Հիմա էլ` պահեստային խաղացողի խնդիր

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | December 25, 2011 7:03

2011-ը Հայաստանի շախմատիստների համար աննախադեպ  էր: Թե ինչ իրադարձություններով էր այն հիշարժան, խնդրեցինք  մեկնաբանել Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան տնօրեն,Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչյա Թավադյանին:

– Ամենամեծ նվաճումն այն է, որ Հայաստանի շախմատիստների հավաքականը ուժեղագույնն է ճանաչվել աշխարհում: Մերոնք նախկինում փայլուն արդյունքների են հասել տարբեր ստուգատեսներում, երկու անգամ  առաջին տեղ են զբաղեցրել  Շախմատի համաշխարհային օլիմպիադաներում, սակայն առաջին անգամ էր, որ այդպիսի բարձունքում էին հայտնվել: Աշխարհի առաջնությունը կազմակերպվել էր 5-րդ անգամ, սակայն նախկինում չէր ունեցել մասնակից թիմերի այնպիսի ուժեղ կազմ, ինչպիսին այս տարի Չինաստանում էր: Ընդ որում, չէի ասեի, թե մերոնք չեմպիոն դարձան մեծ դժվարությամբ: Վերջին 2-3 տուրերից առաջ արդեն ակնհայտ էր, որ Հայաստանի հավաքականը շրջանցելու է բոլոր մրցակիցներին: Թիմային մրցումներում «Միկա» ակումբի շախմատիստուհիների հավաքականը 3-րդ տեղ է գրավել Եվրոպայի ակումբային առաջնությունում: Ուրախալի է, որ Էլինա Դանիելյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Սամվել Տեր-Սահակյանն էլ հռչակվել է մինչև 18 տարեկան շախմատիստների աշխարհի չեմպիոն: Իսկ նախորդ շաբաթվա վերջին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտված կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում չեմպիոն դարձավ Հրանտ Մելքումյանը:

Իսկ Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում կայացած Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի շախմատիստների հավաքականի 4-րդ տեղը գրավելը ձախողո՞ւմ չէ:

– Չէի ասի: Վերջին տուրում մեր մրցակից Գերմանիայի հավաքականի մարզիչն առաջարկեց ոչ-ոքի ավարտել բոլոր խաղատախտակների առջև հանդիպումները: Մերոնք  այդ դեպքում, անկախ մյուս մրցամարտերի արդյունքից, կզբաղեցնեին 2-րդ տեղը, իսկ Ադրբեջանի հավաքականը կդառնար չեմպիոն: Հայաստանի հավաքականը պայքարեց չեմպիոնության համար, բայց գերմանացիների բախտը բերեց, և նրանք հաղթեցին այդ հանդիպումում, նաև առաջնությունում: Իսկ մրցանակային հաջորդ տեղերում հայտնվեցին ադրբեջանցիները և հունգարացիները: Այնպես որ մերոնք կարող էին նաև արծաթե մեդալակիր դառնալ առանց պայքարի, սակայն համարձակ քայլի դիմելով` կորցրին հնարավորությունը:

Կարելի՞ է ասել, որ 2011-ին վերջապես Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը կարողացավ լիարժեք կազմ ունենալ:

– Սերգեյ Մովսիսյանի Հայաստանի հավաքական տեղափոխվելը շատ օգնեց  մեր թիմին: Գրոսմայստեր Կարեն Ասրյանի անժամանակ մահվանից հետո Հայաստանի հավաքականի 4-րդ խաղատախտակի առջև հանդես եկող շախմատիստը համեմատաբար թույլ է եղել 1-3-րդ խաղատախտակների առջև խաղացողներից: Այժմ այդ խաղատախտակի առջև է Գաբրիել Սարգսյանը, որը լրացրել է բացը: Նրա հետ միասին Լևոն Արոնյանը, Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը բարձրակարգ խաղացողներ են, անցանկալի մրցակիցներ ցանկացած թիմի շախմատիստների համար:

Մի՞թե համալրման առումով Հայաստանի տղամարդկանց հավաքականն այլևս որևէ խնդիր չունի:

– Հիմա էլ պահեստային խաղացողի կարիք կա: Ի դեպ, խոշորամասշտաբ ստուգատեսներում մեր հավաքականի պահեստային խաղացողը շատ քիչ է հանդիպումների մասնակցում: Այնպես որ այս հարցում խնդիր կա: Ռուսաստանի, Ուկրաինայի, Չինաստանի հավաքականների կազմերում 4-րդ խաղատախտակի առջև շատ բարձր վարկանիշ` 2700-ից ավելի գործակիցներ ունեցող խաղացողներ են հանդես գալիս, այնպես որ մեր հավաքականի պահեստային շախմատիստին նրանց հետ պայքարելու հնարավորություն տալը շատ համարձակ քայլ կարող է համարվել: Հատկապես մեր երիտասարդ շախմատիստների համար այդպիսի ստուգատեսներում խաղալը դժվար է:

Ունենք բաձրակարգ պահեստային խաղացողի խնդիր: Իսկ հավաքականում տեղ ունենալու համար սուր պայքար ընթանո՞ւմ է:

– Հունվարին կայանալու է Հայաստանի առաջնությունը, որին չեն մասնակցելու մեր առաջատարները` հավաքականի չորս խաղացողները: Գործնականում մեր երկրի չեմպիոնն էլ իրավունք կստանա նոր մրցաշրջանում խաղալու Հայաստանի հավաքականի կազմում: Իսկ 2012-ի օգոստոսին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայանալու է Շախմատի համաշխարհային օլիմպիադան, որում մեր երկրի ներկայացուցիչներից սպասելիքները մեծ են լինելու:

Ի՞նչ եք կարծում, ո՞ր գրոսմայստերների միջև կընթանա պայքարը Հայաստանի հավաքականում հայտնվելու համար:

– Ինչպես հայտնի է, մեր երկրի նախորդ առաջնության չեմպիոնը Ռոբերտ Հովհաննիսյան է, որն այս տարի խաղաց  ընտրանու կազմում: Կարծում եմ` Ռոբերտից բացի, առաջին տեղի համար կպայքարեն Տիգրան Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքոնյանը, Ավետիք Գրիգորյանը: Աշխարհի մինչև 18 տարեկան շախմատիստների նորընծա  չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը կլինի այդ խաղացողների մրցակիցների թվում և կարող է նրանց խաղաթղթերը խառնել: Հայաստանի առաջնությունն ուժեղ կազմ է ունենալու: Խաղալու է 12 շախմատիստ: Այնպես որ գուշակություններ անելն անշնորհակալ գործ կլինի: Ի դեպ, պարգևատրման հիմնադրամն էլ բարձր է լինելու. հաղթողը ստանալու է 1,5 մլն դրամ:

Նշեցիք Սամվել ՏերՍահակյանի մասին: Իսկ ունե՞նք հերթափոխ, հուսադրող, շնորհալի երիտասարդ շախմատիստներ:

– Հայաստանի ներկայացուցիչներն այս տարի Բուլղարիայի Ալբենա քաղաքում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում էլ լավ հանդես եկան: 12 տարեկանների մրցաշարում չեմպիոն դարձավ Հայկ Մարտիրոսյանը: 16 տարեկանների մրցավեճում Հովհաննես Գաբուզյանն արժանացավ արծաթե մեդալի: 18 տարեկանների մրցաշարում Մարի Գևորգյանը բավարարվեց 3-րդ տեղով: Ռոբերտ Հովհաննիսյան էլ 2-րդն է ճանաչվել մինչև 20 տարեկան շախմատիտների աշխարհի առաջնությունում: Թուրքիայում կայացած մինչ 16 տարեկան շախմատիստների համաշխարհային օլիմպիադայում մեր երկրի ներկայացուցիչներն արծաթե մեդալակիր են դարձել: Քանի որ Հայաստանի հավաքականը նախկինում երկու անգամ այդ ստուգատեսում չեմպիոն է դարձել, այս ձեռքբերումը որոշ առումով  համեստ է համարվում: Այդուհանդերձ, փաստերը խոսում են այն մասին, որ հերթափոխն աճում է, սակայն դեռևս չեն նշմարվում այնպիսի շախմատիստներ, որոնք կարող են համալրել Հայաստանի հավաքականը:

Բացի Շախմատի համաշխարհային օլիմպիադայից, մեր շախմատիստներին 2012-ին ի՞նչ փորձություններ են սպասում:

– Մարտին և մայիսին Բուլղարիայում և Թուրքիայում կկայանան  տղամարդկանց և կանանց Եվրոպայի անհատական առաջնությունները: Կխաղան Հայաստանի հավաքականի մարզիկ-մարզուհիները: Նրանց կմիանան Հայաստանի շախմատի առաջնություններում բարձր տեղեր զբաղեցնողները` տղամարդկանց առաջնությունում` 1-5-րդ տեղերը գրավողները, կանանց առաջնության հաղթողը: Մեր առաջատարներին և առաջնությունների հաջողակ խաղացողներին մրցավայրեր կգործուղի Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Իսկ եվրոպական ստուգատեսին իրենց միջոցներով կարող են մասնակցել նաև մեր մյուս լավագույնները:

Հայաստանի կանանց հավաքականի նորեկ Մարիա Կուրսովան խաղալո՞ւ է Հայաստանի առաջնությունում:

– Այո:

Հայաստանում նոր տարում միջազգային խոշորամասշտաբ մրցումներ չեն կազմակերպվելու:

– Ջերմուկում հունիսի 15-25-ին անցկացվելու է Կարեն Ասրյանի  5-րդ հուշամրցաշարը: Հունիսին էլ  Ջերմուկում կկայանա կանանց «Գրան պրի» մրցաշարի փուլերից մեկը: Մարտունիում կանցկացվի  միջազգային մրցաշար:Հիմնականում ուշադրություն կդարձվի, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը լավ խաղա օլիմպիադայում: Նախատեսում ենք, որ մերոնք ուսումնամարզական վերջին հավաքն անցկացնեն Սևանի «Հարսնաքար» համալիրում: Օգոստոսի 12-ից կսկսվի հավաքը: Իսկ օգոստոսի 27-ին կմեկնարկի օլիմպիադան: 2012-ին աշխարհի, Եվրոպայի թիմային առաջնություններ չեն անցկացվելու: Հավելենք, որ հայտ է ներկայացվել, որպեսզի 2014-ին Երևանում կայանա շախմատիստների Եվրոպայի անհատական առաջնությունը: Ինչ վերաբերում է մեր ներքին անելիքներին, ապա  2012-ի հունիսին  նախատեսում ենք Երևանում անցկացնել Հայաստանի տղամարդկանց և կանանց ակումբային մրցումներ: Կխաղարկվի մեր երկրի գավաթը: Իրենց կազմերով առայժմ առանձնանում են միայն «Միկայի» տղամարդկանց և կանանց թիմերը: Հնարավորը կարվի, որպեսզի ուժեղ ակումբների թիվը հնարավորինս  մեծ լինի: Դժվար է միջազգային մրցասպարեզում խաղալու համար մարտունակ թիմեր ստեղծել, մեծ փողեր են պահանջվում: Ակումբներն արտասահմանյան բարձրակարգ խաղացողներով համալրելու համար անհրաժեշտ են խոշոր ներդրումներ: Եվ եթե Հայաստանից  մի քանի թիմեր են խաղալու եվրոպական ակումբային ստուգատեսում, ապա դրանք այնպիսի կազմ պետք է ունենան, որ սպասելիքներ լինեն: Եթե «Միկայի» օրինակով ուժեղ  ակումբներ ունենանք, ապա այդ թիմերն էլ կմասնակցեն, հակառակ պարագայում խաղալը միջազգային ստուգատեսներում իմաստ չի ունենա:

 

Դիտվել է 1216 անգամ:
Print Friendly

Leave a Reply