Խոզի բուդը ավանդական հայկական կերակրատեսակ չէ. Սեդրակ Մամուլյան

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 22, 2011 13:51

«Ավանդաբար հայկական սեղանների վրա դրվել է շատ մրգեղեն, չրեղեն, չրեղենից պատրաստված կերակրատեսակներ, պասուց տոլմա, սեղանի զարդը եղել է տարեհացը, որի մեջ դրված է եղել հաջողության հատիկը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը` խոսելով հայկական ավանդական ամանորյա կերակրատեսակների մասին:

Նրա խոսքով` ավանդաբար սեղանին դրվել է նաև հաճարով և հոնի չրով լցոնած հավը և հնդկահավը, սակայն խոհարարը վստահեցնում է, որ մեծ կտորով ճոխ մսեղեն չի դրվել ավանդական հայկական սեղաններին:

Սեդրակ Մամուլյանը նշեց, որ շատ ավելի հետաքրքիր է, երբ այցելում ես որևէ տուն ու տեսնում ես ավանդական սեղան, քանի որ կերակրատեսակը արժեքավոր է ոչ թե օտարամոլ բաղադրությամբ կամ թանկ գներով, այլ մեր բնաշխարհին բնորոշ կերակրատեսակներով:

«Տեսնեիք ինչ հիանալի ու համեղ էր, երբ մենք վերցրեցինք ավանդական փոխինձը, գնդիկների ձևով տեղադրեցինք ծիրանի չրի մեջ, վրան լցնելով դոշաբ»,- ասաց խոհարարը` հավելելով, որ խոզի բուդը ավանդական հայկական կերակրատեսակ չէ, այլ խորհրդային ժամանակներից է եկել:

Սեդրակ Մամուլյանը նշեց, որ հայկական խոհանոցից դուրս են մնացել այնպիսի ավանդական կերակրատեսակներ, ինչպիսիք են քաշիկան, հարիսան և շիլան: Քաշիկան պատրաստվում է կավե ամանի մեջ ու ջերմային մշակման ենթարկվում թոնրի մեջ:
Ասուլիսին ներկա ազգագրագետ Գոհար Ստեփանյանն էլ ասաց, որ Նոր Տարին ավելի շատ ընտանեկան տոն է, որը ենթադրում է տոնական ուտեստների պատրաստում, տան մաքրում, նորոգում ու զարդարում, և շնորհավորական այցելություններ, որի մեջ մտնում են ավետիս անող շրջիկ երեխաներ, սովորական բարեկամական այցելություններ:

« Ուտեստը խորհրդանշական լիցք է ունեցել ավանդաբար: Բացի ավանդական տարեհացից, կերել են նաև ասիլներ` փոքր հացիկներ, որոնք խորհրդանշում էին առատություն, բնություն, աշխարհի արարում»,- ասաց ազգագրագետը:

Նրա խոսքով` Ամանորյա տոների առանցքային տարրերից էր նաև գուշակությունը, հատկապես հացի և հատիկների միջոցով գուշակությունը:

Tert.am

 

Դիտվել է 1337 անգամ:
Print Friendly

Leave a Reply