Պոլ Նեդրազինի. «Հայաստանի հետ կապված են շատ խոր ու անկեղծ զգացումներ»

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | December 27, 2011 7:00

Նորաբաց հյուսիսային պողոտան զարմանքից քարացել էր: Մի պահ ասես գրադարանային լռություն էր տիրում: Բոլորը կանգնում, նայում էին ու բացականչում` սա հրաշք է: Պատկերացրեք` չկար մեկը, ով անտարբեր անցներ: Ես, ինչպես և շատշատերը, հանկարծ նկատեցի առաջին հայացքից խենթ թվացող մի երիտասարդի, որը փայտիկների միջոցով զարմանահրաշ բաներ էր ցուցադրում

Անձնագրով` շվեյցարացի, արմատներով` հայ

Գանգրահեր այս երիտասարդն առաջին հայացքից նման էր իսկական եվրոպացու: Դժվար էր նույնիսկ կռահել, որ հայկական արմատներ ունի: Մոտ 40 րոպե սպասեցի նրան, մոտ այդքան ժամանակ էլ նա հատկացրեց մեր զրույցին:

– Ես Պոլն եմ, եկել եմ Շվեյցարիայից: Մի քանի շաբաթով եմ այստեղ,- մի քիչ անգլերենով, մի քիչ էլ ֆրանսերենով փորձեց ինձ հասկացնել նա:

Բախտս բերեց, որ նրան ուղեկցող Անետը տիրապետում էր Պոլի մայրենի լեզվին, իսկ մենք զրուցում էինք անգլերենով: Ու մեր զրույցը բավական հետաքրքիր ընթացք ստացավ, որին, ի դեպ, մեծ հետաքրքրությամբ հետևում էին նաև պողոտայով վերուվար անող մարդիկ:

Պարզվեց` Պոլը Հայաստան է եկել գործի բերումով: Նա մասնակցել է երիտասարդական մի ծրագրի ու հաղթել:

– Միշտ երազում էի գալ Հայաստան ու տեսնել բնությունը, տեսնել մարդկանց: Չէի տեսել նաև հարազատներիս, որոնք ապրում են Երևանում,- ասում է նա:

Այսպիսով, Պոլը հնարավորություն ունի ձմեռային արձակուրդը Հայաստանում անցկացնելուն զուհահեռ  մասնակցելու մասնագիտական սեմինարների, սովորելու հայերեն և  անպայման այցելելու երկրի կրթամշակութային օջախներ:

– Անկեղծ ասած, արմատներով հայ եմ: Գանգուրներս մի քիչ չեն հաստատում ասածներս: Մի քանի տարի է, ինչ ցանկանում եմ Հայաստան գալ, պարզապես չէի կարողանում մյուս գործերս ծրագրել: 2011-2012 թվականներն ամբողջ կյանքում կհիշեմ: Սա մեծ հնարավորություն էր, և ես այն չէի կարող բաց թողնել: Իսկ մինչ այս Հայաստանի մասին, բնականաբար, շատ էի լսել:

Ֆոտոխցիկն ամենուր է

Պոլն ասում է, որ լուսանկարչությամբ շատ է հետաքրքրվում, սիրում է նկարել:

– Հենց մի յուրօրինակ, հետաքրքիր բան եմ տեսնում, միանգամից նկարում եմ: Լուսանկարելն ինձ համար հոբբի է,- նշում է նա:

Հարազատները ջերմ են ընդունել, երիտասարդն այսօր հպարտ է, որ նույնիկ հայ ընկերներ է ձեռք բերել:

– Ես կարծում էի, որ Հայաստանում ձանձրալի օրեր կլինեն, բայց հակառակը ստացվեց: Երևանցիները, պարզվում է, շատ շփվող են: Բայց քչերի հետ կարողացա ծանոթանալ: Պատճառը երևի լեզվի խնդիրն է, Անետը համարյա միշտ ինձ ուղեկցում է,- ասում է Պոլն ու շարունակում:- Իմ կապը երևանաբնակ ընկերներիս հետ անպայման կպահեմ, քանի որ նրանք ինձ շատ ջերմ ընդունեցին: Նույնիսկ թվաց, թե երկար տարիներ եմ շփվել նրանց հետ: Ցավում եմ, որ Շվեյցարիայում հայ երիտասարդներ չկան:

Մեր այն հարցին էլ, թե Հայաստանում ինչ հասցրեց լուսանկարել, ժպիտով պատասխանեց.

– Այնտեղ, որտեղ եղա, լուսանկարել եմ: Հայաստանի պատմական մասն ինձ շատ դուր եկավ: Ես սիրում եմ եկեղեցիներ, ու մոտ 10 եկեղեցում արդեն եղել եմ: Նկարել եմ նաև մարդկանց, որոնք չքավորության մեջ են: Բոլորին մի քիչ-մի քիչ օգնում եմ:

Մայրենի լեզուն` օրախնդիր

Սեմինարներին զուգահեռ Պոլը ցանկանում է հայերեն սովորել: Հիմա հիմնականում լսելով է սովորում, Անետը ինչ-որ բաներ թարգմանում է: Բայց ասում է` որքան արագ սովորում է, նույնքան արագ էլ մոռանում է:

– Բայց մի քանի բառ կամ արտահայտություն մտապահում եմ, քանի որ շատ հաճախ եմ օգտագործում, օրինակ` «սփյուռքահայ», «բարև, ձեզ», «ջանսաղություն», «հաջողություն», դեռ այսքանը գիտեմ,- անկեղծորեն նշեց Պոլը:

Երիտասարդը նաև Հայաստանի վիրտուալ համալսարանի ուսանող է դառնալու: Առաջիկայում ծրագրում է կրկին Հայաստան գալ, բայց մի պայմանով` նոր ձեռք բերած ընկերների հետ պետք է շփվի հայոց լեզվով:

– Եթե նպատակ եմ ունենում, ամեն ինչ անում եմ, որ հասնեմ դրան: Սա ինձ համար նպատակ է, և ես կսովորեմ հայերեն: Իսկ Շվեյցարիայի ընկերներիս կասեմ, որ սա աշխարհի ամենահին լեզուներից է, ու եթե կարողանամ, նրանց էլ կսովորեցնեմ,- ասում է Պոլը:

Փայտիկներն իրականացնում են երազանքը

– Երբ փոքր էի, Շվեյցարիայի զբոսայգիներից մեկում տեսա, թե ինչպես է մի մեծահասակ այդ փայտիկներով խաղում: Սկզբում շատ զարմացա, ու միակ անզուսպ ցանկությունս էր ցուցադրել այն, ինչ կարողանում էր ցուցադրել այդ մարդը: Հիշում եմ` այդ ժամանակ հուսահատվեցի, տխրեցի, քանի որ ինձ թվում էր, թե այդ խաղը սովորելը շատ բարդ ու անհասանելի է: Մեծ ջանքերի գնով ինձ հաջողվեց ձեռք բերել այդ փայտիկներից, ու ինքնուրույն սկսեցի փորձեր անել: Մոտ վեց ամիս պարապեցի ու մի օր հասկացա, որ ինձ ամեն ինչ հաջողվում է,- մեծ ոգևորությամբ պատմում է Պոլը:

Հետաքրքիր էր իմանալ, թե կհամաձայնի՞ աշխատել կրկեսում կամ, ասենք, զբոսայգիներում, եթե իրեն առաջարկեն:

– Իհարկե, չեմ համաձայնի աշխատել, փայտիկներով զբաղվելն ինձ համար հոբբի է, ինչպես լուսանկարելը: Սովորում եմ արվեստի բաժնում` մշակույթի պատմություն եմ ուսումնասիրում: Ամեն դեպքում ավելի շատ լուսանկարել եմ սիրում,- նշում է նա:

Պոլը հետաքրքրվել ու իմացել է, որ այդ փայտիկներն իրականացնում են երազանքը: – Շվեյցարիայում զբոսայգի կա, որտեղ մարդիկ երազանք են պահում, եթե գնդակները հավասար ընկնում են, ապա երազանքն իրականանում է,- վստահեցնում է Պոլը:

Ասում է` Շվեյցարիայում այս խաղի մասին բոլորը գիտեն, իսկ այստեղ` Երևանում, բոլորը զարմանում են:

– Ժամանակին ես էլ էի զարմանում,  բայց նպատակ էի դրել սովորել այս խաղը ու սովորեցի:

Նրան շատերն են մոտենում, հաճոյախոսություններ անում, միայն ֆրանսերեն «մերսի» է ասում: Իսկ այս փայտիկներով խաղը կոչվում է «Երազանքի փայտիկներ»:

Այնտեղ, որտեղ զբոսաշրջիկներն են

Չնայած ձմեռ է, բայց նա այս ընթացքում հասցրել է լինել Գառնիում, Գեղարդում, Էջմիածնում, նույնիսկ` Սևանա լճում:

– Շատ են ինձ պատմել Սևանա լճի մասին: Տեղեկություններ էի քաղել նաև հայ գրականությունից, օրինակ` Թումանյանից, Շանթից… Հոյակապ էր, երկու օր հանգստացա, լուսանկարեցի ու լուսանկարվեցի,- ասում է Պոլը:

Նա չի ափսոսում, որ հենց ձմռանն է Սևանա լիճ այցելել, քանի որ լողալ չգիտի:

– Հետաքրքիր էր Սևանը հատկապես երեկոյան ժամերին: Զարմացա` տեսնելով մարդկանց, որոնք ջրից էին դուրս գալիս: Ես երևի մի քիչ մրսկան եմ: Չէի կարող չայցելել նաև Էջմիածին, որի մասին էլի շատ-շատ էի լսել: Ինձ ներկայացրին ամբողջ պատմությունը, ու շատ բան հասցրեցի իմանալ: Ափսոսում եմ միայն, որ չկարողացա լինել Սանահինում: Անետն ասում է, որ Սանահինը ավելի գեղեցիկ է սեպտեմբեր ամսին:

Հայկական ճաշատեսակներն ուՊոլը

Մեր հյուրն արդեն հասցրել է համտեսել նաև հայկական խոհանոցի լավագույն ուսեստները: Ասում է` համբուրգերներից ու չիզբուրգերներից լավ բան էլ կա:

– Օրինակ` հայկական տոլման ինձ շատ դուր եկավ, իսկ խորովածի ու քյաբաբի մասին պետք է ասեմ, որ համը մինչև հիմա կարծես բերանումս լինի,- ասաց նա:

Պոլին խոստացա տպագրել հատկապես իր այս խոսքերը. «Հայաստանը իմ կյանքի մի մասնիկը կարծես դարձավ, որի հետ կապված են շատ խոր ու անկեղծ զգացումներ և ջերմ, շատ ջերմ հիշողություններ»:

 

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

 

Դիտվել է 1040 անգամ:
Print Friendly

Leave a Reply