Ծխելը, արյան բարձր ճնշումն ու խոլեստերինի բարձր մակարդակը կարճեցնում են կյանքը 10 տարով

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | September 21, 2009 13:53

Միջին տարիքի ծխող տղամարդիկ, որոնք ունեն բարձր արյան ճնշում ու խոլեստերինի բարձր մակարդակ, իրենց հասակակիցներից 10 տարի շուտ են մահանում:

Օքսֆորդի համալսարանի հետազոտողների խումբը Մեծ Բրիտանիայում  40-69 տարեկան 19,000 քաղաքացիների  շրջանում սկսել է ուսումնասիրություն անցկացնել 1967 թ.-ից: Մասնակիցներից վերցվել են արյան, թոքերի, ճնշման ու արյան մեջ գլյուկոզայի չափաքանակի մասին տվյալներ: Մասնակիցները լրացրել են նաև հարցաթերթիկներ` իրենց ծխելու սովորության, սոցիալական կարգավիճակի ու ընտանեկան դրության մասին հարցերով:

Հարցվածների 42 տոկոսը մշտապես ծխել են, 39 տոկոսն ունեցել են արյան բարձր ճնշում, իսկ 51 տոկոսը` խոլեստերինի բարձր չափաբաժին: Շուրջ 40 տարի ուսումնասիրող խումբը հետևել է նրանց և պարզել, որ  2005թ.-ի դրությամբ նրանցից 13.501-ն արդեն մահացել էին:

«BBC»-ի տվյալներով` Բրիտանիայի 35-49 տարեկան տղամարդկանց 26 և կանանց 25 տոկոսը ծխում են: Իսկ 45-54 տարեկան տղամարդկանց 74 ու կանանց 78 տոկոսն ունեն խոլեստերինի բարձր մակարդակ:

Օքսֆորդի համալարանի աշխատակիցները կենտրոնացել են ծխելու, արյան բարձր ճնշման, խոլեստերինի բարձր մակարդակի վրա, որովհետև դրանք են սրտանոթային հիվանդությունների գլխավոր պատճառները:

Ուսումնասիրությունը ղեկավարել է համալսարանի կլինիկական փորձագիտական միության անդամ Ռոբերտ Քլերկը:

«Մենք ցույց տվեցինք, որ 50 տարեկան տղամարդիկ, որոնք ծխում են և ունեն բարձր ճնշում ու խոլեստերինի բարձր մակարդակ, կարող են ապրել միայն մինչև 74 տարեկանը, մինչդեռ մյուս տղամարդիկ, որոնք չունեն ռիսկի այդ գործոնները, ապրում են մինչև 83 տարեկան»,-ասում է Քլերկը:

Բրիտանիայի Սրտաբանական կազմակերպության ղեկավար պրոֆեսոր Փիթեր Ուեիսբերգն ասում է, որ այս հետազոտությունը պարզ ցույց է տալիս, թե ինչպես են այդ երեք բաղադրիչները կարճեցնում մարդու կյանքը: «Լավ նորություն է այն, որ մենք 50 տարեկան հասակում էլ կարող ենք երկարացնել մեր կյանքը. թարգելով ծխելը` մենք կխուսափենք սրտային հիվանդություններից»,-ասում է նա:

Մեծ Բրիտանիայի Հասարակական առողջության դեպարտամենտի նախագահ Ալան Մարիոն-Դեվիսն ասում է, որ սովորաբար աղքատ մարդիկ ավելի շատ են ծխում, չեն օգտագործում առողջ սննդակարգ ու ավելի հաճախ են ընկնում սոցիալ-հոգեբանական սթրեսի ազդեցության տակ: «Այս ամենը մեծացնում է սրտային հիվանդույթունների հավանականությունը. այս մարդիկ ամենաշատն ունեն մեր օգնության կարիքը»,-ասել է նա:

Դիտվել է 1962 անգամ:
Print Friendly

Leave a Reply