Ալցհեյմերի հիվանդություն

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | December 25, 2011 14:00

Սովորաբար  ուղեղի նմանատիպ խանգարումներն առաջանում են այլ հիվանդությունների, օրինակ` գլխուղեղի վնասման կամ էլ կաթվածի հետևանքով: Ավիտամինոզի դեպքում նման հոգեկան խանգարումները ժամանակավոր բնույթ  են ունենում: Եթե օրգանիզմում  РР վիտամինի պակաս կա, ապա առաջանում է պելագրա  հիվանդությունը, որին բնորոշ են դողն ու հալյուցինացիան: Վիճակը կանոնավորվում է հիմնականում հատուկ սննդակարգից հետո: Ուղեղի ախտահարման մեկ այլ պատճառ է սիֆիլիսը, որը բավական հաջող բուժվում է  պենիցիլինային խմբի դեղորայքով: Սակայն հոգեկան օրգանական խանգարումները կարող են նաև հանգեցնել մահվան: Նման հիվանդություններից  թերևս ամենատարածվածը Ալցհեյմերի հիվանդությունն է: Մեծ մասամբ հիվանդանում են տարեց կամ էլ ծեր մարդիկ:

Հիվանդության առաջացման պատճառները

Հիվանդության առաջացման իսկական պատճառը մինչ օրս հնարավոր չի եղել պարզել: Մասնագետները կարծում են, որ որոշ դեպքերում այն պայմանավորված է վիրուսային վարակով: Հիվանդության էությունը գլխուղեղում անդառնալի խանգարումներն են, որոնք հանգեցնում են նեյրոնների  ու դրանց միջև առկա կապերի մեռուկացման: Այդպիսով հիվանդությունը սրընթաց զարգանում է ու հանգեցնում հոգեբանական ֆունկցիաների քայքայման: Տվյալ հիվանդության հիմնական ախտանշաններն են հիշողության կորուստը, իսկ դրանից հետո` շարժողական ու մտավոր ունակությունների լրիվ կորուստը:

Ախտանշանները

Ուրեմն ինչպե՞ս կարելի է ճանաչել Ալցհեյմերի հիվանդությունը: Հիվանդության սկիզբը բնութագրվում է հիշողության և ուշադրության կենտրոնացման խնդիրներով: Առաջանում են ցրվածություն, մոռացկոտություն, ժամանակի զգացողության բացակայություն, խճճվածություն իրադարձությունների հերթականության մեջ: Սակայն այս հիվանդության սկիզբը կարող է նաև այլ ընթացք ունենալ, ինչպիսին է, ասենք` բնավորության փոխվելը. մարդը դառնում է եսասեր ու կոպիտ կամ էլ կարող է զառանցել ու հալյուցինացիաներ ունենալ: Հոգեկան խանգարումների բացակայության պատճառով մարդիկ հազվադեպ են բժշկի դիմում, իսկ բնավորության փոխվելն ընդունում են որպես ծերունական «պարգև»:

Հիվանդության զարգացման հետ այդ ախտանշաններն ուժգնանում են: Հիվանդներն այլևս չեն ճանաչում հարազատ մարդկանց, մոռանում են սեփական տարիքը, կորցնում ինքնուրույն հագնվելու ու կենցաղային տեխնիկայից և նույնիսկ սեղանի սպասքից օգտվելու ունակությունը: Եթե հիվանդը համապատասխան բուժում չի ստանում և հիվանդությունն էլ արդեն վերջին փուլում է, մարդը լրիվ շրջապատից է կախված լինում:

Ի՞նչ է Ալցհեյմերի հիվանդությունը

Սա հիվանդություն է, որը պայմանավորված է գլխուղեղի բջիջների  մեռուկացմամբ ու հիշողության, ինտելեկտի կորստով, ինչպես նաև` զգացմունքային ու վարքի լուրջ խնդիրներով: Սա շատ նենգ հիվանդություն է: Այն ախտահարում է դեռևս ոչ այնքան ծեր ու առույգ մարդկանց: Հիվանդության զարգացման բնորոշ տարիք է համարվում 65-70 տարեկանը: Սովորաբար դա այն տարիքն է, երբ մարդը հասարակության մեջ ինչ-որ դիրքի ու բարեկեցության է հասել, երեխաները մեծացել ու ինքնուրույն են դարձել: Վերջապես մարդը հնարավորություն է ստանում ինքն իրենով զբաղվելու. տեղափոխվել ամառանոց, ճանապարհորդություն կատարել, հիշել հին հոբբին ու զբաղմունքները, որոնցով ոչ մի կերպ ժամանակ չէր գտնում զբաղվելու: Սակայն այդ պլանները խախտվում են այն գործընթացներով, որոնք հիվանդության առաջին 15-20 տարիներին աննկատ են ընթանում:

Ալցհեյմերի հիվանդությունը բժիշկների ու գիտնականների համար հանելուկ է մնում:Դրա առաջացման մեխանիզմները մինչև վերջ ուսումնասիրված չեն, սակայն գիտնականների մեծամասնությունը ենթադրում է, որ հիվանդությունը ուղեղի հյուսվածքում ամիլոիդային սպիտակուցի  կազմության փոփոխման հետևանքով է առաջանում: Սպիտակուցային միացությունները կայուն գոյացություններ են ձևավորում ինչպես նեյրոնների ներսում, այնպես էլ դրանց շուրջ: Երբ նյարդային բջիջների քանակը ու դրանց միջև կապը խիստ նվազում է, ուղեղը դադարում է  իր սովորական ֆունկցիաները կատարելուց, ինչն անմիջապես արտացոլվում է  մարդու վարքագծի և ընդհանուր վիճակի վրա: Այդ պահից սկսած` Ալցհեյմերի հիվանդությունն արտահայտվում է  արտաքին նշաններով:

Առաջինն այս հիվանդությունը նկարագրել է գերմանացի գիտնական Ալոիս Ալցհեյմերը, որի անունով էլ անվանել են  այն: Այսօր Ալցհեյմերի հիվանդությունը ծերունական տկարամտության հիմնական պատճառներից է համարվում (բոլոր դեպքերի 35-40%-ը):  Հիվանդների թիվն ավելանում է: Վերջին տարիներին 24 մլն-ից (2001-ի տվյալներով) հասել է 40մլն-ի (2011 թ.): Ամենամեղմ կանխատեսումներով,  2050-ին հիվանդների թիվը կհասնի 100 մլն-ի:

Հիվանդության ռիսկերը

Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողների  թվի աճը պայմանավորված է զարգացած երկրներում կյանքի տևողության  մեծացմամբ: Բանն այն է, որ թոշակային տարիքի մարդկանց մոտ հիվանդանալու հավանականությունը երկու անգամ ավելի է: Ռիսկի գործոններից է նաև գենոտիպը: Կարծիք կա, որ հիվանդությունը կարող է  գեներով փոխանցվել: Որոշ տվյալների հանաձայն` Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը հարազատների մեջ նորմից 4 անգամ բարձր է:  Մասնագետներ էլ կան, որոնք նշում են, որ Ալցհեյմերի հիվանդությունը հաճախ  է հանդիպում  կանանց մոտ: Այս տվյալներն իմանալն անհրաժեշտ է, սակայն էլ ավելի կարևոր է հիվանդության կանխարգելման տեսանկյունից իմանալ այն գործոնները, որոնք կարող են հանգեցնել հիվանդության զարգացման:

Համաձայն գոյություն ունեցող տվյալների` Ալցհեյմերի հիվանդության հակում ունեն այն մարդիկ, որոնք գանգուղեղային վնասվածքներ են ստացել: Ռիսկի խմբում են նաև զինված գործողություններին  այս կամ այն կերպ մասնակցածներն ու պայթուցիչների ուժեղ ձայնային ալիքին ենթարկվածները: Կան տվյալներ, որոնք վկայում են, որ հիվանդությունը կապված է նաև  երիտասարդ տարիներին կամ էլ միջին տարիքում տարած դեպրեսիայի որոշ էպիզոդների հետ: Ռիսկի խմբում են նաև գեր, սակավաշարժ մարդիկ: Այսօր այլևս կասկածի տակ չի առնվում այն փաստը, որ իսկապես էլ ֆիզիկական կանոնավոր վարժությունները մաքուր օդին ամրացնում են գլխուղեղի բջիջները:

Շաքարախտ.  սա ևս հիվանդության զարգացման պատճառներից է համարվում: Արյան մեջ շաքարի բարձր մակարդակն անդրադառնում է անոթների ու նյարդային բջիջների  վրա: Կարելի է առանձնացնել անոթային հիվանդություններով պայմանավորված ռիսկի  մի խումբ. արյան բարձր ճնշում, աթերոսկլերոզ, ծխելը, խոլեստերինի բարձր մակարդակը, լիպիդները: Վերջապես, էական գործոն է ընդունվող դեղորայքը: Տարեց մարդիկ տարբեր հիվանդությունների դեմ տարբեր դեղեր են ընդունում: Ու ստացվում է, որ մի հիվանդության դեմ ուղղված դեղամիջոցը հրահրում է մեկ այլ հիվանդություն:

Հիվանդության ախտորոշումը

Ցավոք, այս հիվանդությունը շատ դժվար է ախտորոշել, դա, որպես կանոն, կատարվում է միայն մնացած բոլոր հոգեկան խանգարումների բացառման ճանապարհով: Սակայն արժե նշել, որ ներկայումս կիրառվում է մի սարքավորում, որը հնարավորություն է   տալիս ուղեղի միջուկային մագնիսա-ռեզոնանսային  տոմոգրաֆիա կատարել: Դրա շնորհիվ ստացվում է  ուղեղի շատ հստակ եռաչափ պատկեր, ինչը հնարավորություն է տալիս 97% հավանականությամբ ախտորոշել հիվանդությունը:

Բուժումը

Չնայած այն հանգամանքին, որ հիվանդության ուսումնասիրման ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում, նունիսկ ճիշտ ախտորոշման դեպքում էլ Ալցհեյմերի հիվանդությունը բուժելը դժվարություն է ներկայացնում:  Կա դեղորայք, որը որոշ ժամանակով հետաձգում է   հիվանդության զարգացումը, բարելավում ուղեղի գործունեությունն ու որոշ հոգեկան ֆունկցիաներ: Արդյունավետ կլինի բուժումը, եթե այն սկսվի հիվանդության վաղ փուլում:

 

Դիտվել է 4788 անգամ:
Print Friendly

Leave a Reply