Կինոաշխարհն այսուհետ ամսաթերթի էջերում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 21, 2011 16:12

Դեկտեմբերի 21-ին Գոլդեն Թյուլիփ հյուրանոցում Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ կայացավ «Կինոաշխարհ» կինոյի մասնագիտացված ամենամսյա պարբերականի շնորհանդեսը: Վերջին 20 տարիներին հայտնի փոխակերպումների հետևանքով հայ հասարակությունը զրկվեց արդի հայ կինոարտադրության մասին լիարժեք պատկերացում ունենալու հնարավորությունից: Փակվեցին ինչպես կինոթատրոնները, այնպես էլ կինոաշխարհի մասին լիարժեք տեղեկություններ տրամադրող պարբերականները: Այդ ամենը հանգեցրեց այն բանին, որ մեր հասարակության մեջ հատուկենտ են մարդիկ, ովքեր տեղյակ են, թե ինչ է կատարվում կինոյի ոլորտում, ինչ ձեռքբերումներ և խնդիրներ կան:

Ներկայիս պարբերականնեն ու թերթերը ոչ լիարժեք են լուսաբանում կինոոլորտին առնչվող թեմաները:Կինոյի ոլորտը լուսաբանող լրատվամիջոցների բացն ակնհայտ է և ահա Հայաստանի ազգային կինոկենտրոնը` նախաձեռնելով «Կինոաշխարհ» ամսաթերթի հրապարակումը, ստանձնում է այդ բացը լրացնելու գործը:

Ամսաթերթի նպատակն է նպաստել համաշխարհային կինոյի, արդի հայ կինոյի քաղաքականության, կինոարտադրության ու տարածման հաստատությունների գործունեության մասին գիտելիքների տարածմանը և կինոարտադրության զարգացմանը:

Թերթն իր առջև խնդիր է դրել հանրությանը տեղեկատվություն մատուցել թե՛ հայ, թե՛ արտերկրի կինոյի անցյալի ու ներկայում տեղի ունեցող գործընթացների մասին:

Շնորհանդեսին հաջորդեց մամուլի ասուլիսը, որի ժամանակ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը ամփոփեց 2011թ. ընթացքում կատարված աշխատանքները և ներկայացրեց 2012թ. սպասվելիք նախագծերի իրականացման ծրագիրը:

2011թ. կինոկենտրոնը նկարահանել է խաղարկային 5 լիամետրաժ և 10 կարճամետրաժ ֆիլմեր, վավերագրական 4 և մուլտիպլիկացիոն 2 ֆիլմեր, իսկ ահա 2012թ. կներկայացվի 6 լիամետրաժ խաղարկային ֆիլմ:

Կինոկենտրոնը մի շարք երկրներում ունի իր կինոտաղավարները, ինչն էլ նպաստում է արտասահմանյան կինոընկերությունների հետ համագործակցությանը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնը արդեն երրորդ անգամ մասնակցել է Կաննի կինոշուկային և վերադարձել շոշափելի արդյունքներով: Բացի այս, Ազգային կինոկենտրոնը 2011թ. մասնակցել է նաև Մոսկավայի և Բեռլինի կինոշուկաներին:

2011թ. հոկտեմբերին երրորդ անգամ անցկացվեց  «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս նախագիծը, որը նվիրված էր ՀՀ 20-րդ անկախության տարեդարձին: Այն մեկնարկեց Սյունիքի մարզից և եզրափակվեց մայրաքաղաքում:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի  պատասխանատուների ջանքերով սկսվել է նաև մեկ այլ նախագիծ` Ազգային կինոյի մրցանակաբաշխության աշխատանքները: Արդեն ընտրվել է մրցանակաբաշխության մրցանակը և գալիք հունվարին այն կներկայացվի հանրությանը: Ձևավորվել է մրցանակաբաշխության ժյուրիի կազմը, որը գլխավորելու է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը: Ավարտվել է ֆիլմերի հայտերի ընդունման ժամկետը և ժյուրին շուտով կսկսի իր աշխատանքը: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 15-20-ն ընկած հատվածում:

 

Լուսինե Ասատրյան

Դիտվել է 946 անգամ:
Print Friendly

Leave a Reply