Տարին ավարտվում է, բայց ոչ քաղաքական առումով. առջևում ընտրություններ են

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | December 23, 2011 7:00

Հաշված օրեր անց 2011-ն այլևս ավարտված կլինի, սակայն, քաղաքական տարին կշարունակվի  ևս չորս ամիս և կավարտվի միայն մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո:

Իսկ թե տարեմուտին քաղաքական դաշտում ինչ ունենք, փորձեցինք ճշտել քաղաքագետներից:

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով` քաղաքական առումով 2011-ը հետաքրքիր էր: Ամենակարևոր ներքաղաքական իրադարձությունն այն էր, որ ՀԱԿ-ը և իշխանությունները փորձեցին որոշ կոնսենսուսի գալ, որը, ըստ Իսկանդարյանի, խորհրդարանական ընտրություններից առաջ խաղի որոշակի կանոններ մշակելու փորձ էր:

Երկրորդ կարևոր գործընթացը քաղաքական էլիտայի փոփոխությունն է, որը սկսվել է վաղուց ու դեռ շարունակվում է, սկսած արդարադատության նախարարի փոփոխությունից մինչև ԱԺ խոսնակի փոփոխությունը պատահական չէ. «Նպատակն է օլիգարխներին հեռու պահել քաղաքական որոշումներ կայացնելուց»:

Իշխանություն-ընդդիմություն քաղաքական երկխոսության արդյունքների մասին խոսելը, ըստ Իսկանդարյանի, դեռ վաղ է, քանի որ գործընթացը դեռ ընթացքի մեջ է. «Արդյունքները կերևան միայն մայիսյան ընտրություններից 2-3 շաբաթ անց»:

Քաղաքագետի կանխատեսումներով` ՀԱԿ-ը բավարար քվեներ կհավաքի ու կհամաձայնի աշխատել խորհրդարանում: Նրա կարծիքով, խորհրդարանում մանդատներ կունենան նաև ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն: Կանխատեսումները, սակայն, վերջնական չեն, քանի որ լավ կամ վատ քարոզարշավ իրականացնելու համար դեռ 4 ամիս ժամանակ կա: Իսկ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև տեղի ունեցողը, նրա խոսքով, պարզապես ներքին մրցակցություն է:

Ընտրություններից հետո, Իսկանդարյանի կարծիքով, բողոքի ցույցեր անպայման կլինեն, քանի որ քաղաքական մշակույթի է վերածվել փողոցից քաղաքականության վրա ազդելը. «Այլ հարց է, թե ինչ ծավալի կլինեն բողոքի ցույցերը և կկառավարվե՞ն արդյոք քաղաքական ուժերի կողմից»:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով, սակայն,  այս տարի ներքաղաքական դաշտում առաջընթացներ չեն եղել. «Օլիգարխիայի բացարձակ տիրապետություն է թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական դաշտերում, որը փակուղի է Հայաստանի համար»: Միակ դրական երևույթը, ըստ նրա, կայունության պահպանումն է:

Ընդդիմության և իշխանությունների միջև  բանակցությունները քաղաքագետը քիչ արդյունավետ է համարում. «Իշխանությունները շատ շրջահայաց դուրս եկան, ընդդիմությունն էլ չկարողացավ մեծ հաջողության հասնել, իմ կարծիքով, ՀԱԿ-ի առաջնորդի անձնական հատկանիշների պատճառով.  նա ուզեց  բոլոր դեպքերում միակ առաջնորդը լինել, ինչը նեղացրեց իրենց շրջանակները»:

ՀԱԿ-ին, սակայն, հաջողվել է մի բան` պահել որոշակի ընտրազանգված:

Անդրադառնալով առաջիկա ընտրություններին` Շիրինյանը նշում է, որ միջազգային առումով ընտրություններ կեղծելու համար պայմաններն անբարենպաստ են, մնում է, որ ներքին ուժերը ինքնակազմակերպվեն և արդար ընտրություններ անցկացնեն:

Արտաքին քաղաքականության ոլորտում ՀՀ-ՌԴ հարաբերությունները նույնն են, սակայն փոփոխություններ են տեղի ունենում Ռուսաստանում.  խորհրդարանական ընտրությունները դժգոհությունների տեղիք են տվել, առաջիկայում էլ նախագահական ընտրություններ են:

Անդրադառնալով ՌԴ-ում ընտրություններից հետո տեղի ունեցած բողոքի ակցիաներին` Իսկանդարյանը նշում է, որ Բոլոտնի հրապարակում տեղի ունեցածը փոքրածավալ հավաք էր, եթե հաշվի առնենք երկրի բնակչության թվաքանակը, որը նաև քաղաքական որևէ ուժի կողմից չէր ղեկավարվում. հավաքվածները գրողներ, հրապարակախոսներ, լրագրողներ էին:

Շիրինյանի կարծիքով էլ այս պարագայում դեմոկրատիան կամ ով կղեկավարի ՌԴ-ն երկրորդական է, կարևորն այն է, որ  Ռուսաստանի հետագա թուլացումը Հայաստանին ձեռնտու չէ, քանի որ կնշանակի թուրքական գործոնի հզորացում տարածաշրջանում:

Քաղաքագետները համակարծիք են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի առնչությամբ. այս տարի գործընթացում փաստացի փոփոխություններ չկան:

Իսկանդարյանը նշում է, որ փոփոխվել է միայն հռետորաբանությունը. Ադրբեջանի կողմից նվազել են ռազմական սպառնալիքները: Փոխարենը մի այլ միտում կա. բոլոր կողմերը հասկացել են, որ ԼՂ հակամարտության լուծումը երկար ժամանակ է պահանջում:

Իսկ Ադրբեջանի հայտարարությունը, թե ԼՂՀ սահմանին պատ է կառուցելու, վկայում է իրականության ընկալման մասին. «Եթե անգամ պատը չկառուցվի, սա պետական այրերի կողմից իրականության ընկալում է, որ ներկայիս սահմանը երկարաժամկետ է»: Հայկական կողմն էլ իր հերթին հայտարարել է Քարվաճառով դեպի ԼՂՀ երկրորդ մայրուղու կառուցման մասին:

«Արցախի հարցի շուրջ կա կայուն հավասարակշռություն, ինչը մեր նվաճումն է, խաղաղությունը պահպանվել է, ինչը կենսական է երկրի համար: Հայկական բանակի պոտենցիալը բավարար է Ադրբեջանին զուսպ պահելու համար:  Իսկ հարցի լուծումը երկարատև գործընթաց է, ուստի Արցախի հարցում խոշոր բեկում հաջորդ տարի էլ չեմ տեսնում,- ասում է Շիրինյանը:- Խաղաղ ժամանակը պետք է օգտագործենք պետությունը կառուցելու և զարգացնելու համար, ինչը չենք անում»:

2011-ին հայ-թուրքական հարաբերությունների ոլորտում  եղել են միայն 2010-ի արձանագրությունների արձագանքները, ոչ ավելին: Շիրինյանը նշում է, որ  Հայաստանը կա՛մ պետք է հզորանա, կա՛մ շատ ուժեղ դաշնակիցներ ունենա, որոնք կստիպեն Թուրքիային հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: Երկու գործոնն էլ բացակայում են, ուստի հայ-թուրքական հարաբերությունների հարցում բեկում չկա և դեռևս չի լինի:

Իսկանդարյանի կարծիքով էլ  2011-ին պետական մակարդակով  հայ-թուրքական հարաբերություններ` որպես այդպիսիք, գոյություն չեն ունեցել. «Կան քաղաքացիական հասարակությունների մակարդակով որոշակի կապեր, որոնք չեն կարող հանգեցնել պետական մակարդակով հարաբերությունների հաստատման: Սա քաղաքական հարց է, որ պետք է լուծի երկրի ղեկավարությունը»:

Իսկանդարյանը նշում է, որ այժմ Թուրքիան տարված է տարածաշրջանում տեղի ունեցող  գործընթացներով և Հայաստանի համար ժամանակ չունի. «Թուրքիայում, ըստ ամենայնի, կփոխվի սահմանադրությունը, Էրդողանն էլ կընտրվի երկրի նախագահ: Մինչ այդ ամենի կատարվելը հայ-թուրքական հարաբերություններից խոսելն անիմաստ է»:

 

Դիտվել է 976 անգամ:
Print Friendly

Leave a Reply