«Ձեզ համար` Քրիստոսի սուրբ ծնունդը շնորհավոր, ինձ համար` Նժդեհի…» Ա. Ավետիսյան

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | December 22, 2011 19:00

Հեթանոսական ժամանակներում հայերն Ամանորը տոնել են մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը` փառաբանելով բնության զարթոնքը և աստվածներից խնդրելով բերքառատ  ու հաջող տարի: Հայաստանում այսօր նախնիների ավանդույթները շարունակում են ժամանակակից հայ հեթանոսները` չանտեսելով նաև քրիստոնեական Նոր տարին:

Հայ արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի խոսքով` իրենք ևս հանրության մի մասն են և չեն կարող անտեսել այս տոնը: « Որևէ հայ հեթանոսի կողմից քրիստոնեական այս տոնի մերժումը պարզապես բռիություն է,- կարծում է նա,-որովհետև չի կարելի ապրել մի հանրության մեջ և, կներեք, թքել այդ հանրության վրա»:

Այդ օրը նրանք հյուր էլ են գնում, հյուր էլ են ընդունում, կենացներ ու շնորհավորանքներ էլ են ասում, սակայն որոշ վերապահումներով: Ավետիսյանը պարզաբանում է, որ հունվարի 1-ը երջանիկ զուգադիպությամբ Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է,  իրենք էլ առիթը բաց չեն թողնում և տոնական մթնոլորտն օգտագործում են` շնորհավորելու մեծն Նժդեհին. «Ես 3 աղջիկ ունեմ, որոնք օծված հեթանոսներ են: Նրանց փոքրուց բացատրել եմ, որ ընկերների հետ կարող են նշել Նոր տարին, գնալ նրանց տուն, բայց նաև ասել եմ, որ եթե ընկերներով մեր տանն են հավաքվում, հիշեցնեն նրանց, որ հունվարի 1-ը Նժդեհի ծննդյան օրն է: Իսկ երբ իմ քրիստոնյա ընկերները, բարեկամներն ու հարևաններն այդ օրերին գալիս են մեր տուն և ասում` շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, ես պատասխանում եմ. «Ձեզ համար` Քրիստոսի սուրբ ծնունդը շնորհավոր, ինձ համար` Նժդեհի»:

Հայ հեթանոսներն այդ օրերին տոնածառ էլ են դնում, քանի որ դա չեն համարում զուտ քրիստոնեական ավանդույթ: «Մեր տոնածառին սովորական խաղալիքների կողքին կախում  ենք նաև հեթանոսական խորհրդանիշ ունեցող խաղալիքներ` արևի, կեռխաչերի, անգամ Գառնու տաճարի տեսքով»,-ասում է Ավետիսյանը:

Հետաքրքիր մի զուգադիպություն ևս կա: Քրիստոնյա հայերը հունվարի 13-ի գիշերը նշում են հին Նոր տարին, իսկ հայ հեթանոսներն այդ օրն օգտագործում են` հիշելու  Նժդեհի Ցեղակրոնության հռչակման օրը:

Հայ հեթանոսները դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը տոնում են մի կարևոր օր` ձմեռային արևադարձը, որը խորհրդանշում է լույսի և արեգակի աստված Միհրի ծնունդը: Այդ օրը բնությունը դուրս է գալիս ձմեռային խորը քնից և գնում դեպի բնության վերածնունդ ու ջերմացում: Հայ արիական միաբանության անդամներն ու քրմի թեկնածուներն այս տարի արևադարձը նշելու են դեկտեմբերի 23-ին` Էլար-Դարանում` Աբովյանում գտնվող մի պատմական տարածքում, որտեղ հնում հեթանոսական տաճար է եղել: Ի դեպ, հայ արիները հեթանոսական ծեսերն ու տոները միշտ անց են կացնում հայկական հին հուշարձանների մոտ`  Գառնիում, Զվարթնոցում, Վահագն աստծո, Հայկ Նահապետի, Սասունցի Դավթի արձանների մոտ, Քարահունջում, Նժդեհի վերաթաղված մասունքների մոտ և այլն: Միաբանության առաջնորդը նշում է, որ այդ վայրերում տիեզերական մեծ էներգիա կա, և հատկապես բնության կարևոր փուլերի ժամանակ, ինչպիսին է նաև ձմեռային արևադարձը, տիեզերքի դարպասները կարծես բացվում են, և յուրաքանչյուրն իր ցանկությունը կարողանում է հասցնել բարձրյալին:

Այդ օրը կրակ են վառում, ծիսական արարողություններ կատարում, ձոներ ասում, որից հետո սեղանի շուրջ շարունակում են տոնը:

Ի դեպ Ավետիսյանը համոզված է, որ կաթոլիկները պատահական չեն Սուրբ Ծնունդը տոնում դեկտեմբերի 25-ին: «Նրանք հասկանում են, որ բնությանը չեն կարող հակադրվել,- ասում է նա,- այդ օրն ավելի մոտ է արևադարձին, և տիեզերքի դարպասները բաց են, պատահական չէ նաև, որ կաթոլիկներն իրենց եկեղեցիները կառուցել են հեթանոսական տաճարների հիմքերի վրա` հասկանալով, որ այնտեղ էներգետիկ մեծ դաշտ կա»:

Նշենք, որ ըստ գիտական տեսակետի` կաթոլիկ եկեղեցին, IV  դարից սկսած, Քրիստոսի ծնունդը նշում է դեկտեմբերի 25-ին, որպեսզի մոռացության տա դրանից մի քանի օր առաջ նշվող գիշերահավասարի տոնը և միաձուլի այն քրիստոնեական տոնին: «Այդ օրը բոլոր յոթ բնական ազգերը տոնում են արևադարձի օրը,- ասում է Արմեն Ավետիսյանը` հիշեցնելով, թե որոնք են այդ ազգերը` հայեր, հույներ, հրեաներ, պարսիկներ, շեղաչյաներ (ճապոնացիներ, չինացիներ), հնդիկներ և եգիպտացիներ,- բոլորն այդ օրը կրակ են վառում, որը ոչ թե կրակապաշտություն է, այլ արևապաշտություն, քանի որ կրակը արեգակի երկրային պատկերն է խորհրդանշում: Սակայն տարբեր ազգեր տարբեր աստվածներ ունեն, հետևաբար փառաբանման ոճը կարող է տարբեր լինել: Մի բան նույնն է` բոլորը փառաբանում են Արարչին»:

Արմեն Ավետիսյանն իր քրիստոնյա եղբայրներին ու քույրերին Ամանորի կապակցությամբ համերաշխության կոչ է անում: « Մենք բոլորս հայ ենք և ինչ որ կանք, դա ենք, ուրիշ հայ ազգ չենք կարող ստեղծել,- ասում է նա,- մեր գենետիկ կոդը նույնն է` անկախ նրանից` քրիստոնյա ենք, թե հեթանոս»: Ավետիսյանը հիշեցնում է, որ Հայաստանում բացվեց ողնուղեղի դոնորական կենտրոն, և ողջ աշխարհին հայտնի դարձավ, որ աշխարհի բոլոր ազգերին ողնուղեղի դոնոր կարող են լինել միայն հայերը: «Ինչպես առաջին կարգի արյունը, որը բոլորին տալիս է, բայց միայն իր կարգից է վերցնում, այնպես էլ հայկական ողնուղեղը բոլորին տալիս է, բայց միայն հայկականից է վերցնում,- ասում է նա,- դա նշանակում է, որ հայերն արմատն են: Եվ ասել գենետիկ կոդ` հաշվի առնելով ոչ թե դա, այլ կրոնական, կուսակցական կամ այլ պատկանելությունը, ուղղակի ծիծաղելի է»:

 

Դիտվել է 2167 անգամ:
Print Friendly

Leave a Reply