Այսօր անկախության տոնն է. անկախ Հայաստանն արդեն չափահաս է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 21, 2009 12:26

0

Այսօր լրացավ անկախ Հայաստանի 18-րդ ամյակը:

1991 թ. սեպտեմբերի 21-ին  հայ ժողովուրդը քվեարկեց հանուն Հայաստանի անկախության: Այդ օրը Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց ԽՍՀՄ-ից անկախանալու և անկախ պետություն ստեղծելու մասին:

Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող բնակչության 94,39% տոկոսն անկախությանն ասաց «այո»: Գերագույն խորհուրդը 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրաքվեի արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն` հիմք ընդունելով «Անկախության մասին հռչակագիրը»:

Անկախության օրվա հետ կապված այսօր առավոտյան Եռաբլուր է այցելել նախագահ Սերժ Սարգսյանը: Նրան ուղեկցել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և  այլք:

Իսկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ուղերձում նշել է, որ Հայաստանի անկախ պետականության վերակերտումը մեր ժողովրդի` 20-րդ դարավերջի ամենամեծ նվաճումն է:

«Այս տասնութ տարիների ընթացքում մենք կարողացել ենք պաշտպանել մեր երկիրը, կայացնել զինված ուժերը, պետական համակարգը, վերականգնել տնտեսությունը, շունչ հաղորդել մեր մշակույթին, կրթությանը, առողջապահությանը: Ժողովրդի հավաքական գիտակցության մեջ հասունացել է պետականության գաղափարը, ստեղծվել ազգային ինքնագիտակցությանը, պետության կայացմանը նպաստող առողջ մթնոլորտ. նոր սերունդն այլևս ձերբազատված է թերարժեքության բարդույթից, և սա մեր ամենամեծ նվաճումներից մեկն է»,-ասել է Օհանյանը:

Հայաստանի Հանրապետության անկախության 18-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ են հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբաման, բազմաթիվ այլ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, անհատ քաղաքացիներ:

Դիտվել է 2490 անգամ:
Print Friendly

Leave a Reply