2011-ին արվածն ու չարվածը` ըստ Կապի և տրանսպորտի նախարարի

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 21, 2011 18:18

Տրանսպորտի և կապի նախարար մանուկ Վարդանյանն այսօր ամփոփեց 2011-ը` ներկայացնելով արված գործերը, ոլորտում առկա խնդիրները:

Նախարարը նշեց, որ այս տարի երկաթուղային տրանսպորտի ոլորտում կոնցեսիոն պարտավորություններն ամբողջությամբ կատարվել են , ներդրումները 13,4 մլրդ դրամի են հասել, որի հիմնական մասն ուղղվել է  արագության բարձրացմանը և ենթակառուցվածքների անվտանգության բարձրացմանը:  Բացի այդ, ներդրվել է էլէկտրոնային համակարգ, ինչն առաջիկա տարում համացանցի միջոցով տոմսեր պատվիրելու հնարավորություն կտա քաղաքացիներին:

Այս տարի 6,2 տոկոսով աճել է երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը և կազմել 3252 հազար տոննա, այդ թվում արտահանվող բեռների ծավալն աճել է 30,9 տոկոսով, իսկ ներհանրապետական փոխադրումներինը` 12,2 տոկոսով, ներկրվող բեռների ծավալը նվազել է 5,2 տոկոսով:

Փոստային համակարգում, ըստ Վադանյանի, հարկավոր է փոխել կառավարման մոդելը: Չնայած հանրապետությունում գործում են 103 փոստային բաժանմունքներ, սակայն ընկերության աշխատանքից դժգոհություններ կան:

Վարդանյանը նշում է, որ փոստը հիմնականում սոցիալական բնույթի ծառայություններ է մատուցում և այս պարագայում նախընտրելի է վարձակալ կամ կոնցեսիոներ ընկերությանը հանձնել ոլորտը: Նրա խոսքով, շահագրգռված են նույն ընկերության մասնակցությամբ իրականացնել կառավարման նոր մոդելը, բայց եթե վերջինս հրաժարվի, այլ ընկերության կվստահեն գործը. առաջիկա 6 ամիսների ընթացքում կներկայացվի նոր պայմանագիրը:

Ընթացիկ տարում իրականացվել են  4 մլրդ դրամի ճանապարհաշինարարական աշխատանքներ` հիմնանորոգվել է 62 կմ ավտոճանապարհ և  6 տրանսպորտային օբյեկտներ:

Նախարարը նշում է, որ բարելավվել է ճանապարհների պահպանության ու մաքրման գործընթացը,  ձմռանը փակ ճանապարհներ գրեթե չեն լինում.  «Եղած ֆինանսական միջոցները լիարժեք չեն բավարարում, բայց եղածի սահմաններում փորձել ենք պահպանել ճանապարհները»:

ՀԲ ֆինանսավորմամբ ձեռք է բերվել նաև հատուկ սարքավորում` դեֆլեկտոմետր, որը հնարավորություն կտա արդյունավետ վերահսկել ճանապարհաշինության որակը:

Անդրադառնալով սողանքային երևույթներին, Վարդանյանը նշում է, որ ֆիննասական միջոցների բացակայության պատճառով հանրապետությունում ճանապարհների լիարժեք ուսումնասիրություն չի իրականացվել, բայց դրա անհրաժեշտությունը զգացվում է:  Արդեն սկսվել է թունելների վիճակի ուսումնասիրությունը:

2011թ-ին տրասպորտի ոլորտում արձանագրվել է 4900 վարչական իրավախախտում, նախորդ տարվա 3700-ի դիմաց, որի արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել 34,5 մլն դրամ, նախորդ տարվա 23.0 մլն դրամի դիմաց:

Պարզեցվել և ազատականացվել է տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործընթացը, ինչը նշանակում է, որ այսուհետ քաղաքացին  կարող է իրեն  պատկանող տրանսպորտային միջոցները տեխնիկական զննության ներկայացնել ցանկացած տեխնիկական զննման գործունեության կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպության կայանում:

Բացի այդ, ազատականացվել է տեխնիկական զննություն իրականացնող կայանների գործունեության կազմակերպման լիցենզավորման գործընթացը, այսինքն այն կազմակերպությունները, որոնք ունեն տեխնիկական զննություն իրականացնելու անհրաժեշտ տեխնիկական միջոցներ ,  կարող են ստանալ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն իրականացնելու լիցենզիա, առանց նախկինում սահմանված մրցույթի:

 

 

Դիտվել է 1128 անգամ:
Print Friendly

Leave a Reply