«Մեզ շատ էին դիմում ծպտյալ հայեր, որոնք ցանկանում էին իրենց երեխաներին հայկական կրթության տալ…»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | December 27, 2011 7:00

Ստամբուլի «Կարագյոզյան» վարժարանի նախկին տնօրենը` պոլսահայության խնդիրների մասին

Ստամբուլում մոտ 60 հազար հայ է ապրում: Այսօր ստամբուլահայության ամենալուրջ խնդիրներից են մայրենի լեզվի պահպանումը, հայեցի կրթության ապահովումը, խառնամուսնությունների դեմ պայքարը: Մեր զրուցակիցը` Արմավենի Միրօղլու-Մուհթարյանը, որ 1994-2005 թթ. եղել է Ստամբուլի  «Կարագյոզյան» գիշերօթիկ վարժարանի (հիմնադրված է 1913-ին, ազգային բարերար Տիգրան Կարագյոզյանի  1891 թ.  կտակի համաձայն) տնօրենը, այժմ զբաղվում է գիտական գործունեությամբ և հաճախ է լինում Հայաստանում:

«Ես 50 տարի կարծել եմ, թե Յոզգաթցի եմ (Նահանգ Թուրքիայի Հանրապետությունում),- պատմում է նա,- սակայն իմ ազգականներին գտնելով` պարզել եմ, որ իմ նախնիները Վանից են գաղթել Յոզգաթ»:

Տատը` Արմավենին, որ կոտորածների ժամանակ ընդամենը 18 տարեկան էր, մի թուրք ընտանիքի շնորհիվ փրկվելով` հասնում է Ստամբուլ, ուր ամուսնանում է պապի` Գասպարի հետ: Վերջինս ամուսնացած է եղել, սակայն 1915-ին կնոջն ու աղջիկներին ուղարկել է Հայաստան, որպեսզի եղբորը գտնի և միանա նրանց, սակայն այդպես էլ նրանց չի գտել:

Հոր ծնվելուց մի քանի տարի անց պապը մահանում է: Հայրը՝ Արմենակը,  մեծանում է ձկնորսների մոտ, միայն առաջին դասարանի կրթություն ստանում ու դառնում ձկնորս: «Երբ տնօրեն նշանակվեցի, հայրս եկավ դպրոց` ինձ շնորհավորելու և սկսեց լաց լինել,-պատմում է տիկին Արմավենին,- ասաց. «Գոնե մեկն էլ իմ ձեռքը բռնած այսպիսի մի տեղ բերեր, որպեսզի ես էլ կրթություն ստանայի…»:

Հետաքրքրական է, թե ինչպես է մասնագիտությամբ քիմիկոս  ինժեներ Արմավենի Միրօղլու-Մուհթարյանը սկսել զբաղվել մանկավարժական գործունեությամբ: «Իմ կյանքի ուղին միշտ Պոլսի պատրիարքներն են նախանշել,- ասում է նա,- 80-ականներին արյան անալիզի լաբորատորիա էի բացել, զբաղվում էի դրանով: Սակայն մի օր Շնորհք պատրիարքը, որ հաճախ էր ինձ հորդորում մտածել մանկավարժական կրթության մասին, հայտնեց, որ Մարմարայի համալսարանում մանկավարժական դասընթացներ են լինելու: Ես այդ ժամանակ հղի էի, սակայն հաճախեցի համալսարան, քանի որ չէի կարող մերժել նրան»:

Դասընթացն ավարտելուց հետո կրկին Շնորհք պատրիարքի հորդորով տիկին Արմավենին սկսում է Սուրբ խաչ վարժարանում նախ քիմիա, ապա հայերեն դասավանդել, չնայած այդ ժամանակ բնագիտական բաժնի շրջանավարտն իրավունք չուներ լեզու դասավանդելու, և կրթական տնօրինությունն առաջին անգամ այդ արտոնությունը տալիս է նրան: 1994-ին  վարժարանի խնամակալության առաջարկով նա ստանձնում է «Կարագյոզյանի» տնօրինությունը :

«Կարագյոզյան» գիշերօթիկն այս տարվանից դարձել է սովորական վարժարան, քանի որ պակասել է կարիքավորների թիվը: «Իհարկե, լավ է, որ այդ թիվը պակասել է, սակայն կարծում եմ` անգամ 10 կարիքավոր երեխայի համար գիշերօթիկի կարգավիճակը պետք է պահպանվեր»,- ասում է նախկին տնօրենը:

Այժմ Ստամբուլի միակ հայկական գիշերօթիկը 1871-ին Սրբուհի մայրապետի կողմից հիմադրված Գալֆայան վարժարանն  է:

Մինչ Արմավենի Միրօղլու-Մուհթարյանի տնօրեն դառնալը «Կարագյոզյանը» նախատեսված էր միայն տղաների համար, սակայն նոր տնօրենի շրջանում ստեղծվում է ցերեկային բաժին, որտեղ սովորում են նաև աղջիկներ: Տիկին Արմավենին առավոտ կանուխ դպրոց էր գնում, վերադառնում երեկոյան շատ ուշ: «Մինչև բոլոր երեխաներս չպառկեին, չէի գնում,- ասում է նա,- այնքան մեծ հաճույք էր, երբ վերմակով ծածկում էի նրանց, մեկ էլ աչքերը բացում էին և գոհունակ հայացքով ժպտալով ասում` տիկին…»:

Նա այնքան է կապվում աշակերտների հետ, որ անգամ նրանցից մեկին գրեթե իր երկու երեխաների հետ է մեծացնում և սիրում սեփական որդու պես: «Այդ տղաս այժմ զինվորական ծառայության է: Վերջերս աղջիկս Անգլիայում ամուսնացավ, հարսանիքը պիտի Ստամբուլում անեինք, բայց աղջիկս ասաց` ոչ, պիտի սպասեմ, եղբայրս բանակից գա, հետո հարսանիք անենք»,- պատմում է նա:

Խոսելով վարժարանների խնդիրներից` տիկին Արմավենին նշում է, որ հայագիտական առարկաներից Ստամբուլի դպրոցներում դասավանդվում են միայն հայոց լեզու, հայ գրականություն և կրոն: Հետզհետե նվազում է հայ ուսուցիչների թիվը: Ասում է, որ հայկական վարժարաններում սովորելու իրավունք ունեն միայն այն հայերը, որոնց ազգությունն ամրագրված է անձնագրով: Եթե պարզվի, որ տվյալ երեխայի նախորդ յոթ սերունդների մեջ որևէ այլ ազգի արյուն կա, ապա նա անմիջապես կհեռացվի դպրոցից: «Մեզ շատ էին դիմում ծպտյալ հայեր, որոնք ցանկանում էին իրենց երեխաներին հայկական կրթության տալ, սակայն մենք իրավունք չունեինք ընդունելու, մինչև չապացուցինք, որ նրանք հայ են»,- ասում է նա:

Խնդիրներից մեկն էլ աշակերտների թվի նվազումն է: Հատկանշական է այն, որ 1923-ին Պոլսում 47 հայկական վարժարան է եղել` 5865 աշակերտով, այսօր 15 վարժարան կա: Ստամբուլում ոչ միայն հայկական բուհեր չկան, այլև` հայագիտական ամբիոններ թուրքական համալսարաններում: «Շատ հայ ծնողներ նախընտրում են իրենց երեխաներին թուրքական վարժարաններ տալ,- ասում է տիկին Արմավենին,- գլխավոր պատճառներից մեկը հայախոսության նվազած լինելն է: Ծնողները հայերեն չեն խոսում և նրանց համար դժվար է երեխայի հետ հայերեն պարապելը: Իսկ ունևոր հայերն իրենց երեխաներին վճարովի թուրքական քոլեջներ են ուղարկում, որոնց մակարդակը, չեմ կարծում, թե հայկականից լավն է»:

Նշենք, որ Ստամբուլի հայ համայնքի մասին թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի վերջերս լույս տեսած գրքի տվյալներով` այսօր ստամբուլահայերի  18%-ն է միայն հայերենով հաղորդակցվում, 19-24 տարեկան երիտասարդների միայն 8%-ն է հայերեն խոսում, իսկ խառնամուսնությունները հասել են 40%-ի:

Տիկին Արմավենին ևս փաստում է, որ խառնամուսնությունների թիվը տարեցտարի մեծանում է, և շատ  հաճախ հայ տղաներն են ամուսնանում թուրք աղջիկների հետ: «Վերջին տարիներին խառնամուսնությունների 100-ից 60-ը հայ տղաներինն են եղել,-ասում է նա:

Հայկական  վարժարաններում փոխտնօրենները պարտադիր թուրք են: Նրանք ուղարկվում են Թուրքիայի կրթության նախարարության կողմից: Այդ պայմանն ամրագրվել է օրենքով դեռևս 1936-1937 թթ.:

Ասում են, որ հայկական վարժարանների գրեթե բոլոր տնօրեններն ունեցել են մեկ ընդհանուր հիվանդություն` շաքարախտ: Տիկին Արմավենին դա հաստատում է` միաժամանակ  բացատրելով ոչ թե վախի մթնոլորտով, այլ գործի նկատմամբ ունեցած մեծ պատասխանատվությամբ: «Մի կողմից` երեխայի հանդեպ պատասխանատվության, մյուս կողմից` ազգիդ, վերջապես` այն պետության, որտեղ ապրում ես,- ասում է նա:-Պետք է միշտ զգոն լինել, քանի որ շատ դժվար է բոլորին գոհացնել»:

Արմավենի Միրօղլու-Մուհթարյանը 2005-ին թողել է դպրոցի տնօրենի պաշտոնը գիտական գործունեությամբ զբաղվելու նպատակով: Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում տիկին Արմավենին արդեն պաշտպանել է իր գիտական աշխատանքը` ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական կոչում: Նրա ուսումնասիրությունը՝ «Ստամբուլի հայ գաղթօջախը 1923-1939 թթ.»,  վերաբերում է Թուրքիայի Հանրապետության վաղ շրջանում` 1923-1939 թթ., պոլսահայ համայնքի վիճակին: «Այդ շրջանի մասին որևէ գիտական ուսումնասիրություն չկար, ես հանձն առա այդ գործը,- ասում է նա,- և հիմնականում մամուլի  էջերից վեր հանեցի իրականությունը: Հատկապես հարուստ ու ծավալուն տեղեկություններ գտա Փարիզի «Յառաջ» օրաթերթում: Թուրքական պետական արխիվներից անձամբ չկարողացա օգտվել, սակայն թուրք գործընկերներիս միջոցով կարողացա որոշ տեղեկություններ ձեռք բերել»:

Տիկին Արմավենին իր աշխատության մեջ անդրադարձել է համայնքի վարչական, մշակութային, տնտեսական կյանքին,  հատկապես` հայերի «լքյալ գույքի» թեմային` ներկայացնելով հայերին պատկանող գույքը սեփականացնելու և թրքացնելու  պետական քաղաքականությունը, ինչպես նաև` հանրապետության շրջանում հայերի կրթության անմխիթար վիճակին` խիստ օրենքների առումով, և այլ հարցերի:

Ի դեպ, նրա գիտական ուղին  նախանշել է Մեսրոպ պատրիարքը: Ասում է, որ եթե այսօր պատմական գիտությունների թեկնածու է, ապա նրա շնորհիվ: «Մի օր ինձ կանչեց և ասաց` պետք է գիտությամբ զբաղվեմ, որ եթե մի օր մեզ համալսարանի մեջ ամբիոն տան, գիտնական ունենանք,- պատմում է տիկին Արմավենին:- Ընդհանրապես Մեսրոպ պատրիարքը մեր մշակույթի, գիտության նեցուկն ու հովանավորն էր: Խառնամուսնություններից ծնված որքա˜ն երիտասարդների իր շուրջը համախմբեց, հայերենի, ազգային լեզվի, մշակույթի մեջ ներգրավեց»:

Հիշում է, որ իր տնօրինության շրջանից առաջ կրթական տնօրինությունից հրահանգ եկավ, որ հայերենից և կրոնից բացի, մյուս բոլոր առարկաները հայկական վարժարաններում պետք է թուրքերենով դասավանդվեն: Սակայն Մեսրոպ պատրիարքի համառ ջանքերի շնորհիվ կրթական  տնօրինությունը  հետ է վերցնում այդ հրահանգը:

Այսօր Մեսրոպ Մութաֆյան պատրիարքը հիվանդության պատճառով ի վիճակի չէ որևէ գործունեությամբ զբաղվելու: Եվ  եթե պոլսահայության վիճակն այս պահին խաղաղ չէ,  համայնքն էլ պառակտման շեմին է, պատճառը նաև պատրիարքի հիվանդությունն է:

Չնայած բոլոր խնդիրներին, պոլսահայ համայնքն ունի ամուր ավանդույթներ, որոնք չկան որևէ այլ համայնքում:  Այդ ավանդույթներից մեկն էլ գրեթե ամեն կիրակի իրականացվող սիրո սեղաններն են. պատարագից հետո ամեն մարդ իր բյուջեի հնարավորությունների սահմաններում օգնում է համայնքի ընդհանուր բյուջեին: Պարբերաբար տեղի են ունենում նաև տոնավաճառներ` ի նպաստ հայկական վարժարանների: Տիկին Արմավենին նշում է, որ հայերի մեծ մասը մասնակից է դառնում այդ բարեգործություններին:

Ինչպես ողջ քրիստոնեական աշխարհում, Ստամբուլում ևս հայերը պատրաստվում են տոնել Ամանորը: Քաղաքում անգամ տոնածառեր են դրվում: Մեր զրուցակցի խոսքով` թուրքերը վարժվել են այդ տոնին, և նրանցից շատերն անգամ քրիստոնյաների հետ տոնում են այն:

 

Դիտվել է 1645 անգամ:
Print Friendly

Leave a Reply