ավելի շուտ իմիտացիա է ստեղծում, թե աշխատում է թրաֆիքինգի դեմ, բայց իրական աշխատանք փաստորեն չի տարվում: Նշված «բարեփոխումներն» էլ արվում են միջազգային ատյաններում բարձրագոչ հայտարարությունների համար:

Ստացվում է` թրաֆիքինգի դեմ հայտարարված պայքարին զուգահեռ իրավիճակն ավելի՞ է վատացել:

– Գիտեք, ստացվում է, որ եթե պետությունն այսպես է պայքարում, ապա պետք է որ ՀԿ-ներն աշխատեն, նրանք էլ քիչ են, եղածներն էլ գումար չունեն: Դոնորներն ասում են` դուք ունեք փող, ունեք նավթ,  ինքներդ էլ պայքարեք, բայց դե, տեսնում ենք, էլի…

Իսկ ինչպիսի՞ն է Ադրբեջանում հասարակության վերաբերմունքը թրաֆիքինգի զոհերի նկատմամբ, կարո՞ղ է արդյոք զոհը վերադառնալ իր նախկին կյանքին, եթե հնարավորություն ունենա:

– Ուրեմն այսպես: Այդ հարցին պատասխանելու փոխարեն կարող եմ բերել հետևյալ օրինակը: Մի կնոջ, որ այստեղ էր բնակվում, քույրն ասել էր, թե կարող է  գնալ իր մոտ` Թուրքիա և աշխատել իր հետ` տնտեսություն վարել: Երբ  կինը մեկնում է Թուրքիա, պարզվում է`  պետք է զբաղվի մարմնավաճառությամբ:  Թուրքիայում  քույրը նրանից վերցնում է անձնագիրն ու ստիպում մարմնավաճառությամբ զբաղվել: Որոշ ժամանակ անց նա վերադառնում է Ադրբեջան: Այստեղ նա թաքցնում է իր հետ կատարվածը, իսկ քույրը Թուրքիայից զանգում ու պահանջում է վերադառնալ` սպառնալով, թե չգալու դեպքում ամեն ինչ կպատմի ամուսնուն: Սա էլ կարծում է` հարազատ քույրն է, չի ասի, սակայն պատմում է: Ամուսինն իմանալով` ինչով է կինը զբաղվել Թուրքիայում, սպանում է նրան:

Կա մեկ այլ դեպք. մեր կենտրոն  եկավ մի կին և ասաց, որ իր աղջիկը զանգել է իրեն Թուրքիայից և կարողացել է ասել միայն, որ այնտեղ ստիպում են զբաղվել մարմնավաճառությամբ: Իմանալով այդ մասին` աղջկա հայրը վաճառել է բնակարանն ու տեղափոխվել այլ վայր: Եվ հարևաններին խիստ պատվիրել է, որ նրանց զանգելու դեպքում իրենց գտնվելու վայրը չասեն: Այսինքն` նա ջնջել էր իր աղջկան իրենց կյանքից: Նրա կինը վախենում էր ամուսնուց և իրավապահ մարմիններին չդիմեց, մենք էլ զոհերին հետ բերելու ուղղությամբ աշխատանք տանելու իրավասություն չունենք: Եթե այդ աղջկան օգնեին, նա կփրկվեր: Եվ եթե մարդավաճառության զոհերը կարծեն` իրենց սպասում են, ամեն ինչ կանեն, որ հետ գան, սակայն համոզված չեն, որ իրենց կներեն: Թեև նրանց հիմնականում խաբեությամբ են տանում, վախենում են հասարակության արձագանքից:

Մատանատ, կասե՞ք` որ երկրներից են բերում Ադրբեջան և ուր են տանում Ադրբեջանից մարդավաճառության զոհերին:

– Ադրբեջանից զոհերին ամենից շատ տանում են  Թուրքիա,  քանի որ մեր երկրների միջև գործում է ոչ վիզային ռեժիմ: Տանում են նաև Արաբական Էմիրություններ, Ուզբեկստան, վերջին շրջանում նաև Ռուսաստան են տանում: Եղել է նաև ամենաահավորը, երբ այստեղից կանայք են տարել Պակիստան: Այնտեղ կանանց վերաբերվում են ինչպես անասունների, նույնիսկ ավելի վատ, քան անասունների: Եվրոպայում ադրբեջանուհիներն այնքան էլ պահանջարկ չունեն, այնտեղ ավելի շատ էկզոտիկ երկրներից են տանում:

Ընդհանրապես, ինչքան էժան է կինը, այնքան շատ կարելի է նրանով վաստակել: Այդ կանայք օրական սպասարկում են 20-30 տղամարդու: Այդ տղամարդիկ էլ հիմնականում նրանք են, ովքեր շատ փող չունեն և փնտրում են «էժան հաճույքներ»:

Թրաֆիքինգի զոհեր Ադրբեջան  են բերում  Չինաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից: Թրաֆիքինգի զագացման հարցում, ի դեպ, մեծ դեր ունի նաև ինտերնետը, որտեղ սոցիալական ցանցերի միջոցով  ծանոթանում են, շփվում, օրինակ, ռուս և ուկրաինացի աղջիկների հետ: Աղջիկները մտածում են. «Ըհը, ծովափնյա քաղաք է, կգնամ, կհանգստանամ, լավ ժամանակ կանցկացնեմ, կգամ»: Ու գալիս են: Գալու դեպքում նրանց հրավիրողը լավ ընդունում է, 2-3 օր տանում, ցույց տալիս քաղաքը, որից հետո ասում է. «Եկար, շատ լավ, դե հիմա ծախսածդ վաստակիր»: Ու ստիպում է զբաղվել մարմնավաճառությամբ:

Հայտնի է, որ մանկական թրաֆիքինգը ևս զարգացում է ապրում: Ի՞նչ կասեք այդ մասին:

– Այո,  երեխաների վաճառքի ու շահագործման դեպքեր ևս շատ կան: Մանկական թրաֆիքինգի զոհ են դառնում հիմնականում խոցելի խավի երեխաները: Նրանց նախ ստիպում են զբաղվել մուրացկանությամբ, և այդ ստիպողն էլ հենց լինում է նրանց «տերը», որ  կոչվում է Մադոննա:  Բաքվում կարելի է հանդիպել երեխաներով շրջապատված կանանց. մեկը` գրկին, մյուսները` կողքին նստած: Կամ կարելի է հանդիպել երեխաների, որոնք անցորդներից գումար են մուրում:  Նախ` այս երեխաներին Մադոննան ստիպում է մուրացկանություն անել, ապա, երբ մի քիչ մեծանում են, Մադոննան դառնում է Մամա Ռոզա, և  երեխաներին ստիպում մարմնավաճառությամբ զբաղվել, ընդ որում, կապ չունի` երեխան աղջիկ է, թե տղա: Մանկական թրաֆիքինգ կա, և սա դեռևս մնում է որպես չլուծված խնդիր:

Գիտեմ, որ Դուք բավականին փորձառու եք թրաֆիքինգի զոհ դարձած մարդանց հետ աշխատելու հարցում: Կպատմե՞ք երկու պատմություն, որոնք ամենից շատ են ազդել Ձեզ վրա:

– Թրաֆիքինգի զոհերի հետ կապված շատ դեպքերի եմ առնչվել, սակայն առավել տպավորվել է երկու դեպք: Առաջինը կապված է մի կնոջ հետ, որ երեք աղջիկ ուներ:  Նա ավագ աղջկան ստիպել էր զբաղվել մարմնավաճառությամբ: Հետո ստիպել էր մարմնավաճառությամբ զբաղվել իր 13-ամյա աղջկան: Ամենաահավորն այդ աղջկա հետ աշխատանքն էր: Նա ասում էր, որ որքան էլ իր հետ աշխատենք, միևնույն է, փախչելու է հետ` մոր մոտ, որովհետև, եթե չգնա ու գումար չվաստակի, մայրը կստիպի մարմնավաճառությամբ զբաղվել նաև իր կրտսեր դստերը:

Կա նաև մեկ այլ դեպք:  Մի մարդ գնում է Թուրքիայի հյուրանոցներից մեկը` օգտվելու մարմնավաճառի ծառայությունից: Մարմնավաճառի հետ մենակ մնալուց հետո պարզվում է` այդ աղջիկն ադրբեջանցի է: Այս մարդը  որոշում է օգնել նրան: Եվ հսկայական գումար վճարելով աղջկա դիմաց` գնում է նրան «տիրոջից», բերում Ադրբեջան: Այդ մարդը եկել էր մեր կենտրոն  աղջկա հետ և ամեն կերպ փորձում  էր օգնել նրան, նույնիսկ նրա համար փեսացու էր գտել: Այս աղջկա բախտն ուղղակի բերել էր, սակայն նման դեպքերը շատ հազվադեպ են:  Իրոք խնդիր կա, ու այս հարցում Ադրբեջանն անելիքներ դեռ շատ  ունի:

 

Զրույցը վարեց Մարիամ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆԸ

 

Դիտվել է 1786 անգամ:
Print Friendly

Leave a Reply