«Հայաստան» համահայկական հիմնադրամի մոսկովյան ճաշկերույթի արդյունքը` ավելի քան 18 միլիոն ԱՄՆ դոլար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 22, 2011 10:55

Ս.թ. դեկտեմբերի 21-ին Մոսկվայի  «Ռենեսանս Մոնարխ» հյուրանոցում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2011 թվականի բարեգործական ճաշկերույթը, որին մասնակցում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը,  Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տ.Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը եւ շուրջ 70 հայազգի գործարար:

Ճաշկերույթը գրանցեց 18 միլիոն 635 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվության խոստում: Ամենախոշոր նվիրատվությունը` 11 միլիոն ԱՄՆ դոլար, կատարեց  Էդուարդո Էռնեկյանը, ում անունից հանդես եկավ նրա ներկայացուցիչ Բեկոր Փափազյանը: Նվիրատվությունը կուղղվի Արցախում գյուղատնտեսության, կրթության եւ զբոսաշրջության ոլորտների զարգացմանը: Երկրորդ խոշոր նվիրատուն` Սերգեյ Սարկիսովը, խոստացավ նվիրաբերել 3 միլիոն ԱՄՆ դոլար, որը կուղղվի Ստեփանակերտում հանրակրթական դպրոցի ամբողջական վերակառուցմանը: Ճաշկերույթի խոշոր նվիրատուներից են Սամվել Կարապետյանը`  1 միլիոն ԱՄՆ դոլար, Ռոբերտ Հովհաննիսյանը`  500 հազար ԱՄՆ դոլար, Լեւոն Հայրապետյանը`  500 հազար ԱՄՆ դոլար:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի խոսքով` աշխարհի ողջ հայությունը եւս մեկ անգամ ապացուցեց, որ միասնության մեջ է հայի ուժը: «Հիմնադրամի անունից շնորհակալություն եմ հայտնում բոլոր նվիրատուներին: Ձեր շնորհիվ է, որ վաղը մենք կունենանք այլ Հայաստան եւ այլ Արցախ», ասում է գործադիր տնօրենը:

Մոսկովյան ճաշկերույթով ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք 2011-ը, որը արձանագրեց 30 միլիոն 921 հազար 478  ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում:

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

 

Դիտվել է 753 անգամ:
Print Friendly

Leave a Reply