Համատիրությունների փոխարեն «պրիստավ-հարկահավաքներ» չպետք է լինեն

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | December 24, 2011 7:07

Բազմաբնակարան շենքերի կառավարման և շահագործման ոլորտում կառավարությունն առաջարկում է նոր մոտեցումներ, որոնցից շատերը թեժ վեճերի ու քննարկումների առիթ են դարձել:

Կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետությունում բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման բարելավման հնգամյա ռազմավարական ծրագիր» փաթեթը, որի իրագործումը կարժենա մոտ 25 մլրդ դրամ: Այս ծրագիրն առաջացրել է մի շարք հարցեր. բազմաբնակարան շենքերի սպասարկումն այսուհետ պետք է իրականացնեն առևտրային կազմակերպությունները, նշանակում է, որ համատիրություններից կխլվի՞ շենքերի կառավարումը: Հարց է առաջանում նաև կառավարման մարմինների առնչությամբ,  քանի որ պետք է հանդես գան լիազորված կառավարիչներ` 5000 հոգի: Այդ մարդկանց հետ աշխատելը հենց միայն Երևանում քաղաքապետարանի համար լուրջ փորձություն կդառնա, քանի որ այնտեղ հազիվ են հասցնում աշխատել մոտ 250 համատիրությունների հետ:

«Բազմաբնակարան ֆոնդը հանդիսանում է մեր երկրի առանցքային ակտիվներից մեկը, և պետությունը շահագրգռված է այդ ակտիվի պատշաճ սպասարկման, շահագործման և արդիականացման հարցում: Բնակարանային տնտեսությունում այսօր կուտակված են մեծածավալ հիմնական միջոցներ, մոտ 67 մլն քմ-ից ավելի ընդհանուր մակերեսով բնակարանային ֆոնդ, որը, կոպիտ հաշվարկով, կազմում է մոտ 7 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Բազմաբնակարան բնակարանային ֆոնդի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման և շահագործման ոլորտում վերջին 20 տարիների ընթացքում իրականացված ծախսերը կրել են ոչ պարբերական բնույթ, եղել են հատվածային և ավելի շատ ուղղված են եղել անսարքությունների վերացմանը: Դա հանգեցրել է հետաձգված մաշվածության կուտակմանը և զգալի ներդրումների պահանջի, որի ապահովումը միայն սեփականատերերի միջոցների հաշվին այսօր իրատեսական չէ»,- նշեց քաղաքաշինության նախարարության բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Եվգենյա Աթայանը:

Նրա պարզաբանմամբ` այս ոլորտի զարգացման համար կան մի շարք խոչընդոտներ, որոնց վերացումն ու ոլորտի զարգացումն ապահովելու համար կառավարությունն ընդունեց այս ծրագիրը: Ծրագրի մի քանի դրույթներ համատիրությունների նախագահների և մի շարք պաշտոնատար անձանց դժգոհությունն են առաջացրել: Հատկապես համատիրությունները չեն հասկանում, թե ինչպես պետք է լուծվեն շենքերի պահպանության համար կառավարության կողմից սահմանված պարտադիր նորմերի պահպանման, բակային և շենքերի միջև եղած տարածքների սանիտարական և մաքրման աշխատանքների հարցերը: Սակայն ամենաթեժ քննարկումների տեղիք են տալիս բազմաբնակարան շենքերի կառավարման և շահագործման դրույթները: Ծրագրում նշվում է, որ շենքերի շահագործման աշխատանքները պետք է կատարեն մասնավոր առևտրային կազմակերպությունները, իսկ շենքերը պետք է կառավարվեն միջնորդ կառավարիչների կողմից:

«Այս ծրագրում կան այնպիսի միջոցառումներ, որոնց վերաբերյալ մեր համատիրություններն էլ են առարկություններ ներկայացնում, քանի որ յուրաքանչյուր շենք պետք է ունենա իր կառավարիչը, հետո պետք է պայմանագրեր կնքվեն ՍՊԸ-ների հետ, որպեսզի դրանք իրենց շենքերը սպասարկեն և այլն: Երևանում այսօր ունենք մոտ 250 համատիրություն, որոնց հետ աշխատելը, իսկապես, շատ դժվար է: Այս ծրագրով ստացվում է, որ հետագայում պետք է աշխատենք մոտ 5 հազար մարդու հետ, դա ընդհանրապես անիրատեսական է»,- ասաց Երևանի քաղաքապետարանի համայնքների հետ տարվող աշխատանքների բաժնի աշխատակից Հայկազ Ավետիսյանը:

Կառավարիչների ինստիտուտի ներմուծումը  մեր իրականություն, փաստորեն,  ընդունվում է տարակուսանքով, եթե չասենք` դժկամությամբ: Կասկածներ կան. օրինակ` ի՞նչ լծակներով են այդ կառավարիչներն ու մասնավոր շահագործողներն իրականացնելու վճարների հավաքումը, արդյոք այդ գործընթացը չի՞  հանգի ճնշումների: Բացի այդ, հարցեր են առաջանում նաև այդ կառավարիչների պատրաստմանն ուղղված ծախսերի առումով:

«Եթե բնակչությունը չկարողանա վճարումներն ապահովել, այդ առևտրային կազմակերպությունները, որոնք կառավարելու են բազմաբնակարան շենքերը, խլելու են մարդկանցից տները: Դա բիզնես է. առևտրային կազմակերպությունը գալու է և կառավարելու է: Եթե այդ բիզնեսը ձեռնտու է, ապա անկախ այս ռազմավարական ծրագրից, անկախ ամեն ինչից, մի քանի հոգի կհավաքվեին ու այդ բիզնեսը կանեին: Բայց եթե դա ինքնըստինքյան չի արվում, ուրեմն հարմար բիզնես չէ, և մենք մարդկանց պարտադրում ենք մասնավոր ծառայություններ: 25 միլիարդ արժեցող ծրագիր է ներկայացվում, այսինքն` միջազգային «փորձագետ-դարմայեդների» փողը, ուսուցման փողերը և այլն: Մենք հիմա էլ մի հսկայական գումար պետք է մսխենք, իբր թե կառավարիչներ ենք պատրաստում: Նրանք ի՞նչ են անելու: Ընդհանուր եմ ասում. լույս, ջուր, գազ, կոյուղի, հեռախոս, աղբահանություն, մաքրություն ոլորտների մասին է խոսքը: Բոլոր ոլորտներն էլ տեր ունեն: Կարելի է այդ տերերի վրա պարտականություն դնել: Մենք այս ծրագրով ստեղծում ենք միջնորդ առևտրային կազմակերպություն, որը գալու է ու բնակչից գումարներ խլի, փողը չտալու դեպքում էլ` տունը խլի: Հիմա, փառք Աստծո, համատիրություններն ինչ-որ ձևով կայացել են: Ասում ենք համատիրությունը կառավարում է, բայց չի շահագործում շենքը: Թող համատիրությունն էլ շահագործի: Այնտեղ բազմաթիվ կայացած մարդիկ կան, որոնց վրա կարելի է այդ պարտականությունը դնել: Բայց բերել ու, կներեք արտահայտությանս, 5 հազար «դարմայեդի» նորից կապել այս ժողովրդի գլխին, որ մտնեն շենքերն ու հարկահավաքությո՞ւն անեն: Եթե կառավարությունը սուբսիդավորում է, ապա թող սուբսիդավորի համատիրությունը կամ համայնքը, այնտեղ պատվիրակված լիազորությունների հասկացություն ունենք: Այսինքն` պատվիրակի այդ լիազորությունները, ոչ թե ամեն շենքին մի միջնորդ կցի, որը պետք է հաշվապահ պահի, չգիտեմ ինչ պահի ու մի բան էլ շահույթ ստանա, մանավանդ ժողովրդի վճարունակության այս ցածր պայմաններում»,- բարկացած  մտորում է Աժ պատգամավոր Արա Սիմոնյանը, որ այս հարցերում հանդես է գալիս որպես շարքային քաղաքացի:

Իսկ Եվգենյա Աթայանը հավատացնում է, որ այնպես չի լինելու, որ վաղվանից միանգամից կառավարիչները սկսեն կառավարել շենքերը, և մասնավոր ձեռնարկությունները` սպասարկեն, այլ լինելու է փուլային մոտեցում:

Իսկ կառավարությունը ցանկանում է փուլային մոտեցմամբ լուծել բազմաբնակարան շենքերի խնդիրները` շեշտը դնելով վարչարարական, կազմակերպչական ու օրենսդրական փոփոխությունների վրա: Սակայն մասնագետների կարծիքով` խնդիրն այս մոտեցումների հետ կապ չունի:

«Այն, որ կառավարությունը որոշել է անդրադառնալ բազմաբնակարան շենքերի կառավարմանը, արդեն դրական է: Կրկնակի դրական կլիներ, իմ կարծիքով, եթե այդ անդրադարձն առավել արդյունավետ լիներ: Բայց ես մի քիչ կասկածում եմ այս ծրագրի արդյունավետությանը: Առաջին հերթին չեմ ուզում համաձայնել այն գաղափարին, որ համատիրությունը` որպես ոչ առևտրային կազմակերպություն, չի կարող ինքն իրեն և՛

ծառայություն պատվիրել, և՛ իրականացնել: Դա չէ պատճառը, որ մեր բազմաբնակարան շենքերի կառավարումը վատ է իրականացվում, ոչ էլ օրենքն է պատճառը: Մենք խնդիրներ չունենք նաև կապված պարտադիր նորմերի հետ: Կապ ունի պետության վերաբերմունքը բազմաբնակարան շենքերին: Մենք քաղաքացուն դիտում ենք որպես կոմունալ ծառայությունների սպառողի, բայց ոչ գնողի: Եվ քանի մենք քաղաքացուն ընկալում ենք որպես սպառողի, այս վիճակն է լինելու բազմաբնակարան շենքերում»,- ասաց «Հազարամյակի համայնքներ» հիմնադրամի նախագահ Կամո Խաչատրյանը:

 

Հ. Գ. Թե դեռ ինչքան ժամանակ բնակչին կվերաբերվեն որպես սպառողի, կամ երբվանից բնակիչը կդառնա գնորդ, մեր որոշելու հարցը չէ: Սակայն բազմաբնակարան շենքերը կառավարման և շահագործման խնդիրներ ունեն, որոնց լուծման համար ձեռնարկվող միջոցառումները, բոլոր դեպքերում, չպետք է վերածվեն «պրիստավ» կառավարիչների միջոցով հասարակությանը ճնշելու լծակի:

 

Դիտվել է 1171 անգամ:
Print Friendly

Leave a Reply