«3-4 տարի է` հիվանդ եմ ու ապրում եմ, օրենքով պիտի մեռած լինեի»

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | December 24, 2011 15:33

Երկու պատմություն, որոնց հերոսները փաստում են, որ ՄԻԱՎ /ՁԻԱՀը հաճույքի հիվանդություն է

– 24 տարեկան էի, երբ գնացի Բելգիա աշխատելու: Էնտեղ առաջին անգամ թմրադեղ փորձեցի: Կարծում եմ` «ասեղից» եմ վարակվել, ոչ թե սեռական ճանապարհով, քանի որ նույն «ասեղից» մի քանի հոգով էինք «սրսկվում»:

Անկեղծ, էդ ժամանակ տեղյակ էլ չէի, որ կարող է նման հիվանդությամբ վարակվեմ: Էնտեղ դեղը շատ հեշտ էր ճարվում, ու շա՜տ էժան էր: Դրսում նարկոմանությունը նորմալ երևույթ է, կարելի է ասել, որ եթե չեն սրսկվում, ուրեմն կամ խմում են, կամ էլ պլան են ծխում: Որոշեցի վերջ դնել այդ ասեղ կոչվածին, բայց ուղիղ մի ամիս չէի կարում քնել, ուղղակի գլուխս բարձին չէի կարում դնել, ահավոր ցավեր էին,- «Անկախի» հետ բացառիկ զրույցում պատմում է 28-ամյա Արմանը (անունը փոխված է), որը ՄԻԱՎ (Մարդու իմունային անբավարարության վիրուս) վարակակիր է:

– Երբ իմացա, որ ինձ մոտ ՄԻԱՎ են հայտնաբերել, հավատս չէր գալիս, բայց հետո, երբ հետ նայեցի,  հասկացա, որ նման կյանքով ապրելուց հետո մեծ էր հավանականությունը, որ վարակվեի: Ճիշտն ասած, ախպորս հետ էի ապրում ու հիվանդությանս մասին առաջինն իրան ասեցի: Ինքը շատ նորմալ ընդունեց, դե, իսկ ծնողները միշտ էլ դժվար են տանում: Բայց նրանք էլ կամաց-կամաց ընտելացան էդ մտքին, որ հիվանդ եմ: Ամեն դեպքում, կարծում եմ` սպիդը հաճույքի հիվանդություն է. կա՛մ սեռական կապից են վարակվում, կա՛մ թմրադեղերից: Ես, կարելի է ասել, գիտակցաբար եմ գնացել դրան,- անկեղծանում է Արմանը:

Արմանը ամուսնացած չէ: Գլուխը տարուբերելով` ասում է` չհասցրի ամուսնանալ:

Մինչև հիվանդության մասին իմանալը նա ընկերուհի է ունեցել, նույնիսկ որոշել է ամուսնանալ, բայց իմանալով, որ վարակակիր է, այդ մտքից մեկընդմիշտ հրաժարվել է ու ընկերուհու հետ կապը խզել:

– Չնայած երեխա շատ եմ սիրում, բայց էլ ընտանիք չեմ ուզում կազմել: Ափսոսում եմ հիմա, որովհետև դեռ ջահել եմ, կյանքն էլ դեմս ա, բայց չեմ կարող,- գլորվող արցունքները մի կերպ զսպելով` ասում է մեր հերոսը:

Հիմա նա Երևանում շատ ընկեր-ընկերուհիներ ունի, բայց ոչ ոքի իր հիվանդության մասին չի պատմել, պարզապես վախենում է, որ իրենից կխուսափեն ու ճիշտ չեն ընկալի դա:
Ուրախալի է, որ Արմանին հաջողվել է թողնել թմրադեղերը: Առաջին խորհրդատուն եղել է բժիշկ ընկերը: Ասել է, որ միայն ու միայն իր կյանքն է կործանում: Հիմա մեր հերոսը բուժումների է գնում:

– Արդեն էլ չեմ սրսկվում, միայն ծխախոտ եմ ծխում, այ, որ էդ էլ թարգեմ, շատ լավ կլինի,- հպարտանում է Արմանը:

Սովորաբար բոլոր ՄԻԱՎ վարակակիրները հույսով ու հավատով սպասում են, որ մի օր կհայտնաբերվի այն դեղամիջոցը, որը կբուժի իրենց: Բայց Արմանը, ի զարմանս մեզ, այդ հարցում ընդհանրապես լավատես չէ.

– Ես չեմ հավատում, որ մի օր կգտնեն այդ դեղը և կբուժեն մեզ: 3-4 տարի է` հիվանդ եմ ու ապրում եմ, օրենքով պիտի մեռած լինեի: Կապրեմ էնքան, ինչքան հնարավոր կլինի: Համենայն դեպս, ընկերոջս ասելով, խոր ծերությունս չեմ վայելի, բայց ճանճի բախտին էլ երևի չեմ արժանանա:

Ի տարբերություն Արմանի, Մարինեին (անունը կրկին փոխված է) ստիպում է ապրել այն հույսը, որ իրենց հիվանդության բուժումը, այնուամենայնիվ, կհայտնաբերվի: Նա ասում է, որ եթե հարազատներն իրենից երես թեքեին, վաղուց ինքնասպան կլիներ: Վարակի մասին իմացել է դիահերձարանում, երբ երեխայի մահանալուց հետո հերձողները եզրակացություն են տվել, որ  երեխան ՁԻԱՀ (Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) վարակակիր է եղել:

– Տղաս 3 տարեկան էլ չկար, որ մահացավ: Երբ զգացինք, որ մեր բալիկը մի փոքր թույլ է իրեն զգում, մտածեցինք, որ ատամներից է, հետո աստիճանաբար սկսեց ավելի վատ զգալ իրեն: Քաղաքում էլ մանկական հիվանդանոց չմնաց, որ չպառկեինք: Մե՛կ թոքաբորբի դեմ էին բուժում, մե՛կ վիրուսների: Բուժում-պրծնում էին, դուրս գրում հիվանդանոցից, գալիս էինք տուն, 10 օր հետո էլի երեխան վատ էր: Երբ առաջին անգամ մեզ ասեցին, որ երեխայի արյունը պիտի սպիդի համար ստուգվի, սարսափեցի: Բոլոր բժիշկներին մեղադրում էի, ասում էի` չեք կարողանում բուժել, սպիդ եք հանում: Չկարողացան փրկել տղայիս, մահացավ,- պատմում է Մարինեն:

Անգամ տղայի մահանալուց հետո մեր հերոսուհու մտքով չի անցել, որ իր փոքրիկ Նարեկի մահվան պատճառն իսկապես ՁԻԱՀ-ն է եղել, որը երեխային է փոխանցվել ծնողներից:

– Խեղճ երեխուս ինչի դեմ ասես, որ չէին բուժում: Էն պուճուր քիթիկին ապարատներ էին միացնում, որ թթվածին տան: Թևերն արդեն կապտել էին ասեղներից,- հիշում է Մարինեն:

Երեխայի մահից հետո երիտասարդ մայրը խոր դեպրեսիա է ապրել, ընտանիքը գրեթե քայքայման եզրին է եղել, քանի որ տղայի մահից հետո ամուսինը սկսել է խմել:

– Գիտես, ոչ մի բանի մասին չէի կարողանում մտածել, մեկուսացել էի, սենյակից դուրս չէի գալիս, հաց չէի ուտում, ամբողջ աշխարհին մեղադրում էի: Ախր, չհասցրի նույնիսկ մանկապարտեզ տանել տղայիս, խեղճն ի՞նչ տեսավ որ,- ինքն իրեն մեղադրելով` ասում է Մարինեն:

Երբ երեխայի քառասունքը դեռ չէր լրացել, Մարինեն ամուսնու հետ որոշում է դիահերձարան գնալ` պարզելու, թե իրոք ինչից է մահացել իրենց տղան:

– Երբ իմացանք, որ երեխան սպիդով հիվանդ է եղել, ուղղակի ապշեցինք, մեր տեղը չէինք գտնում: Բժիշկը մեզ խորհուրդ տվեց, որ մենք էլ անպայման ստուգվենք: Բառ չեմ գտնում արտահայտելու վիճակս: Մտածում եմ` ո՞ր մեղքիս համար: Ախր, ես իմ ամբողջ կյանքում տուժել եմ: Փոքր տարիքում ծնողներիս եմ կորցրել»,- թաց աչքերով պատմում է Մարինեն:
Նա ընդամենը 26 տարեկան է,  6 տարի է, ինչ ՄԻԱՎ վարակակիր է:

Ինչպես ինքն է պատմում, հիվանդության պատճառով շատ ծանր օրեր է ապրել. – – Իմունիտետս իջել էր, հասել 260-ի: Վատանում էի` շտապօգնություն էինք կանչում, գալիս էին, երեխուս նման ինձ էլ թթվածին էին տալիս, գնում: Չէի ուզում, որ որևէ մեկն իմանար, որովհետև վատ աչքով էին նայելու:

ՄԻԱՎ վարակակիր լինելու մասին տեղեկանքը կարդալուց հետո, ոչ բոլոր բուժաշխատողներն են նրան բարեհամբույր վերաբերվել: Պարզ է, թե հարևաններն ու ծանոթներն ինչ կմտածեին:

– Մի պահ վիճակս այնքան էր վատացել, որ հույս չէին տալիս, եղբորս ասել էին` գնա պատրաստվիր: Այդ ժամանակ ամուսնուս հետ ընդհանրապես չէի շփվում, չէի ուզում նրան տեսնել, քանի որ նրանից էի վարակվել ու նրա պատճառով էր, որ կորցրեցի երեխայիս: Ես կիսամեռ վիճակում էի, օր օրի նիհարում ու հյուծվում էի, բայց, ինչպես տեսնում եք, մինչև հիմա ապրում եմ,- ասում է Մարինեն:

Քիչ թե շատ «առողջանալուց» և հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Մարինեն վերականգնել է կապերն ամուսնու հետ:

– Առանց ինձ նա հաստատ կկործանվեր,- ասում է նա:- Չնայած ես իրեն էի մեղադրում, բայց… կյանք է: Որոշել ենք մեր կյանքը նոր էջից սկսել: Ես ուզում եմ ապրել ու նորից երեխա ունենալ: Բժիշկներն ինձ արդեն հույս են տալիս, որ եթե հետևեմ իրենց խորհուրդներին, ապա առողջ բալիկ կունենամ:

Մեր հարցին էլ, թե եթե ինքդ այդ վիճակում չհայտնվեիր ու ՄԻԱՎ-ի մասին տեղեկություններ չունենայիր, ինչպե՞ս կվերաբերվեիր նման մարդկանց, Մարինեն պատասխանեց` վատ, ու շարունակեց.

– Ես հասկանում եմ այն մարդկանց, որոնք խուսափում են շփվել սպիդով հիվանդների հետ, նրանք տեղեկացված չեն, նրանք գիտեն` եթե մատով կպան, վերջ, իրենք էլ կհիվանդանան: Ես ուզում եմ մարդկանց բացատրել ու հասկացնել, որ չխուսափեն ու չփախչեն մեզնից:

 

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

Դիտվել է 3103 անգամ:
Print Friendly

Leave a Reply