Ի՞նչ գործարքներ է վավերացնում նոտարը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | January 9, 2012 7:00

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 6-րդ գլուխը նվիրված է նոտարի կողմից վավերացվող գործարքներին: Համաձայն  այդ օրենքի 55-րդ հոդվածի` «նոտարը վավերացնում է այն գործարքները, որոնց համար օրենքով նախատեսված է պարտադիր նոտարական ձև: Կողմերից մեկի պահանջով նոտարը կարող է վավերացնել և այլ գործարքներ, եթե անգամ օրենքով տվյալ տեսակի գործարքի համար նոտարական ձև չի պահանջվում»:

Գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանք վաղակետ լուծելու վերաբերյալ գործարքները վավերացնում է հիմնական գործարքը վավերացրած նոտարը: Նա պետք է կողմերից պահանջի ներկայացնել տվյալ գործարքը վավերացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, ներառյալ՝ ապացույցներ, որ գույքը կամ դրա նկատմամբ իրավունքը պատկանում է այն տնօրինող (օտարող, գրավ դնող, օգտագործման կամ հավատարմագրային կառավարման հանձնող և այլն) անձին:

Նոտարը վավերացնում է նաև գործունակ անձանց կտակները: Ներկայացուցիչների միջոցով կտակների վավերացում չի թույլատրվում: Կտակը վավերացնելիս կտակարարից կտակվող գույքի նկատմամբ նրա սեփականության կամ այլ իրավունքը հաստատող ապացույցներ չեն պահանջվում:

Կտակը կարող է վերացվել կամ փոփոխվել կտակարարի կողմից՝ համապատասխան դիմում տալու կամ նոր կտակ կազմելու ձևով: Կտակի վերացումը կամ դրանում փոփոխություններն ու լրացումները վավերացնում է հիմնական կտակը վավերացրած նոտարը:

Կտակը վերացնելու մասին դիմում ստանալու, ինչպես նաև կտակը վերացնող կամ փոփոխող նոր կտակ ստանալու դեպքում նոտարն այդ մասին նշում է անում նոտարական գրասենյակում պահվող կտակի օրինակի վրա և նոտարական գործողությունների գրանցամատյանում: Նոտարը պետք է վավերացնի կտակը վերացնելու մասին դիմումի վրա եղած ստորագրությունը:

Նոտարը կտակը վավերացնում է քաղաքացիական օրենսգրքով և «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով:

Նոտարը վավերացնում է նաև լիազորագիրը մեկ կամ մի քանի անձանց անունից մեկ կամ մի քանի անձանց անունով: Վերալիազորման իրավունքով տրված լիազորագիրը ենթակա է նոտարական վավերացման՝ օրենքով սահմանված կարգով: Վերալիազորագրման իրավունքով տրված լիազորագիրը նոտարը վավերացնում է հիմնական լիազորագիրը ներկայացնելու դեպքում: Վերալիազորման իրավունքով տրված լիազորագիրը չի կարող ներառել հիմնական լիազորագրով վերապահվածից ավելի իրավունքներ: Վերալիազորման իրավունքով տրված լիազորագրի գործողության ժամկետը չի կարող գերազանցել հիմնական լիազորագրի գործողության ժամկետը:

Լիազորագրում լիազորությունները պետք է շարադրված լինեն պարզ և հստակ: Չպետք է վավերացվեն անդեմ կամ երկիմաստ լիազորություններ: Նոտարի կողմից վավերացվող կամ հաստատվող հայտարարությունների և (կամ) համաձայնությունների նկատմամբ կիրառվում են լիազորագրերի համար սահմանված կարգն ու պայմանները:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Դիտվել է 2070 անգամ:
Print Friendly

Leave a Reply