Երբ տարին «բերքառատ» չէ

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | December 23, 2011 15:05

Տարին ավարտին է մոտենում, և մարզական լրագրողների շրջանում անցկացված հարցման արդյունքով որոշվել են Հայաստանի լավագույն մարզիկները և թիմերն այս մրցաշրջանում:

Հարցմանը մասնակցել են 42 մարզական լրագրողներ: Ընդ որում, նվաճումների առումով 2011-ի մրցաշրջանը մեր մարզիկների համար այնքան էլ «բերքառատ» չէ, և ընտրության հնարավորությունը սահմանափակ էր:

Եվ ահա առաջին հորիզոնականում է հայտնվել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանը` 346 միավոր: Ի դեպ, նա լավագույնն է ճանաչվել, չնայած իր հնարավորություններից ցածր էր հանդես եկել  աշխարհի առաջնությունում` ոչ միայն անմասն մնալով խաղարկված մեդալներից, այլև օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք տվող ուղեգրերից: Ու թեև հունահռոմեական ոճի մեր մեկ այլ ըմբիշ` Արսեն Ջուլֆալակյանը, աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիր, նաև օլիմպիական խաղերի ուղեգրի տեր է դարձել, սակայն զգալիորեն զիջել է Ամոյանին և 300 միավորով գրավել է 2-րդ տեղը:

Ուշագրավն այն է, որ լավագույնների տասնյակում է ևս երկու ըմբիշի անուն կա: Ամոյանի, Ջուլֆալակյանի թիմակից Արթուր Ալեքսանյանը, որը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է, 6-րդ տեղում է (145 միավոր), իսկ  Մուսա Մուրթազալիևը, որ արծաթե մեդալակիր է դարձել Եվրոպայի առաջնության ազատ ոճայինների պայքարում, եզրափակում է տասնյակը (111 միավոր):

Այնպես է ստացվել, որ այս տարի տասնյակում մեկ շախմատիստ է: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը քանիցս տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել,  3-րդ տեղում է (296 միավոր):

Մրցաշրջանի ընթացքում բախտն այնքան էլ ուղեկից չէր մեր ծանրորդներին: Թերևս այդ է պատճառը, որ լավագույն տասնյակում այդ մարզաձևի միայն մեկ ներկայացուցչի` Աղասի Աղասյանի անունն է, որը Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, Համաշխարհային ունիվերսիադայում ոսկե մեդալներ է նվաճել (151 միավոր` 5-րդ տեղ): Հետաքրքիր է, որ Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամներ Արայիկ Միրզոյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը, թեև Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրներ են, այդպես էլ չեն հայտնվել տասնյակում:

Իսկ ահա Հայաստանի ֆուտբոլի հավաքականը, թեև Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում դուրս չի եկել խմբից, թիմի ֆուտբոլիստներից Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը տպավորիչ խաղի շնորհիվ  4-րդ և 7-րդ հորիզոնականներում են` 237 և 140 միավոր:

Տևական ընդմիջումից հետո Հայաստանի մարմնամարզիկը Եվրոպայի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր, և նժույգաթափերում աչքի ընկած Հարություն Մերդինյանն էլ 8-րդն է (129 միավոր): Նրան հաջորդում է բռնցքամարտիկ Վլադիմիր Սարուխանյանը (124 միավոր): Վերջինս այս մարզաձևի մեր երկրի միակ ներկայացուցիչն է, որը մեդալակիր է դարձել Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:

Տարվա լավագույն թիմը Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն է, որը հռչակվել է աշխարհի չեմպիոն:

 

 

 

 

Դիտվել է 944 անգամ:
Print Friendly

Leave a Reply