Փոքր երկիր ենք` մեծ գաղտնիքներով

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | December 26, 2011 7:00

Հայաստանի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, սակայն նրա մասին տեղեկատվությունը կամ գոնե դրա մի կարևոր մասն անհասանելի է այդ պետության քաղաքացիների համար:

Հանրապետության ընդերքի պաշարները  յուրաքանչյուր ազգի համար առանցքային նշանակություն ունեն: Դրանով է նաև որոշվում պետության ուժն ու կշիռն աշխարհում: Բազմաթիվ երկրներում ընդերքը շահագործում է պետությունը, և այս ոլորտից ստացվող բոլոր արդյունքները նույնպես պետությունն է տնօրինում: Վերջերս, օրինակ,  Վենեսուելայում մասնավոր հատվածի շահագործմանը հանձնված հանքերը հանրայնացվեցին: Պատճառաբանությունն այն է, որ հանրային սեփականությունը պետք է տնօրինվի հանրության կողմից, առավել ևս, եթե այն շահութաբեր ոլորտում է:

Այս տեսանկյունից դիտարկենք նաև Հայաստանը: Մեր երկիրը օգտակար հանածոների գծով աշխարհի առաջատարներից չէ. գազի, նավթի պաշարներ չունենք: Մեր երկրում շահագործվող հանքերի գերակշիռ մասը քարերի, ավազի և այլ նմանատիպ հանքեր են, և միայն փոքր մասն է մետաղական հանք: Շահագործվող մոտ 400 հանքերից, ըստ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կայքի տեղեկատվության, միայն 22-ն են մետաղական:

Այդ պայմաններում առանցքային նշանակություն է ստանում հենց պետության կողմից հանքերի շահագործումն ու հանքերից ստացված օգտակար հանածոների վերամշակումը: Այս մասին բազմիցս նշել են հանքարդյունաբերության ոլորտի բազմաթիվ դիտարկողներ, մասնագետներ, տնտեսագետներ և այլն: Սակայն Հայաստանում բոլոր հանքերը շահագործվում են մասնավոր հատվածի կողմից, և պետությունը շահագործող ընկերություններում մասնաբաժին չունի:

Այս մասին «Անկախին»  հայտնեցին Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից.

«ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից վարվող օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում հաշվառվում են 817 հանքավայրեր, իսկ շահագործման տրամադրված հանքավայրերի վերաբերյալ տեղեկատվությունը տեղակայված է նախարարության կայքէջում: ՀՀ օրենսդրության համաձայն` ընդերքը համարվում է պետության բացառիկ սեփականությունը, և այն կարող է տրվել միայն շահագործման: Պետական բաժնեմասի ներգրավմամբ շահագործման տրամադրված հանքավայր չի գրանցված:

Նախկին ԽՍՀՄ փլուզումից հետո ՀՀ-ն որդեգրել է զարգացման ազատ տնտեսական (շուկայական) հարաբերությունների ուղին: Ընդհանրապես հանքավայրերի ուսումնասիրություններն ու շահագործումը մեծածավալ ներդրումներ են պահանջում: Դա բավական ռիսկային գործընթաց է, ուստի պետական բյուջեի հաշվին նման աշխատանք չի իրականացվում»,- նշված է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կ.Ղահրամանյանի մակագրությամբ գրության մեջ:

Կառավարությունը հայտարարում է, որ 2012 թ. պետական բյուջեում հանքարդյունաբերության ոլորտից գանձվող հարկերն ու տուրքերը մեծանալու են, սակայն հասարակությունը, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, չի կարող իմանալ, թե ներկայումս այդ ոլորտից ինչքան միջոցներ են գանձվում հարկերի, տուրքերի և այլ վճարների ձևով: Ուստի և ՀՀ ազգաբնակչությունը չի կարող հետագայում ևս կարծիք կազմել, թե ինչքան ավելացման մասին է խոսքը: Հարցն այն է, որ հանքերի ոլորտից հարկային մուտքերի մասին Պետական եկամուտների կոմիտեն տեղեկատվություն չի տրամադրում` վկայակոչելով հարկային գաղտնիքը: Օրինակ` մենք ՊԵԿ-ին հարցում էինք ուղարկել և խնդրել էինք պարզաբանել, թե ՀՀ տարածքում շահագործվող հանքերից տարեկան ինչքա՞ն գումար է գանձվում հարկերի, տուրքերի, հաստատագրված վճարների, սոցվճարների և օրենքով նախատեսված կարգով այլ վճարների տեսքով, և այդ գումարները հավաքված ընդհանուր միջոցների քանի՞ տոկոսն են կազմում: Կառավարությանն առընթեր ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ պատասխանցին.

«Պահանջվող տեղեկությունները, համաձայն «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի, հանդիսանում են հարկային գաղտնիք: Նույն հոդվածի վերջին մասով սահմանված է, որ հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների օգտագործման, տրամադրման և հրապարակման դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ: ՀՀ կառավարության 03.10.02 թ. «Հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմիններին Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի կողմից հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1584-Ն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված է հարկային ծառայության մարմնի կողմից հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրումը հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմիններին: Հաշվի առնելով վերը նշվածը՝ հայտնվում է, որ պահանջվող տեղեկությունների տրամադրումը տվյալ դեպքում կհակասի ՀՀ օրենսդրությամբ ամրագրված պահանջներին:  Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշված գործունեության տեսակի մասով մուտքերի (վճարված հարկերի) առանձնացված հաշվառում չի իրականացվում»:

Նախ` ի գիտություն ՊԵԿ-ի նշենք, որ ընդերքը, այսինքն` հանքերը, համարվում են պետության, հետևաբար նաև ՀՀ քաղաքացիների բացառիկ սեփականությունը, որովհետև Հայաստանը, սահմանադրությամբ, հանրապետություն է: Հետո` ըստ պատասխանի մեջ հիշատակված «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի` «հարկային գաղտնիքը` հարկ վճարողի (հարկ վճարողի գործունեության) վերաբերյալ հարկային մարմնի կամ հարկային ծառայողի ստացած ցանկացած տեղեկություն է..»:  Բայց մենք  որևէ հարկ վճարողի մասին չենք տվյալ հարցրել, այլ ընդհանուր հանքերի ոլորտին վերաբերող տեղեկատվություն ենք խնդրել:

Համադրելով այս հանգամանքները` այն կարծիքին ենք, որ հանրային սեփականության մասին հանրությունը պետք է իմանա ամեն ինչ, անկախ այն շահագործողի կամ տնօրինողի կամքից ու ցանկությունից: Սա այն դեպքում, եթե նույնիսկ մեր հարցումն ընդգրկեր հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ: Ստացվում է, որ հասարակությունը չի կարող վերահսկել իր իսկ սեփականության տնօրինումը, իմանալ, թե իր սեփականությունը ինչ շահութաբերություն ունի, կամ դրա շահագործման համար ինչքան հարկեր ու տուրքեր են մուծվում:

Խելքին մոտ չէ նաև էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պարզաբանումը, թե ինչու հանքերը պետության կողմից չեն շահագործվում: Եթե այդ ոլորտը շահութաբերություն չունենար, մասնավոր հատվածն այն չէր օգտագործի:  Ուրեմն ո՞րն է շահութաբեր ոլորտը մասնավոր հատվածին ու օտարերկրյա ընկերություններին վարձակալությամբ տալու նպատակահարմարությունը, եթե շահութաբեր ոլորտը կարող է ծածկել կատարված ներդրումները:

 

Դիտվել է 1256 անգամ:
Print Friendly

Leave a Reply